Արցախի ԱԺ․ ՀՀ ղեկավարության ոչ համարժեք արձագանքը սխալ ազդանշան է Ալիևի համար

Արցախի ԱԺ․ ՀՀ ղեկավարության ոչ համարժեք արձագանքը սխալ ազդանշան է Ալիևի համար

PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական ու ագրեսիվ պահվածքը և նշելով, որ ՀՀ ղեկավարության ոչ համարժեք արձագանքը սխալ ազդանշան է դարձել Ադրբեջանի ղեկավարի համար։

ԱԺ-ն նաև կոչ է անում Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության չեզոքացման և այդ երկրի պատասխանատուներին միջազգային իրավունքի դաշտ վերադարձնելու համար։

Նշվում է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը Արցախի Հանրապետության և ՀՀ սահմաններին պարբերաբար լարված իրավիճակ է ստեղծում՝ հիմնականում թիրախավորելով հայկական երկու հանրապետությունների խաղաղ բնակչությանը:

«Վերջին օրերին ավելի հաճախակի դարձած այդօրինակ սադրանքները վկայում են, որ Ադրբեջանը չի հրաժարվել տասնամյակներ շարունակ վարած հայատյաց քաղաքականությունից, ինչը կասկածի տակ է դնում խաղաղության օրակարգերի շուրջ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության՝ միջազգային կառույցների համար երբեմն հնչեցվող հայտարարությունների անկեղծությունը:

2020թ. աշնանը Արցախի ժողովրդի դեմ Թուրքիայի ու միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ սանձազերծված և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով ուղեկցված ադրբեջանական ագրեսիան, չնայած Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղարար ջանքերի, շարունակվում է այլ մեթոդներով, և այդ ամենը պարբերաբար բորբոքվում է Ադրբեջանի ղեկավարի կողմից մշտապես հնչեցվող սպառնալիքներով, մասնավորապես կասկածի տակ դնելով ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող միջանցքի անվտանգությունը:

ՀՀ ղեկավարության, միջազգային կառույցների ու ազդեցիկ երկրների կողմից այդ ամենի անտեսումն ու համարժեք արձագանքների բացակայությունը սխալ ազդանշան են դարձել հարևան երկրի ղեկավարի համար, ով, մոռացության տալով եվրոպական հեղինակավոր կառույցներին անդամակցելիս իր երկրի կողմից ստանձնած պարտավորությունները, հիմա էլ հավակնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրներից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից կազմված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության սահմանափակմանը:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը 1992-ից հանձն առած և տևական ժամանակ տարածաշրջանային կայունությանը իր նպաստը բերած վերոնշյալ հեղինակավոր կառույցի նկատմամբ նմանօրինակ քամահրական վերաբերմունքը համարում ենք անթույլատրելի ու գնահատում որպես բացահայտ արհամարհանք միջազգային իրավունքի և միջազգային հանրության ջանքերի նկատմամբ:

Դատապարտելով Ադրբեջանի ղեկավարության նման պահվածքը՝ տարածաշրջանում հասունացող նոր լարվածությունը կանխելու նպատակով կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության չեզոքացման և այդ երկրի պատասխանատուներին միջազգային իրավունքի դաշտ վերադարձնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրել են «Ազատ Հայրենիք–ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---