211652_close_icon
views-count59980 դիտում article-date 22:16 23-02-2021

Կասկադյորական ավտովթար Երևանում. 42–ամյա վարորդը Hyundai Sonata–ով «Պռոսպեկտի շուկա»-ի մոտ մխրճվել է ծաղկի սրահի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 23-ին,  կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:  Ժամը 21:00-ի սահմաններում  Վանաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Արա Քարհանյանը  իր վարած  Hyundai Sonata մակնիշի  ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում՝ Փակ  շուկայի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել շուկայի հարևանությամբ գործող ծաղկի սրահի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 16 փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի  ծառայողները՝ դասակի հրամանատար Ավետիս Բազիկյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր տեղում նախ բուժօգնություն են ցուցաբերել  5 քաղաքացու, որից 3-ը հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, 2-ն էլ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ,  հավանաբար, վերջիններս վրաերթի են ենթարկվել:

Բարեբախտաբար, կրպակի ներսում գտնվող մի քանի աշխատակիցներ չեն տուժել, սակայն կրպակը կրել է նյութական մեծ վնաս՝ կոտրվել են ապակիները, թափվել ու վնասվել է գույքն ու մեծ թվով ծաղիկներ: 

 Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք,  որտեղից  ժամանել է հերթապահ   խումբը՝  ավագ  հետաքննիչ  Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածների և ծաղկի կրպակի սեփականատիրոջ ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր