HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Անահիտ Սահակյանն է

Անուշ Քոչարյան

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելունա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում «Իլիկ»-ի Անահիտն է։

Անահիտ Սահակյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Ի՜նչ հետաքրքիր վիճակի մեջ ընկա․․․

Մեծ հաշվով ինքը «հոգնած» մարդ է․ այսպես կբնութագրեմ՝ ծնված օրվանից ինքը «հոգնած» մարդ է։ Հենց այն տարիքից, երբ սկսվում են հարցադրումները, թե ինչ է կյանքը, ինչու ենք ապրում, ինքն արդեն այդ պահից սկսած իրեն ծեր է զգում՝ ամեն ինչ ապրածի պես․․․  Դրանից է երեւի, որ կյանքը բնական է ընթանում, ինչքան էլ դժվար, անտանելի պահեր լինեն։ Միակ անհամապատասխանությունը, որ ունի այս կյանքի հետ, այն է, որ կինոյի սցենարն այնքան էլ հաջող չի համարում․ կրկնվող պահերը շատ են՝ լի «տափակ» լուծումներով։

Մի քանի տարի առաջ կասեր՝ կինոն շատ երկար է։ Հստակ զգում էր դա, որովհետեւ հոգնել էր այն գիտակցումից, որ չի կարողանում ապրել, ոչ մի արած սխալ դաս չի դառնում, ու նա անհույս է։ Կար ժամանակ, երբ ծայրահեղ հիստերայի առիթ էր դառնում այն, թե իրեն ինչու չեն հասկանում, թե ինքն ինչու չի հասկանում, ինչու են մարդիկ իրեն ցավեցնում եւ, ի վերջո, ինքն ինչու է ցավեցնում մարդկանց․․․

Բայց եկավ մի պահ, երբ ինքը հաշտվեց իր հետ, սիրեց ու մտածեց, որ եթե ինքն այսպիսի մի ընկեր ունենար, շատ կսիրեր նրան։ Այդ պահից սկսած «հնդկական» կինոյի տրագիզմով չի վերաբերվում կյանքին։

Գիտեմ, որ մասնագիտությամբ թարգմանիչ ես, եւ որդիդ հրաշալի նկարում է։ Այսքանը։ Մնացած ամեն բան կապում եմ «Իլիկ» սրճարանի հետ, որը քո տեղն է, որտեղ ամեն տեսակի մարդու կարող ես հանդիպել, որտեղ մի սեղանի շուրջ թեժ վեճեր են սկսվում, ավելի թեժանում, ավարտվում, եւ դու ես այդ ամենի մեջ, մեջտեղում․․․ Դու ես միջավայրի ստեղծողը։

Հա․․․ Ու ուզում ես հարցնել՝ ինչ կապ ունի այդ ամենն ինձ հետ։

Չգիտեմ՝ հենց այդպես կձեւակերպեի հարցը, թե չէ, բայց դեռ երեկ մտածում էի, որ քո ստեղծածի ամենօրյա պատասխանատվությունը «ծանր» կողմն էլ ունի։

Իրականում լինում են պահեր, երբ ուզում եմ փախչել ամեն ինչից, բայց դա բառիս բուն իմաստով հոգնածությունից է․ ուրիշ պատճառ չկա։

Չեմ կարող ասել, թե «Իլիկն» այն էր, ինչ ուզում էի կամ պատկերացնում (չէի էլ պատկերացնում՝ ինչ է լինելու), բայց շատ ուրախ եմ գոյության համար, չնայած դժվար է, որովհետեւ կյանք է գնում, որովհետեւ չեմ հասցնում երեխաներիս հետ նորմալ շփվել, տեսնել իրենց, զրուցել, ու խիղճս հաճախ տանջում է։

Երեխաներիս շատ կարեւոր տարիքն է, երբ իմ ներկայությունն իրենց կյանքում անհրաժեշտություն է, երբ երեկոյան մենք պիտի կարդանք, քննարկենք, ուղղակի զրուցենք, զբոսնենք, իսկ դա հիմա հազվադեպ է հաջողվում։ Բայց մյուս կողմից համոզված եմ, որ «Իլիկի» գոյությունն իրենց համար պակաս կարեւոր ու հետաքրքիր իրադարձություն չէ, քան մեր շփումը։

