211652_close_icon
views-count8444 դիտում article-date 22:43 23-11-2017

Հայաստանը բազմազան կլիմա ունի, որտեղ հնարավոր է գրեթե ամեն ինչ աճեցնել. ՀՀ գյուղնախարարը՝ ֆրանսիական «ՄԱՆ» ընկերության պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ֆրանսիական «Ման» ընկերության պատվիրակությանը` համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: Ընկերությունը շուրջ 150 տարվա պատմություն ունի եթերայուղերի արտադրության ոլորտում, և համագործակցում է դեղագործական և կոսմետիկայի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների հետ: Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործարար կապերի ամրապնդումն ու աշխուժացումը` գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով: «Հայաստանը շատ բազմազան կլիմա ունի, որտեղ հնարավոր է գրեթե ամեն ինչ աճեցնել: Եթերատու բույսերի մշակությունը նոր սկիզբ առնող, նշմարվող ոլորտ է մեզանում, ունենք փոքր արտադրություններ, որոնք բարձր որակի արտադրանք են թողարկում»,- մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը: Ընկերության գիտական գծով փոխտնօրեն Սիրիլ Մահեյմը նշել է, որ Հայաստանն իրենց համար հետաքրքրիր երկիր է` շնորհիվ բնակլիմայական պայմանների և հարուստ կենսաբազմազանության, մասնավորապես տեղական էնդեմիկ եթերատու մշակաբույսերի ուսումնասիրության տեսանկյունից, օրինակ` ռեհանի, անանուխի, եղեսպակի և այլն: Նրա խոսքով` այցն ունի ճանաչողական բնույթ, և այժմ իրենք հանդիպումներ են ունենում տարբեր ընկերությունների և կառույցների հետ, ինչպես նաև ուսումնասիրում են տարբեր տարածաշրջաններում առանձին մշակաբույսերի աճեցման նպատակահարմարությունը: Կողմերը պայմանավորվել են առաջիկայում փորձնական աճեցնել որոշ մշակաբույսեր, գնահատել դրանց արդյունավետությունը, կենսաքիմիական բաղադրությունը, որակական հատկանիշները և հաջողության դեպքում` ներկայացնել բիզնես-ծրագիր` համագործակցության կոնկրետ հարցերը քննարկելու նպատակով: Նախարար Առաքելյանն ընդգծել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել և կողջունի միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական կազմակերպության մուտքը հայաստանյան շուկա:

Նմանատիպ նյութեր