HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոկտեմբերի 24-ին լրանում է Լեռ Կամսարի 130-ամյակը

  Լեռ Կամսար

                         /հատված անտիպ օրագրից/

 

Չորեքշաբթի 25- Այս գիշեր մի մեծ փորձանք անցկացրի։

Սովետական Հայաստանի կառավարությունը գնահատելով իմ հիսնամյա գրական գործունեությունը մի փառավոր հոբելյան էր ուզում կազմակերպել։ Գալու էին բոլոր տասնվեց հանրապետություններից պատգամավորներ, որոնք չգիտեին իմ ով լինելը, և իրենց ճառերում վեր պիտի հանեին իմ նշանակությունը հայ գրականության մեջ։ Վերջում էլ Լենինի շքանշան պիտի կախեին իմ սրտից։

Ա՜յ քեզ խայտառակություն․․․

Ես անմիջապես հրաժարվեցի։ Ասացի՝ չեմ ուզում։

Այս ասելս իմացա։ Մեկ էլ տեսնեմ երկու չեկիստ ներս մտան ու ասացին

-Անմիջապես ել, շորերդ փոխիր, գնանք մեծարվելու, եթե ոչ․․․ - ու ձեռքերը տարան կողքների ատրճանակներին։

Ես նրանց ոտները ընկա ու աղաչեցի

-Խնայեք իմ ծերությունը, մի մեծարեք։ Ժողովուրդը լսեց՝ էլ իմ երեսը չի նայի։ Հետո էլ ես ի՞նչ արժանիք ունե՞մ որ։ Միջնակարգ դպրոց եմ ավարտել, չորս գործողությամբ խնդիր չեմ կարող լուծել, պատմությունից ոչ մի կարևոր դեպքի թվական չեմ հիշում, չեմ իմացել, որ հիշեմ։ Ողջ օրն այս ու այն կնոջ ետևից ընկած․․․ Ա՜յ մարդիկ, ման օլում, բաց թողեք ինձ։

- Քեզ ասում ենք հագնվի՛ր։

- Շոր էլ չունեմ, որ փոխեմ՝ իմ շորը վրայիս է։

Չեկիստներից մեկը սնդուկս բացեց ու այնտեղից հանեց նոր շորերը։ Չեմ հագնում, դիմադրում եմ և անվերջ իմը կրկնում։

Գնդակահարվելուց չեմ վախենում։ Եթե գնդակահարեն էլ, մեծարվելուցս առաջ չէին անի՝ նախ կմեծարեն, նոր կգնդակահարեն։

Ու չեմ գնում։

Այդ միջոցին մոտեցան, երկու թևերիցս բռնած քարշ տվին ինձ տանից դուրս այնպես, ինչպես մսագործն է մորթվելիք այծը բռնած կոտոշներից դուրս քաշում փարախից։

Ես սկսեցի մռնչալ ու օգնության կանչել

-Ժողովո՜ւրդ, հասե՜ք, սովետական կառավարությունը ինձ տանում է մեծարելու։

Չորս կողմից թափվեցին մարդիկ, բայց ո՞վ սիրտ կանի ինձ չեկիստների ձեռքից խլել։ Բոլորը ցավակցական նայում էին, ասել ուզելով՝ ուզում ենք ազատել քեզ, բայց ձեռներումս ճար չունենք։

Երբ բեմ հանեցին ու ինձ «հայրենասեր» ասացին՝ մի կերպ դիմացա, որովհետև այդ կիսով չափ ճիշտ էր։ Ես ճիշտ է, Սովետական Հայաստանը չէի սիրում, բայց ընդհանրապես Հայաստանը սիրում էի։

Հետո ինձ սովետական գրող անվանեցին։ Այստեղ ես տարուբերվեցի։ Իսկ երբ սոցիալիզմի շինարարությանը «լծեցին»՝ ես փռվեցի գետին ու չեմ իմացել այնուհետև, թե ինչպես ինձ կանգնեցրել են ու Լենինի շքանշանը կախել կրծքիցս։

Կախեցին և ասացին

-Հիմա գնա տուն։

- Ես այս վիճակով ինչպե՞ս տուն մտնեմ, - ասացի ու հիշեցի անմիջապես իսրայելացոց Սողոմոն թագավրի դուստր Թամարի պատմությունը։

Ախր այդ Թամարին սիրում էր իր եղբայր Ամոնը։ Խաբում, տանում է իր տուն, բռնաբարում, հետո էլ ասում է՝ գնա տունդ։

