«Վտանգավոր է ագրեսորի հետ միայնակ՝ առանց համանախագահների հանդիպել». Նորատ Տեր-Գրիգորյանցը` Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպումների մասին

«168 Ժամի» զրուցակիցն է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

– Պարոն գեներալ, վերջին ամիսներին ակտիվորեն շփումներ են տեղի ունենում հայկական և ադրբեջանական կողմերի միջև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում` թե ղեկավարների մակարդակով ոչ պաշտոնական, թե նախարարների մակարդակով հանդիպումների տեսքով, որին զուգահեռ՝ վերջին շրջանում ադրբեջանական կողմը նաև ռազմատենչ հռետորաբանություն է սկսել կիրառել: Ի՞նչ կարծիք ունեք բանակցային գործընթացում և դրա շուրջ ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների մասին:

– Անձամբ ես ուրախ եմ, որ մեր վարչապետը, ՀՀ կառավարության ղեկավարը դեմ առ դեմ հանդիպում է Ադրբեջանի նախագահի հետ: Հանդիպեցին, այո՛, շատ լավ է: Հանդիպեցին, ողջունեցին միմյանց, որպիսություն հարցրին, բայց երբ հարցը հայ ժողովրդի գոյատևմանը, տարածքներին, ինչպես նաև ադրբեջանական ագրեսիային ու մի շարք այլ բացասական երևույթներին է վերաբերում, որոնք մենք ոչ մի կերպ չենք կարողանում լուծել, պետք է ավելի զգուշավոր լինել: Անձնական հանդիպումները, իմ կարծիքով, շատ անցանկալի են: Այսինքն` Փաշինյանն ու Ալիևը հանդիպում են, ինչ-որ հարցեր են բանակցում՝ անտեսելով ԵԱՀԿ-ին, իսկ ԵԱՀԿ-ի կազմում գերտերություններն են: Ես ասում եմ, որ այդ ագրեսորի, անկանխատեսելի մարդու հետ միայնակ հանդիպել՝ Ղարաբաղյան հարցերը լուծելու համար, ցանկալի չէ, քանի որ, եթե վաղը (իսկ նրանից կարելի է ամեն բան սպասել, քանի որ նա վերջին անգամ գնաց Նախիջևան, էրդողանին հաշվետվություն ներկայացրեց, ասաց, որ Երևանն իրենն է) Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծի ԼՂ հակամարտությունը,  հարձակվի՝ սադրանքների դիմելով, մեր վարչապետը, բնականաբար, պետք է ասի. «ԵԱՀԿ, նայիր, թե Ադրբեջանն ինչ է անում», իսկ ԵԱՀԿ-ն կասի, որ՝ «մեն մենակ հանդիպել եք, ինչ եք խոսել` մենք տեղյակ չենք, գնացեք, Դուք էլ կարգավորեք բոլոր հարցերը»:

Պետք է հասկանալ, որ Ալիևը բարբարոս է, ագրեսոր, ամեն օր պատերազմի մասին է աղաղակում, իսկ ինչ է պատերազմը` ոչնչացում, այսինքն` սեփական քաղաքականության առաջմղում ռազմական եղանակով, բռնության միջոցով: Պատերազմը բռնություն է, իսկ բռնությունը սահմաններ չունի: Ուստի այդ մարդու հետ մեն մենակ նստելը սխալ եմ համարում: Ես՝ որպես ռազմական գործիչ, ով գիտի, թե ինչ է նշանակում՝ ագրեսոր, չէի նստի, միայն ներկայացուցիչների, այս դեպքում՝ գերտերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ հարցերը միայն նրանց ներկայությամբ մեկ սեղանի շուրջ պետք է քննարկվի: Իսկ մեն մենակ, գաղտնի, դա վտանգավոր երևույթ է, քանի որ կարող են բարեկամաբար նստել-բանակցել, հետո նրանց կմեղադրեն, որ տարածք է ուզում հանձնել, և այլն: Նման բան չպետք է լինի: Իսկ այն, որ ագրեսիվ հռետորաբանություն է կիրառում, դա մշտական բնույթ է կրում:

ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ այն ղեկավարը, ով ագրեսիվ, ռազմատենչ կոչերով է հանդես գալիս, ենթակա է պատժի: Ցավոք սրտի, նրանք պատասխանատվության չեն կանչում Ալիևին, չեն խոսում այդ մասին, քանի որ նա նավթ ու գազ ունի, իսկ դա կախվածություն է ենթադրում, շատ երկրներ կախվածության մեջ են Ադրբեջանից այդ պատճառով:

Այդ քաղաքական երկակի, եռակի մոտեցումներն անընդունելի են ինձ համար: Ուստի, այս բոլոր վտանգներն ու հանգամանքները հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է ուսումնասիրի ու ամրապնդի իր տնտեսությունը, անվտանգությունը՝ էապես հույսեր չկապելով արտաքին գործընկերների հետ, պատրաստ լինելով հարվածել Ադրբեջանին այնպես, ինչպես մենք դա արեցինք առաջին անգամ:

– Այդ ագրեսիվ հռետորաբանությունը որքանո՞վ է համատեղելի այն  ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների հետ, որոնք հակամարտող երկրների նախարարները ձեռք բերեցին իրենց վերջին փարիզյան հանդիպման ժամանակ: Ի՞նչ պետք է անել այս դեպքում, երբ կա նման համաձայնություն, բայց ագրեսիվ հռետորաբանությունն Ադրբեջանի կողմից շարունակվում է:

– Ես խոսակցությունը հենց դրան էլ տանում էի: Նրանք անկանխատեսելի մարդիկ են: Ես դա անվանում եմ քաղաքական անբարոյականություն: Մի բան ասում են, մեկ ուրիշ բան` անում: Շատ լավ է մտածված` ինչ ասել է՝ խաղաղության նախապատրաստել: Ադրբեջանում ուսուցանվում է, որ Ադրբեջանի գլխավոր թշնամին հայ ազգն է: Նույնիսկ հեռուստացույցով ցուցադրեցին ադրբեջանական մանկապարտեզ, որտեղ դաստիարակը երեխաներին հարցնում էր, թե ովքեր են իրենց թշնամիները, իսկ երեխաները պատասխանում են՝ հայերը: Նոր լույս աշխարհ եկած մարդն արդեն նման պատասխան է տալիս, երբ չգիտի նույնիսկ, թե ինչ է թշնամին: Եթե անկեղծ խոսենք, ապա թուրքերը հայերի ամենամեծ թշնամին են, թալանել են, ոչնչացրել, ջարդել, իսկ հայերը մշտապես պաշտպանվել են՝ երբեք չհարձակվելով: Բայց արդեն պետք էր նաև հարձակվել:

Սակայն մենք քրիստոնյա ազգ ենք, մեր կրոնը թույլ չի տալիս հարձակվել, կրոնը թելադրում է սիրել ու հարգել մարդուն, իսկ նրանց կրոնը նման մարդկայնություն չի ենթադրում: Դա այդ ազգերի բնույթն է: Իսկ հիմա պետք է այն, ինչ ասել են տասնամյակներ շարունակ, սկսեն հերքել և իրականությունից խոսել: Ալիևը խեղաթյուրել է նաև պատմությունը՝ ասելով, որ հայերն այդ տարածքներ տեղափոխվել են Իրանից, այնինչ հայերն այնտեղից գնացել էին Իրան, հետո վերադարձել, իսկ նա միայն մեկ կողմն է ներկայացնում, բայց իբրև թե ավարտել է ՄԳԻՄՈ-ն, իսկ մեր գրողները, գիտնականները ոչինչ չեն ասում այդ մասին:

Հարցերն Ադրբեջանի առջև կոշտ պետք է դրվեն: Մինչ այսօր նախորդ իշխանությունները ոչինչ չարեցին, որպեսզի Մոսկվան չեղարկի Մոսկովյան պայմանագիրը, պետք էր բանակցություններ վարել Մոսկվայի հետ: Նոր իշխանությունները ևս այդ ուղղությամբ ոչինչ չեն անում, և Փաշինյանը նույնպիսի բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ, ինչպես Սերժ Սարգսյանն ու բոլոր մյուսները: Նրանք չեն ցանկանում ուսումնասիրել ոչինչ, մենք արխիվային փաստաթղթեր ենք փոխանցել:

Պաշտպանության բանակն ազատագրել էր հայկական հողերը, բայց այդ ամենի ընթացքում չէր կարողացել ազատագրել մի շարք շրջաններ` Շահումյանի շրջանը, ամբողջությամբ չազատագրեց Մարտունու և Մարտակերտի հարթավայրերն ու լեռները, դրանք մնացին Ադրբեջանի ԶՈՒ օկուպացիայի ներքո: Իսկ մենք պետք է իրականացնենք տարածքների փոխանակում, ինչը մնացել է իրենց մոտ՝ մնա այնտեղ, ինչը մեզ մոտ` մնա այստեղ:

– Օրերս ԱՄՆ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդն իր հարցազրույցում անդրադարձել էր բանակցային գործընթացին՝ նշելով, որ ներկայումս կողմերը ցանկանում են, որ սահմանված լինի Ղարաբաղում հանրաքվեի ստույգ օրը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս տեղեկատվության գաղտնազերծմանը:

– Ամերիկացին ամեն ինչ կարող է ասել: Բոլթոնը եկավ տարածաշրջան՝ որպես անկախ Աստված, ասաց ինչ-որ բաներ և գնաց: Եվ բոլորը սկսեցին. «Օ՜, Բոլթոնն այս ասաց, այն ասաց…», բայց մենք մեր կյանքն ունենք: Երկրորդ` ի՞նչ է, Ղարաբաղում հանրաքվե չի՞ եղել: Ղարաբաղում հանրաքվե վաղուց է եղել: Ադրբեջանցիները հայերի հետ այդ տարածքներում ապրել են, բայց հայերն ավելի շատ են եղել, իսկ ադրբեջանցիներն իբրև թե չեն քվեարկել, քանի որ Ադրբեջանի նախագահը հրաման էր տվել չքվեարկել, բայց դա արդեն իրենց խնդիրն է, իսկ ինչո՞ւ էր նման հրաման տվել: Կքվեարկեին, և պարզ կլիներ տոկոսային հարաբերակցությունը: Իսկ հիմա ուզում են հանրաքվե, նույնիսկ հիմարի համար պարզ է, որ Ադրբեջանի նախագահը Կարս-Թբիլիսի-Գյանջա-Բաքու երկաթուղով Բաքվից միլիոն բնակչություն կբերի, կմտցնի Ղարաբաղ և հանրաքվե կիրականացնի, այդպես ադրբեջանցիները մեծամասնություն կկազմեն: Այդպես չի կարելի: Ոչ մի հանրաքվե: ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ Ղարաբաղում եղել է հանրաքվե, այդ երկիրն ինքնորոշվել է ամբողջությամբ, և վերջ:

– Այսինքն` Դուք դեմ եք Մադրիդյան սկզնբունքներին, որոնցում ամրագրված է նաև պլեբիսցիտի անցկացման հարցը:

– Սկզբունքներում խոսք կա նաև օկուպացիոն զորքերի հեռացման մասին, այսինքն` ՊԲ-ն հեռանա, որպեսզի այնտեղ մնան կանայք ու երեխաները, որպեսզի նրանք ոչնչացնեն ժողովրդին, ինչպես թուրքերը՝ մեր մայրերին ու հայրերին: Կա դրույթ, որ պետք է տեղակայել ադրբեջանցի փախստականներին և անցկացնել հանրաքվե: Իսկ ինչո՞ւ չի ասվում հայ փաստականներին իրենց բնակավայրեր վերադարձնելու մասին՝ Շահումյան, Մարտունի, Մարտակերտ: Բայց սա չի արվում: Իսկ Ալիևն այնքան մարդ կբերի, որ հնարավոր չի լինի ապացուցել` նա փախստակա՞ն է, թե՞ ոչ: Ուստի Մադրիդյան սկզբունքները և՛ լավն են, և՛ վատը, պետք է ընտրողաբար մոտենալ այդ սկզբունքներին: Ես որպես ռազմական գործիչ եմ կարծիք հայտնում, ով տեսել է պատերազմներ և մասնակցել է ռազմական առաքելությունների:

– Իսկ ինչպիսի՞ բանակցային լուծում եք տեսնում ԼՂ հակամարտության կարգավորման համար:

– Լուծումը պետք է լինի խաղաղ բանակցային ճանապարհով: Բանակցություններ պետք է վարել նաև ՌԴ-ի հետ՝ հասնելով մոսկովյան պայմանագրերի չեղարկմանը և Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի պայմանագրի չեղարկմանը, որով վերցնում են Հայաստանից այդ տարածքը: Պետք է չեղարկել այդ պայմանագիրը: Ղարաբաղը, ըստ այս ծրագրի՝ ինչպես եղել է հայկական, այնպես էլ կմնա, որից հետո ճանաչել Ղարաբաղը և միացնել Հայաստանին:

Տեսանյութեր

Լրահոս