Փոքր թանգարան՝ մեծ սենյակում. «Գրանդ Հոթել Երևանում» բացվել է «Արամ Խաչատրյան» համարը

Փոքր թանգարան՝ մեծ սենյակում. «Գրանդ Հոթել Երևանում» բացվել է «Արամ Խաչատրյան» համարը

PanARMENIAN.Net - Արամ Խաչատրյանի շունչը և մեղեդին այսուհետ կթևածեն նաև «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում: Հունիսի 15-ին հյուրանոցի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի միջև գործակցության արդյունքում Ձմեռային այգում տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան» համարի պաշտոնական բացումը:

Սա «Գրանդ Հոթել Երևանի» սենյակներն անվանակոչելու խորհրդանշական ծրագրի հինգերորդ նախագիծն է: Հյուրերին մեծանուն կոմպոզիտորի մասին կհիշեցնեն ոչ միայն նրա ստեղծած երաժշտությունը, այլև այն միջավայրը, որը ստեղծված է Արամ Խաչատրյանի անունը կրող համարում:

Հյուրանոցի տնօրեն Նիկոլա Մանդոլլինին նկատում է՝ սա թանգարան է, որտեղ կարելի է ապրել: Նախագիծը հաջողված է առաջին հերթին այցելուների դրական արձագանքի և վառ տպավորությունների շնորհիվ:

«Մենք մեր հյուրերին հնարավորություն ենք տալիս ապրել մեծ սենյակում, որը փոքր թանգարան է: Սա առաջին հերթին հյուրանոցի հարուստ ժառանգությունը պահպանելու և անվանի հյուրերի մասին հուշերը վառ պահելու նպատակ ունի», - ընդգծեց Մանդոլլինին:

Համարի յուրաքանչյուր մասնիկ մանրամասն մտածված է, որպեսզի այցելուները բարձրակարգ հանգիստ վայելելուց բացի կարողանան նաև վայելել վինիլային նվագարկիչով երաժշտությունը, զգալ կոմպոզիտորի ներկայությունը և նրա արվեստով լցված միջավայրը: Այս ամենը «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցը ստեղծել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ սերտ գործակցությամբ:

«Մենք այցելեցինք թանգարան, համաձայնության եկանք և սկսվեց գործակցությունը: Ամեն բան արել ենք, որպեսզի փոխանցենք թանգարանի միջավայրը և տրամադրությունը: Ցանկանում էինք ստանալ մի միջավայր, որտեղ հյուրերը կստանային նույն ապրումներն ու զգացումները, որոնք ստանում են թանգարան այցելելիս», - նշեց Մանդոլլինին:

Գաղափարից մինչև իրագործում ճանապարհը մի քանի ամիս է տևել: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանն ընդգծում է, որ գաղափարը միանգամից հավանել են և սկսել են երկարատև քննարկումներն ու աշխատանքները, որպեսզի կարողանան լավագույնս ներկայացնել մեծանուն կոմպոզիտորին:

«Մի կողմից դժվար է մեծ մաեստրոյին ներկայացնել մեկ սենյակի միջոցով, մյուս` հեշտ է, որովհետև կան նրա կախարդական հնչյունները, որոնք QR կոդերի միջոցով փորձեցինք ներկայացնել: Ամեն մի պաստառի և լուսանկարի կողքին նաև տեղադրված է երաժշտական մի հատված: Այսինքն Խաչատրյանական ոգին և երաժշտությունը համահունչ զետեղված են այս սենյակում», - նշեց Գրիգորյանը:

1935 թվականին Արամ Խաչատրյանը «Պեպո» ֆիլմի երաժշտությունը ստեղծել է հենց «Երևան» հյուրանոցում: Երբ մաեստրոն կրկին ժամանել էր Երևան` «Զանգեզուր» ֆիլմի երաժշտությունը գրելու, 1937-ի նոյեմբերի 19-ին ազգականներին ուղղված իր նամակում նշել է, որ ինքը և կինը՝ կոմպոզիտոր Նինա Մակարովան բնակվում են «Երևան» հյուրանոցի շատ հարմարավետ երկսենյականոց համարում, որտեղ ռոյալ կա և հիանալի պայմաններ՝ ստեղծագործելու և հյուրեր ընդունելու համար:

«Պեպո» ֆիլմի համար գրված երաժշտության օրիգինալ ձեռագիրը տուն-թանգարանի հավաքածուում է, կրկնօրինակը ներկայացրել ենք այս սենյակում: Կան պատմություններ, որոնք կապված են Խաչատրյանի հանգրվանման հետ այս հյուրանոցում դեռ երեսունական թվականներին, երբ նա այցելում էր Հայաստան, հյուրընկալվում էր այս հրաշալի հյուրանոց, և դրա մասին են վկայում բազմաթիվ գրառումներ, որոնք պահպանվում են թանգարանի արխիվում», - նշեց է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենը:

«Երևան» հյուրանոցը կառուցվել է 1926-1928 թվականներին՝ Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով: Բացման օրվանից հյուրանոցը հյուրընկալել է Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերի, հայտնի արվեստագետների: Հենց այդ պատճառով էլ հյուրանոցն առավելապես հայտնի է եղել մշտական բնակիչներ ունենալու ավանդույթով: Այստեղ ապրել և ստեղծագործել են հայ մշակույթի և գիտության ամենանշանավոր ներկայացուցիչներ Եղիշե Չարենցը, Երվանդ Քոչարը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Ավետիք Իսահակյանը, Վահրամ Փափազյանը, Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին, Փանոս Թերլեմեզյանը, Վիկտոր Համբարձումյանը, Ալիխանյան եղբայրները և այլք:

2016 թվականից հյուրանոցում գործում են Եղիշե Չարենցի, Երվանդ Քոչարի, Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի անունով կոչված բարձր դասի լյուքս համարներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---