Աղջիկն ասում է։

-Չեմ գնա, ես այս խայտառակությունը ո՞ւմ աչքից թաքցնեմ։

Հիմա իմն է։ Ես բռնաբարված էի, բարոյապես մեռած, սովետական կառավարությունից գովված։

Այստեղ ես առաջին անգամ մտա մեռած մարդկանց դրության մեջ։

Մեռելի դագաղի վրա էլ կենդանի մարդիկ իրենց դամբանականներում վերագրում են նրան իրենց ուզածը, ճիշտ այնպես, ինչես պատմական վեպ գրողները վարվում են իրենցից երկու հազար տարի առաջ ապրած հերոսների հետ։

Վերջապես՝ ի՞նչ երկարացնեմ մինչև քնիցս արթնացա, երազիս կպցրած զիրթ ու զիբիլները թափ տվի վրայիցս՝ հոգիս բերանս հասավ։

------

Այս մի քանի օրս արդեն լավ չէի, այս երազն էլ տվեց վրան ու պառկեցի։ Ախորժակ չունեմ։ Շատ վաղուց բժշկի տված ախորժակի դեղ էի գործածում, բայց անօգուտ։ Այսօր բժշկիս ասում եմ՝ մի ավելի զորավոր դեղ տուր մի բան ուտեմ, ուժասպառ եմ լինում։

Ասում է՝ դրանից ավելի զորավոր դեղ չունեմ։ Եթե ուզում ես ուտել պետք է մթերային խանութ մտնես ծառայելու։

- Այնտեղ ինչ կա՞, որ ուտեմ։

- Հենց այդ է։ Որովհետև եղածը ծառայողները ուտում են, դրա համար էլ բան չի մնում վաճառելու․․․

 

                                                      *****

Հինգշաբթի 26․- Այգետերն իր խաղողը չի ուտում։ Չի ուտում ոչ նրա համար, որ խնայում է, այլ չի ուտում՝ որովհետև աչքը կշտանում է։ Խաղողը ուտվում է, երբ փողով բազարից կիլո-կիլո առնում ես։

Միայն խաղողը չէ այդպես։ Կինն էլ այդպես է։

Տիգրան անունով մի ծանոթ ունեմ, որը մի քանի տարի դատարաններում քարշ եկավ կնոջը թողնելու համար։ Անցյալ տարի վերջապես թողեց ու ապրում են հիմա կողք-կողքի երկու առանձին սենյակներում։

Բաժանվելուց հետո հանկարծ Տիգրանի կինը քաղցրացավ։ Բայց որովհետև իբրև ամբողջական կին էլ հնար չէր «ուտել» նրան, սկսեց փող վճարել և կիլո-կիլո «ուտել»։

Նայած իր նյութականին, ամեն գիշեր առանձին վճարում էր կնոջը։

Ու հիմա միայն իմացավ կնոջ ամբողջ քաղցրութունը․․․

------

Ես փողոցում թերթում եմ անցորդներին այնպես, ինչպես մեկը ժամանցի համար թերթում է իր ալբոմը։

Բայց փողոցի իմ ալբոմում կերպարանք չկա։ Համատարած մռայլությունը այնպես է պարուրել բոլորի դեմքերը, որ կարծես տեսածդ մի մարդ լինի․․․

                                              *****

Ուրբաթ 27- Ինձ մտատանջում է հետևյալը։

Շրջապատս ինձ համարում է անսխալական, ոչ ոքի վնաս չտվող, ոչ մի հանցանք չգործած, հասարակությանը միայն օգտակար, միայն բնական ու երբեք անբնական մի արարած։

Շրջապատս ինձ տալիս է սույն գնահատականը, առանց ի նկատի ունենալու, որ դրանով ոչ թե օգուտ է տալիս ինձ, այլ ուղղակի իմ տունը քանդում է։

Չէ՞ որ ես մարդ եմ, իսկ մարդը պիտի լինի անպայման սխալական։ Ես խոմ Աստվա՞ծ չեմ։ Կարող եմ քիչ կամ շատ սխալվել, բայց պիտի վերջապես սխալվեմ։

Ահա վաղը մեռնելու և գնալու եմ Աստծու դատաստանի առաջ կանգնեմ։ Աստված չի՞ ասի՝ եթե հանցանք չունես ինչո՞ւ եկար դատարան։ Կամ կհավատա՞, եթե ասեմ՝ ոչ մի սխալ չեմ գործել։ Պիտի ասի՝ այդ ինչո՞ւ Գրիգոր Նարեկացին իր վանական տեղով սխալ չթողեց գործեց, իսկ դու քո աշխարհական տեղովը ոչ մի սխալ չգործեցիր։ Ուրեմն, նշանակում է դու դիտավորյալ մեղք չես գործել, որ ինձ չփառաբանես և մեղքերիդ թողություն չխնդրես։ Դո՛ւրս կորիր ատյանից, խարդա՛խ, խաբեբա մարդ․․․

