1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վերադառնալ կյանք, գնահատված զգալ. դիվերսիոն գործողությունը կանխելիս վիրավորված Գոռ Դարմանյանն աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում

Վերադառնալ կյանք, գնահատված զգալ. դիվերսիոն գործողությունը կանխելիս 
վիրավորված Գոռ Դարմանյանն աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում 2015 թվականին հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելիս վիրավորված զինծառայող Գոռ Դարմանյանն աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում: Նա «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության առաջին շահառուն է: «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնությունը նպատակ ունի օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամության կարգ ստացած զինծառայողներին, գտնել նրանց համար աշխատանք: 

«ՀՀ նախագահի աշխատակազմում աշխատանքի եմ ընդունվել 2018 թվականի հունիսին: Դա եղել է ՀՀ նախագահի առաջարկությամբ: Զուգահեռ սովորում եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Սա շատ կարևոր նախաձեռնություն է: Այն մեծ հնարավորություններ է տալիս ծառայության ընթացքում իրենց կյանքը վտանգած զինվորներին: Շատ ուրախ եմ, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու, և ինձ նման շատերը կվերապատրաստվեն, աշխատանքի կընդունվեն: Այս նախաձեռնությունը առողջությունը վտանգած տղաներին հնարավորություն է տալիս վերադառնալ կյանք, գնահատված զգալ, նոր բան սովորել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ զրույցում նշեց Գոռ Դարմանյանը:  

Հիշելով 2015 թվականի մարտի դեպքերը՝ Գոռ Դարմանյանը համեստորեն պատմում էր, որ հետ են մղել հակառակորդի դիվերսիոն գործողությունը: Այդ ժամանակ մոտեցավ Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը և լրացրեց:

«Գոռն ու իր ընկերներն այնպիսի հակահարված են տվել, այնպիսի գործողություններ են իրականացրել, որ հակառակորդը մեկ տարի չի կարողացել հարձակվել»,-ասաց Մովսես Հակոբյանը:

Ներկայացնելով «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնությունը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծառայած տղաներին, հատկապես, առողջությունը, կյանքը վտանգած անձանց, չի կարելի մոռանալ:

«Այո, չենք մոռանում, ուշադիր ենք, թոշակ են ստանում, սակայն այս բոլորից բացի, կա մի պարզ հարց: Իրենք երիտասարդներ են և չեն կարող 60 տարի թոշակ ստանալ, պետք է իրենց հետ բերենք կյանք: Նրանք հաստատ ինչ-որ մի տաղանդ ունեն, պետք է դա գտնել, սովորեցնել, օգնել, վերապատրաստել: Հիմա Գոռն ամեն օր աշխատանքի է գալիս, աշխատավարձ է ստանում, և դա շատ լավ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը նշեց, որ ինքը նախաձեռնության մեկնարկը տվել է, սակայն հույս ունի, որ գործարարները, հասարակական հատվածն ակտիվ կարձագանքեն: Արդյունքում, աշխատանքի տեղավորված զինհաշմանդամների թիվը կավելանա:

«Ի վերջո, եթե գործարարն ունի 100 աշխատող, ապա հաստատ նա կարող է մեկ հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքի վերցնել: Ես ոգևորում եմ, որպեսզի երկրում այս գործը շարունակություն ունենա: Անձնապես հանդիպելու եմ խոշոր գործարարներին, քաջալերելու եմ, խնդրելու եմ…(ժպտում է), որպեսզի իրենք այդ նույն բանն անեն: Արդյունքում, հաշմանդամություն ունեցող հարյուրավոր զինվորներ աշխատանքի կընդունվեն, կվերադառնան ակտիվ կյանք»,-ասաց Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում Բանակի օրվա առիթով պարգևատրման հանդիսավոր արարողությանը հայտարարեց ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց աշխատանքով ապահովելու նոր ծրագրի մեկնարկի մասին: Հանրապետության նախագահի ինստիտուտը կառավարության, պաշտպանության և առողջապահության նախարարությունների հետ համատեղ աշխատանքով առաջարկել է ծրագիր, որը կոչվում է «Հայրենիքի պաշտպան»: Այն նպատակ ունի օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամության կարգ ստացած զինծառայողներին, գտնել նրանց համար աշխատանք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]