Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայատյացությունն ամենաբարձր պետական մակարդակով է քարոզվում Ադրբեջանում. ՀՀ դեսպանը բացել է Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը Վիլնյուսում

Հայատյացությունն ամենաբարձր պետական մակարդակով է քարոզվում Ադրբեջանում. 
ՀՀ դեսպանը բացել է Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը 
Վիլնյուսում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի ցեղասպանության և դիմադրության թանգարանում ապրիլի 4-ին տեղի է ունեցել «Սումգայիթ 30» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, Լիտվայում հավատարմագրված դեսպաններ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հանդես գալով բացման խոսքով՝ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ 1988թ. Սումգայիթում տեղի ունեցած դեպքերը, հայերի նկատմամբ կազմակերպված և իրականացված հետապնդումները վայրագության և ատելության աստիճանով ու կազմակերպվածությամբ Խորհրդային Միության պատմության մեջ աննախադեպ էին և իրականացվել էին Ադրբեջանի իշխանությունների բացահայտ ներգրավվածությամբ։

Դեսպանը հավելեց, որ սումգայիթյան ջարդերն, անկասկած, Խորհրդային Ադրբեջանի պատասխանն էին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միանգամայն իրավական պահանջին առ այն, որ վերանայվի 1921թ․ որոշումը, որով Լեռնային Ղարաբաղը ներառվել էլ Ադրբեջանի կազմում: Դեսպանը նաև շեշտեց, որ համաշխարհային հանրությունը ցնցված էր այս վայրագությունից, և պատահական չէր, որ շատ հեղինակավոր մտավորականներ համեմատություններ անցկացրին Սումգայիթյան սպանդի և 1915թ․ Հայոց ցեղասպանության միջև։ 

Տիգրան Մկրտչյանն իր խոսքում նաև նշեց, որ Սումգայիթում ցեղասպան գործողության իրականացմանը նպաստել է ցեղասպան միջավայրի առկայությունը, որն այսօր՝ երեք տասնամյակ անց, ցավոք, ավելի է սաստկացել։ Հայատյացությունն ամենաբարձր պետական մակարդակով է քարոզվում Ադրբեջանում։ Մանկապարտեզներից և դպրոցներից է սկսվում հայերի ապամարդկայնացումը (դեհումանիզացիան)։ Դեսպանն իր խոսքում անդրադարձավ նաև 2016թ. ապրիլյան դեպքերին, նշելով, որ ուղիղ երկու տարի առաջ այս օրերին քառօրյա պատերազմի ժամանակ ամբողջ աշխարհն ականատես եղավ հայատյացության զարհուրելի դեպքերի, երբ հայ զինվորների մարմինները գլխատվել էին, իսկ գլխատողներն արժանացել պետական պարգևների։

Եզրափակելով իր խոսքը՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ նմանատիպ ցուցահանդեսների, միջոցառումների նպատակն է հիշել անցյալում տեղի ունեցած ողբերգությունը, ապագայում նման դեպքերը կանխելու համար։ 

Թանգարանի գիտահետազոտական բաժնի տնօրեն Արունաս Բուբնիսն իր խոսքում դատապարտեց Սումգայիթի ջարդերը և հակամարտող կողմերի՝ խաղաղ գոյակցության հույս հայտնեց: Ելույթներ ունեցան նաև Լիտվայի հայերի միության փոխնախագահ Ռուսլան Հարությունյանը և ականավոր լիտվահայ գրող Վահագն Գրիգորյանը:

Ցուցահանդեսից հետո ցուցադրվեց Մարինա Գրիգորյանի հեղինակած «Սումգայիթ 1988. սովորական ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը։ Ցուցահանդեսը գործելու է մինչև ապրիլի 22-ը։

Տեղեկանք. Ցուցահանդեսը բաղկացած է չորս հիմնական մասերից. ներկայացված է 1988թ․ փետրվարի վերջին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերի նախապատմությունը, այնուհետև հրապարակված են զոհերի մի մասի մահվան վկայականները, իսկ երրորդ և չորրորդ մասերում իրադարձությունների վերաբերյալ ականավոր անհատների և միջազգային լրատվամիջոցների ու կառույցների արձագանքներն են։ Ցուցահանդեսը բացառիկ է, քանի որ առաջին անգամ որպես ամբողջություն են այս նյութերը ներկայացվում»։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am