Ես ի՞նչ պատասխանեմ։

Չէ՛, ես պիտի սխալ գործեմ, անհնարին է։

Իսկ ի՞նչ սխալ․․․ Կանանց ետևից վազելը չի կարող սխալ համարվել։ Աստված ինձ սեռական գործարան հանձնելիս շատ կամ քիչ գործածելու մասին ոչ մի խոսք չարեց։ Չասաց՝ խնայողությամբ գործածիր, ճիշտ  այնպես, ինչպես ականջ տալիս չասաց՝ շրջապատիդ խոսակցության մի մասը լսիր, մի մասը թող, կամ աչք տալիս՝ աշխարհի բոլոր բաները մի տես, կամ ուղեղ տալիս՝ չհրամայեց չափավոր մտածել և շատ չխելոքանալ։

Ճիշտ է, ես մեր երկրի սոցիալիստական շինարարությունը չեմ տեսնում, բայց դրա փոխարեն այդ մասին կարդում եմ թերթերում։ Ի՞նչ տարբերություն․․․

Հա՛։ Ուրեմն, եթե սեռական սանձարձակությունս պակասություն չհամարեմ՝ ես կընկնեմ մի անելանելի դրության մեջ, որովհետև դրանից զատ ես ուրիշ պակասություն չունեմ։

Մտածում եմ գնալ մեր ժողդատարանը և ասել

-Ես մեռա իմ մեջ հանցանք փնտրելով։ Չկա։ Գուցե դո՞ւք մի բանում մեղադրեք ինձ։ Դուք, որ մարդու չգործած սխալներն էլ տեսնում եք․․․

Բայց ի՞նչ արժեք ունի սովետական դատարանի դատավճիռը։ Ընդհակառակը՝ քանի մեղադրի, մարդն այնքան կանմեղանա։ Ճիշտ այնպես ինչպես մեզ մոտ ծախվող ճանճի թղթերի վրա նստած ճանճերը փոխանակ սատկելու, կազդուրվում, առողջանում ու ավելի երկարյակայաց են դառնում։

Այս էլ հե՛չ։

Մտածում եմ կեղծել, ստել, քծնել՝ չեմ կարող։ Ես երգիծաբան եմ, ի պաշտոնե անկարող։

Ու ես չգիտեմ, թե ինչո՞ւ վիպասանները, բանաստեղծները ու դրամատուրգները անկեղծ լինելու, կամ ճշմարտությունն ասելու բեռը միայն երգիծաբանի ուսինն են դրել։ Ուրեմն, ճշմարտությունը կատա՞կ է, որ միայն ծաղրով պետք է ասել, կամ այն հանձնել միայն հարբածներին, երեխաներին ու խելագարներին ասելու․․․

Ես կարող եմ մի բան էլ անել։ Կարող եմ դիմել սովետական կառավարությանը և խնդրել մի քանի պակասություններ տալ ինձ, որ մարդանամ։

Այդ էլ իր անհարմարություններն ունի։ Նախ՝ պետական արատները լայն են, չեն գա անհատի։ Անհատը մտավ մեջը՝ էլ չի երևա։ Երկրորդ էլ սովետական կառավարությունը կարող է մերժել, ասելով

-Իմ ունեցածը միայն պակասություն է։ Այն որ քեզ տամ, ինձ ի՞նչ կմնա․․․

Ա՜յ, ինչ եմ ասում։ Իսկական մեռնելու կառավարություն։ Աստվածային դատաստանին այնքան հանցանք թափի Տիրոջ առջև, որ խեղճ Տերը շշմի և չիմանա ո՞ր դժոխքն ուղարկել նրան․․․

------

Ա՜յ մարդ, ես կծծի, խնայող մարդ տեսել էի, բայց իմ հարևան Մարտիրոսի պես չէի տեսել։

Երևակայեցեք սանդուղքով բարձրանալիս մեկ աստիճան մեջ է տալիս, որ երկար դիմանա։

Այս տեսակ մարդը մեռնելիս հնարավո՞ր է, որ իր համար առանձին դագաղ շինել տա։

Երբե՛ք։

Կկախվի պատահած մեռելի դագաղին ու գերեզման կերթա։



                                                                    1962 թ․ ապրիլ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter