Փաշինյանը դեսպանների հետ կիսվել է մեկ տարվա արդյունքների ու մարտահրավերների տպավորություններով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կառավարությունում օտարերկրյա պետությունների և կառույցների հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը նշել է, որ կառավարության ձևավորման օրից մեկ տարի անց պատեհ է համարում կիսվել միջազգային գործընկերների հետ տպավորություններով՝ մեկ տարվա արդյունքների, խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ներկայացնելով մեկ տարվա աշխատանքի իր գնահատականը՝ Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձել է տնտեսական խնդիրներին, դրանց տրված լուծումներին և արձանագրված արդյունքներին: «Առաջին խնդիրը, որ ունեցել ենք տնտեսական առումով, մակրոտնտեսական կայունության պահպանումն է: Եվ ոչ առանց դժվարությունների մենք այս խնդիրը կարողացանք լուծել, որովհետև նախորդ տարվա սեպտեմբերին, այսինքն՝ հեղափոխությունից ընդամենը 3 ամիս անց, մենք ռեցեսիոն շեմին մոտեցանք, և տնտեսական իրավիճակը կարող էր լարվել: Բայց մեզ հաջողվեց հաղթահարել այդ նեգատիվ միտումները, և այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով մենք ունենք 7.1 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ: Պետք է ասեմ, որ թեև այս աճի ծավալը մեզ գոհացնում է, բայց մենք հասկանում ենք, որ տնտեսական հեղափոխության վիճակագրությունը մի փոքր ավելին է: Առնվազն մենք պետք է փորձենք, կարողանանք 2-3 տոկոսով ավելացնել մեր տնտեսական աճի տեմպը:
Տնտեսության մեջ հետաքրքիր միտումներից կարող եմ առանձնացնել ստվերային տնտեսության կրճատումը: Ըստ էության, նախորդ մեկ տարվա ընթացքում Հայաստանում հայտնվել է 51 հազար նոր աշխատատեղ: Դրանք այն աշխատատեղերն են, որոնք գործատուներն իրենք են հայտարարագրել հարկային մարմիններում, այսինքն՝ սրանք ոչ թե վերլուծության արդյունք են, ինչպես հաճախ մեր քաղաքական մրցակիցները փորձ են անում ներկայացնել, այլ կոնկրետ գործատուների, բիզնեսի կողմից հայտարարագրված ցուցանիշներ, որոնք նրանք ներկայացրել են հարկային մարմիններին, որը նրանց համար առաջացրել է հարկային պարտավորություններ: Եվ մեր գնահատականն այն է, որ այս 51 հազար աշխատատեղերի 1/5-րդը նոր ստեղծված աշխատատեղերն են նախորդ տարվա ընթացքում: Դա ստացվում է մոտավորապես 10 հազար աշխատատեղ, ինչը, կարծում եմ, վատ ցուցանիշ չէ»։
Մանրամասները՝ կառավարության պաշտոնական կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում