Ուորլիք․ Կարևոր է, որ հայկական և ադրբեջանական կողմերը խոսեն, և որ լինի բանակցային գործընթաց

Ուորլիք․ Կարևոր է, որ հայկական և ադրբեջանական կողմերը խոսեն, և որ լինի բանակցային գործընթաց

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, ասել է` ամենակարևորն այն է, որ հայկական և ադրբեջանական կողմերը խոսեն միմյանց հետ, որ լինի բանակցային գործընթաց: Այդ մասին նա ասել է «Ամերիկայի ձայնին» հարցազրույցում։

«Ինձ իրականում լավատեսություն է ներշնչում վերջին մի քանի ամիսների գործընթացը: Լավ նշան է, որ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հանդիպեցին միմյանց: Մասնավորապես Սոչիում կայացած հանդիպումը դրական արդյունք տվեց. կողմերը համաձայնեցին ուժի չկիրառման վերաբերյալ: Ապագայում կան նաև առաջընթացի հնարավորություններ՝ դեկտեմբերի 7-ին Եվրամիության շրջանակում հնարավոր հանդիպման հետ կապված: Չեմ ակնկալում, որ բոլոր քննարկումները կանցնեն առանց դժվարությունների: Հռետորաբանությունը, հավանաբար, երկու կողմից էլ կարող է փոխվել, բայց դա չպետք է խանգարի գործընթացի առաջխաղացմանը: Կարևոր է, որ կողմերը խոսեն և կարևոր է, որ լինի բանակցային գործընթաց»,-ասել է նա:

Պատասխանելով այն դիտարկմանը, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք կկայանան դեկտեմբերի 7-ի բանակցությունները, և ինչո՞վ է պայմանվորված այս հետընթացը խաղաղ գործընթացում՝ դեսպանն ասել է, որ իր ընկալմամբ՝ տարաձայնությունները վերաբերում են նախագահ Մակրոնի մասնակցությանը բանակցություններին

«Հայկական կողմը ցանկանում է, որ Մակրոնը շարունակի մասնակցել երկխոսությանը և ինչու ոչ առաջնորդի այն, մինչդեռ նախագահ Ալիևը կտրուկ հայտարարություններ է արել Մակրոնի մասնակցության դեմ: Սա կարծում եմ մեծ խնդիր չէ, որը կողմերը պետք է հաղթահարեն, քանի որ ամենակարևորն այն է, որ հայկական և ադրբեջանական կողմերը խոսեն միմյանց հետ անկախ ձևաչափից կամ բանակցության մասնակիցներից»,-ասել է նա:

Պատասխանելով կարգավորմանը խանգարող ամենագլխավոր խոչընդոտի մասին հարցին՝ Ուորլիքն ասել է, որ ամենամեծ մարտահրավերն այն է, որ ամեն ինչ չէ, որ հնարավոր է միանգամից կարգավորել:

«Պետք է միաժամանակ շատ հարցերի շուրջ գործընթացներ ընթանան։ Կարևոր է, որ նախագահը և վարչապետը խրախուսեն այն: Օրինակ, չափազանց կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց լինի, որը կարող է նվազեցնել հակամարտության հավանականությունը: Կարևոր է, որ կարգավիճակի շուրջ քննարկում լինի: Ես ամբողջապես տեղյակ եմ, որ նախագահ Ալիևը հասկացրել է, որ հակամարտության բոլոր հարցերը կարգավորված են, և որ այս ամենն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց է, սակայն առկա է գործընթացի անհաժեշտություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Դա կարևոր քննարկում է կարգավիճակի շուրջ: Կան նաև այլ հարցեր։ Օրինակ՝ կոմունիկացիան, ջրային ռեսուրսները, ռազմագերիների վերադարձը։ Սրանք բոլորն այն խնդիրներն են, որոնք բախվում են խոչընդոտների, բայց կարող են լուծվել, որի համար պետք է լինի բազմակողմ մոտեցում, առաջին հերթին, նախագահի և վարչապետի ներգրավմամբ:

Խոսելով կարգավորման հարցում Ֆրանսիայի նախագահի եդրի մասին՝ Ուորլիքն ասել է, որ Մակրոնն իսկապես հասկանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը, և նա կարող է լինել անաչառ, արդար միջնորդ այս գործընթացում։

«Բայց իմ տեսակետները կարևորը չեն: Կարևոր է այնպիսի գործընթացի առկայություն, որը կվայելի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վստահությունը ինչպիսի ձևաչափ էլ որ լինի և որտեղ էլ որ այն տեղի ունենա։ Կարևոր է, որ կողմերը վստահություն ունենան գործընթացի նկատմամբ և հավատարիմ լինեն առաջ շարժվելուն: Այնպես որ, ես իսկապես չեմ կարծում, որ ձևաչափն այնքան կարևոր է, որքան Ալիևի և Փաշինյանի հանձնառությունը՝ խաղաղության քննարկումներում արդյունավետորեն առաջ շարժվելուն»,-հավելել է նա:

Անդրադառնալով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերի այցերին տարածաշրջան և պատասխանելով ԱՄՆ ակտիվության և դերի մասին հարցին այս գործընթացում՝ Ուորլիքն ասել է, որ ԱՄՆ վարչակազմի ներգրավածությունը պետք է կանոնավոր կերպով շարունակվի:

«Ռիքերը բավականին բարձրաստիճան դիվանագետ է, և ես շատ ուրախ եմ, որ նա նշանակվել է հատուկ բանակցողի պաշտոնում: Հուսադրող է նաև, որ և՛ պետքարտուղարը, և՛ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը զբաղվում են այս խնդրով: Դա պետք է լինի կայուն պարտավորություն: Ամերիկյան կողմի հետ մեկ հանդիպումը բավարար չէ: Այն պետք է դառնա պարտավորություն ԱՄՆ կառավարության, իհարկե, նաև Եվրոպական միության և այլ կառույցների կողմից՝ այս գործընթացը առաջ տանելու համար: Հակառակ դեպքում մենք կվերադառնանք ռազմական հակամարտությանը: Այն, ինչ ես այժմ տեսնում եմ ԱՄՆ վարչակազմի կողմից, շատ դրական է, և այդ ներգրավածությունը պետք է կանոնավոր կերպով շարունակվի ոչ միայն դեսպան Ռիքերի, այլև ԱՄՆ կառավարության այլ բարձրաստիճան անդամների կողմից»,-ասել է նա։

Անդրադառնալով Մոսկվայի դերին՝ Ուորլիքն ասել է, որ դժվար է պատկերացնել, որ> այսօր ԱՄՆ-ն և Եվրամիությունը կարող են արդյունավետ աշխատել Մոսկվայի հետ:

«Չնայած բոլոր տարաձայնություններին, որոնք մենք ունենք Ռուսաստանի հետ, մենք ունենք նաև ընդհանուր շահեր ի դեմս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և անվտանգության հաստատմանը: Կարծում եմ, որ ռուսական կողմը չի ցանկանում իր հարևանությամբ ունենալն ծավալվող հակամարտություն և կցանկա այստեղ տեսնել գործուն մի գործընթաց: Իհարկե ռուսական կողմը չպետք է վերահսկի գործընթացը, այլ պետք է լինի գործընթացի մասնակից տարածաշրջանի մյուս երկրների հետ մեկտեղ։ Ռուսաստանը ունի յուրահատուկ պատմություն և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, որը մենք պետք է հասկանանք։ Այնպես որ, ես հավատացած եմ, որ Ռուսաստանը կարող է արդյունավետ դեր խաղալ, սակայն որքան հասկանում եմ համանախագահության ձևաչափն այլևս կենսունակ միջոց չէ՝ հակամարտությունը միջնորդելու համար»,-ասել է նա:

Ուորլիքը նաև կարծիք է հայտնել, որ Մինսկի խմբի համանախագահների մանդատը շարունակում է լինել օգտակար:

«Այն, ինչպես գիտեք, ներառում է ոչ միայն ԱՄՆ-ն, այլ նաև Ռուսաստանը: Դա ձևաչափ է, որը կարող է գործել, բայց դրա համար այն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։ Կարծում եմ, որ համանախագահության ձևաչափը կարող է արդյունավետորեն գործել, սակայն դժվարությունը կայանում է նրանում, որ քիչ հավանական է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան այսօր աշխատեն Մոսկվայի հետ: Բացի այդ, նախագահ Ալիևը կտրականապես մերժել է համանախագահության մանդատը: Նա ընդունել է Ռիքերին որպես հատուկ բանագնացի, բայց մերժում է Մինսկի խմբի գործընթացը, իսկ վերջինիս հաջողության համար անհրաժեշտ է, որ այս գործընթացին համաձայն լինեն բոլոր կողմերը»,-ասել է նա։

Պատասխանելով հայ-թուրքական երկխոսության ապագայի մասին հարցին՝ ԱՄՆ-ի նախկին համանախագահն ասել է, որ Թուրքիան կարող է շատ օգտակար դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարատև կարգավորմանը հասնելու հարցում:

«Թուրքիան հսկայական ազդեցություն ունի Բաքվում, և ես կարծում եմ, որ նրանք կարող են դա օգտագործել խաղաղ գործընթացն առաջ մղելու համար, և ցանկալի է, որ օգտագործեն: Ինչ վերաբերում է Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններին, ապա դրանք անհնար է կարգավորել մեկ օրում: Դա պետք է արվի վստահության ամրապնդմանն ուղղված փոքր քայլերի միջոցով, և երկու կողմերն էլ պետք է պատրաստ լինեն շարժվելու քայլ առ քայլ: Ես չեմ առաջարկում վերակենդանացնել 20 տարի առաջվա արձանագրությունները։ Դա անհնար է: Բայց ես հավատում եմ, որ եթե կողմերը ցանկանան, կարող են ինչ-որ քայլեր ձեռնարկել, օրինակ, երկրների միջև առևտրի, հոգևոր հարստության պաշտպանության առումով։ Շատ կարևոր է, որ հայկական եկեղեցիները, որոնք այժմ գտնվում են Թուրքիայում, պահպանվեն: Կարծում եմ, որ նման ուղղություններով հնարավոր է հասնել պայմանավորվածությանը: Եվ՛ Հայաստանը, և՛ Թուրքիան պետք է աշխատեն այդ ուղղությամբ։ Թուրք-հայկական հարաբերությունների բարելավումը բխում է երկու երկրների շահերից: Եթե հնարավոր դառնա հասնել նրանց միջև նույնիսկ սահմանափակ չափով սահմանի բացմանը, ապա դա թույլ կտա առևտուր իրականացնել և ապահովել մարդկանց տեղաշարժը։ Դա կարող է սկիզբ դնել գործընթացի, որն իսկապես ձեռնտու է Հայաստանին: Գիտեմ, որ դժվար է հայկական կողմին գնալ այդ քայլի՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունեցել և հաշվի առնելով որոշակի հռետորաբանությունը, որը առկա է, բայց կարևոր է, որ այդ քայլն արվի և հաշտեցման գործընթաց սկսվի ի շահ բոլորի»,-ասել է Ուորլիքը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---