Որդիս հատկապես շատ է սիրում «Իլիկը»․ դասերից հետո անհամբերությամբ գալիս է, որ տեսնի իր ընկեր դարձած մեր մշտական հաճախորդներին, իրենց հետ նկարի կամ մատուցող աշխատի։ Աղջիկս մի քիչ ամաչկոտ է, քիչ է գալիս, բայց գիտեմ, որ ընկերների մոտ հպարտությամբ է խոսում «Իլիկի» մասին։ «Իլիկի» ստեղծմանը նաեւ աղջկաս երազանքն է նպաստել․ մի ժամանակ երազում էր, որ մենք մեր փոքրիկ, սիրունիկ խանութն ունենանք։

Ես «Իլիկը» իմը չեմ զգում ու հաստատ կարող եմ ասել, որ ընդամենը համարձակվել եմ տարածք վերցնել ու հարկային պատասխանատվության տակ մտնել, մի քիչ էլ մարդկանց եմ սիրում, մնացածը մարդիկ իրենք են ստեղծել, կամ ինքնիրեն է ձեւավորվել, չգիտեմ։

Ամեն դեպքում, երբ խորանում եմ, շնորհակալության զգացում ունեմ․ չգիտեմ՝ ում հանդեպ է, ինչի համար է, բայց այն, որ մարդիկ ուզում են գալ այդտեղ, ինձ համար արդեն մեծ բան է։ Միշտ եմ զարմանում, երբ ինչ-որ մեկն ինձ «բանի տեղ է դնում»․ ոչ թե թերագնահատում եմ ինձ, այլ ամեն անգամ կարծես առաջին անգամ եմ ընկալում իմ իրական լինելու փաստը։

Միջավայրն ինչպե՞ս ստեղծվեց։

Շատ ինքնաբերաբար։ Հենց սկզբից բոլորն ասել են, որ երբ «Իլիկ» են գալիս, ոնց որ
«տատիկի տուն» գան, բայց իր կարճ պատմության ընթացքում տարբեր ժամանակաշրջանների միջով է անցել, երբ տարբեր մարդիկ տարբեր միջավայր են ձեւավորել։ Սերեր ու մենեջերներ են ի հայտ եկել ու անցել, քաղաքակրթություններ ստեղծվել ու անհետացել, պատերազմներ ու բանակցություններ վարվել, լուրջ․․․ Իհարկե ունենք նաեւ մշտական «իլիկցիների» բավական մեծ խումբ, որ միշտ են եկել ու շարունակում են գալ․ ինձ համար նրանք արդեն ընտանիքի անդամներ են։

Ես մի քանի օր առաջ էլ եկա, ընկերներիս հետ նստեցի հետնամասումմտածում եմ՝ «ոչ բիզնեսային» տարածք է, որտեղ ամեն մտնողին ներս թողնել-չթողնելը տուն թողնել-չթողնելու պես է։

Մշտական թեժ խոսակցության թեմա է։ Հա, ես բիզնեսմեն չեմ ու չեմ էլ կարող լինել։ Մեկ-մեկ շատ ցավոտ է, որովհետեւ սեփական վարքի արդյունքում եւ բիզնես պլանավորման ոչ հստակ լինելու հետեւանքով ինչ-որ իմաստով անհեթեթ խնդիրներ ենք ունենում, հարաբերություններ ենք խզում, պրոցեսներ են դժվարանում։

Սկիզբը հրաշալի էր․ ընկերներով սկսեցինք։ Այնքան ոգեւորված էի, որ մարդիկ իրենք էին առաջարկում մասնակցել ստեղծմանը։ Հետո անցանք վերանորոգման աշխատանքին, ու էլ ավելի ոգեւորվեցի։ Էնտուզիազմ կար․․․ Բայց բիզնեսի բուն ընթացքում պարզվեց, որ հիացմունքն ու սերը, միմյանց անկախությունը հարգելու հատկությունն անմիջական առօրեական աշխատանքի մեջ ահավոր խանգարում է կոնկրետ գործավարությանը՝ միշտ ահռելի ջանք ու ժամանակ ես դնում ճիշտ խոսքեր գտնելու, ճիշտ առաջադրանքներ կազմելու, ճիշտ թիմային համագործակցություն գծագրելու վրա։

Այնպիսի կոնֆլիկտային իրավիճակներ սկսվեցին, որ ես կամ պիտի չոր դրվածք ունենայի ու ստիպված լինեի հրաժարվել համագործակցությունից, կամ որոշ ձեւեր գտնեի։ Ծանր էր։ Մարդը շարունակում է քեզ համար հիանալի մնալ, բայց աշխատանքի մեջ լեզու գտնելը անհնար է թվում։

Եկա այն եզրակացության, որ դա եւս անհրաժեշտ փուլ է թանկ հարաբերությունների պահպանման հարցում, ու պիտի կարողանաս այդ փուլը արժանապատվորեն (այս բառը չեմ սիրում կիրառել) անցնել ոչ միայն քեզ համար, այլ նաեւ դիմացինիդ, որպեսզի դրանից ավելի սերտ լինեն ձեր հարաբերությունները։

Արդեն մոռացա՝ ինչից սկսեցինք։

Բիզնեսմեն չլինելու հարցն էր։

Հա՜․․․ Ինձ համար սարսափելի դժվար է ողջ օրը հաշվարկ անել ու փողի հետ գործ ունենալ։ Ես հոգնում եմ դրանից․․․ Շատ եմ հոգնում։ Իհարկե, գումար ուզում եմ աշխատել, որ կարողանամ ընտանիքիս կարիքները հոգալ, բայց հարստանալու նպատակ չեմ հետապնդում։

Ամեն դեպքում հասկացել եմ, որ եթե չմնամ այնպիսին, ինչպիսին կամ՝ իմ թուլություններով ու թերություններով հանդերձ, չի լինի այն միջավայրը, որը հիմա է։ Եթե սկսեմ «չոր» բիզնես անել (ինչը չեմ էլ կարողանում), մարդիկ ուղղակի չեն գա՝ եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ պրոֆեսիոնալ սրճարանային բիզնեսի կառավարման առումով ես դեռեւս շատ անմրցունակ եմ։ «Իլիկը» դարձել է տեղ, որի կարիքը զգում են։

Ես ինքս հաճախ հոգնում եմ ամենօրյա նույն զրույցներից ու մարդկանցից․․․ Ու զարմանում եմ, որ կան մարդիկ, ովքեր ամեն օր են գալիս։  Հարցնում եմ մեր մշտական հաճախորդներից՝  չեն ձանձրանում, «զահլեքները» չի գնում նույն տեղից։ Վահանն, օրինակ, ասում է, որ չի ձանձրանում։

Ո՞ր Վահանը․․․Իշխանյա՞ն։

Չէ, Խաչատրյան Վահանը, որն իմ ձեռքբերումներից է․ շատ եմ սիրում իրեն։

Կարծում էի՝ Վահանն աշխատում է ձեզ մոտ։

Տես` ինքն իր ներսում եփվող մարդ է, իներտ, քիչ է շփվում, բայց ասում է՝ գալիս է, որովհետեւ մի բան միշտ ուրիշ է, մարդկանց ամեն անգամ ուրիշ կերպ է տեսնում․․․ Ոնց որ գա կինո նայելու էլի։

Հայաստանն այդտեղ երեւու՞մ է։

Իհարկե չի երեւում։

Ես ինքս գյուղում եմ ծնվել, մեծացել, բավականին լավ գիտեմ միջավայրը, մթնոլորտը, եւ դա է բնորոշում Հայաստանի իրականությունը, ինչքան էլ փորձենք, հերքել, ասել, որ Երեւանում է կենտրոնացած ամեն բան։

Բնականաբար «Իլիկում» դա չկա․ այստեղ «ամենաանհանգիստ» մարդիկ են գալիս, «ամենամտահոգները», ովքեր փնտրում են, մտածում են, տանջվում են, խմում են ու երբեմն էլ հարբում են։ Հայաստանում տիրող ապատիան լրիվ այլ կերպ կբնութագրեի․ այն այդքան գիտակցված  ու մտահոգված չի։

Գյուղին բնորոշ նման մի օրինակ կասե՞ս։

Մեր գյուղերում բոլոր տղամարդիկ «խոպան» են գնում։ Ամբողջ խնդիրը կանանց մենակ մնալն է, երբ չեն տեսնում իրենց տղամարդուն մեկ տարի, չունեն նորմալ հարաբերություններ, նորմալ սեռական կյանք, հետեւաբար կուտակված ագրեսիա կա, ինքնըստինքյան չարություն է առաջանում․․․ Այդ ամենն արտացոլվում է երեխաների հետ ունեցած հարաբերություններում։ Ես սա շատ ներսից եմ ասում, հետեւողի ու տեսնողի աչքերով։

Այն կոնտակտը, որն առողջ եմ համարում ծնողի ու երեխայի միջեւ, ուղղակի չկա։ Նույնիսկ, եթե տղա երեխաների հանդեպ հատուկ վերաբերմունք կա («աստվածացնելու» այդ պաշտամունքային վերաբերմունքը), ապա դրսեւորվում է հիվանդանգին ձեւով, բերում է շատ ավելի վատ արդյունքների, քան, ասենք, խտրականությամբ դրսեւորվող վերաբերմունքն աղջիկ երեխաների հանդեպ, որից նրանք գոնե կոփվում են ինչ-որ ձեւով։

Այս ամենի ֆոնին Հայաստանի եւ քո հարաբերությունները․․․

Ես ծնվել եմ ռուսական գյուղում, մեծացել եմ այնտեղ։

Ո՞ր գյուղն է։

Կալինինոյի շրջան, Պրիվոլնոյե գյուղ։ Ռուսներն են կառուցել այդ գյուղը, բայց իմ մանկության շրջանում տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին ապրում գյուղում, եւ շատերն էլ գալիս էին «դաչա»՝ Սովետի տարբեր հանրապետություններից։ Դրանից է երեւի, որ Երեւանում չէին հավատում, որ գյուղում եմ մեծացել, որովհետեւ շփումներիս շրջանակը շատ մեծ է եղել։

Երբ եկա Երեւան ու համալսարան ընդունվեցի, շոկային էր։ 1991 թվականն էր, անհանգիստ մի շրջան, ու առաջին ցուրտ ձմեռը։ Քաղաքն առհասարակ չէի ճանաչում․ այսպես ասեմ՝ մի օր քնած չկայի այստեղ։ Ուր նայում էի, պատեր էին․ առաջին զգացումս հենց սա էր՝ երկինքը չէր երեւում։

Մորս ասում էի, որ չեմ ուզում համալսարան գնալ, ուզում եմ վերադառնալ գյուղ․ ես ախր քաղաքի մասին երբեք չեմ երազել. ուզեցել եմ կթվորուհի դառնալ, ծնողներս ու անգլերենի ուսուցչուհիս ինձ համոզեցին, որ համալսարան ընդունվեմ։ Մի խոսքով ծանոթությունս Երեւանի հետ ծանր էր, մի քանի տարի հետո նոր մի կերպ սովորեցի, իսկ հետո Մանդելշտամի Երեւանի մասին բանաստեղծությունը կարդացի ու արդեն անվերադարձ սիրեցի․․․

Հետո՞․․․ Հարաբերությունների մասին այս պահից սկսած կարո՞ղ ես ասել։

Հետո ամուսնացա, մեկնեցի Ռուսաստան։ Հինգ տարի ապրեցի Սարատովում ու երեւի հենց այնտեղ էլ սկսեցի գիտակցել կամ մտածել իմ ու Հայաստանի հարաբերության մասին։

Այնտեղ աշխատում էի համալսարանին կից թարգմանչական բյուրոյում՝ որպես թարգմանիչ։ Շատ մարդկանց հետ էի շփվում, ու թվում էր՝ ամեն ինչ լավ է։ Ունեի աշխատանք, լավ ընտանիք էի հարս գնացել՝ «կուշտ», հարուստ, ճանաչված, բայց ինձ դժբախտ էի զգում։ Պատճառը Հայաստանից դուրս լինելն էր․․․Վատ էի զգում ինձ։ Երեւի մի այլ պատճառ էլ կար․ բավարարված լինելն ինձ սարսափելի ձանձրացնում էր, ես կասեի՝ քայքայում։ 

Հիշում եմ՝ ամուսնուս համոզում էի, որ թատրոն գնանք կամ կինո, բայց թե´ իր, թե´ ընտանիքի համար իմ այդ ցանկությունն անհասկանալի էր։ Շատ հարաբերությունների, շատ պատճառների արդունքում եմ ամուսնացել, թողել, գնացել, բայց անկախ ամեն ինչից, այնտեղ ինձ հողից կտրված բույսի պես էի զգում եւ ադապտացվելու շանս չունեի։

Վերադառնալուց հետո այդ հարաբերությունները ինչ-որ ձեւով վերարժեւորվեցի՞ն։ Ի՞նչ փոխվեց, երբ եկար։

Կարծում եմ՝ շատ բան փոխվեց։

Բաժանվեցի, վերադարձա ու մեծ դժվարությամբ այստեղ աշխատանք գտա։ Կարելի է ասել, որ մի տարի ես ու եղբորս ընտանիքը ծայրահեղ աղքատության պայմաններում էինք ապրում։ Բայց ես շատ երջանիկ էի․․․Այն գիտակցումը, որ վերադարձել եմ, մեկ էր դարձնում աղքատությունը, կերածս, հագածս։

Ֆիլմադարանում էի աշխատում։ Տնօրենի՝ Զաքոյան Գարիկի հետ, շատ լավ հարաբերությունների մեջ էինք․ իրենք ինձ համար երկրորդ ընտանիքի պես էին։ Ստանում էի 15,000 դրամ աշխատավարձ, ապրում էի Բանգլադեշում։ Լինում էին օրեր, որ տնից Կորեայի ձոր ոտքով էի գնում (տարածությունը կարող ես պատկերացնել), բայց իսկապես երջանիկ էի։ «Կատելնի» կար ֆիլմադարանի հետևում, տեսե՞լ ես։

Չէ՜․․․

Հրաշք էր․․․ Զաքոյանը հեքիաթային տեղի էր վերածել։ Դիմացը մի մեծ ծառ կար, որի տակ մի մեծ սեղան էր դրել։ Ո´չ իրենք փող ունեին, ո´չ ես։ Ծիրանի այգի կար, ու մենք ծիրանից ինչ ասես սարքում էինք՝ ճաշ, կոմպոտ․․․Այդ տարիներին էր, որ հասկացա հարազատության կարեւորությունը, հասկացա, որ ինչքան էլ լավ լինի այլ տեղում, քո երակների՝ հողին կպնելու ուղիները եթե չլինեն, միշտ մի բան այն չի լինելու։

Անկախության, պատերազմի բուն շրջանում գյուղից դուրս եկար, Երեւան տեղափոխվեցիր, փաստորեն։ Այնտեղ ի՞նչ էր կատարվում։

Տխուր էր գյուղի վիճակը։ Սովետի ժամանակ մարդիկ սովորել էին ապահով կյանքին, մի քանի ազգություն էր մեր գյուղում ապրում, եւ բոլորը հաշտ-համերաշխ։ Իսկ փլուզումից հետո հանկարծ սկսեցին գժտվել, հեռանալ, հայտնվեցին տնտեսական կոլապսի մեջ։

Մարդիկ կոտրվեցին, ինքնուրույն տնտեսություն վարելու պայմանները չհասկանալու ու չունենալու արդյունքում շատ արագ աղքատացան։ Փախստականներ, պատերազմ, բլոկադա․․․ Քաոսային վիճակ էր, չնայած 90-ականներին մարդկանց մեջ դեռ պահպանվում էր իրար ձեռք մեկնելով ապրելու սովորույթը, հետո շատ չարացան։ Այդ օրերի հետ կապված մի հետաքրքիր պատմություն կա, որ մեր ընտանիքի հետ «պատահեց»․․․

Պատմիր․․․

Մի օր, երբ Երեւանում դասերի էի, հայրս ասաց, որ գյուղում ինձ անակնկալ է սպասում։ Անհամբեր գնացի, տեսնեմ՝ տանն անծանոթ տղա է ապրում։ Մորս հարցրի՝ ով է, ասեց՝ «մեծ եղբայրդ»։

Պարզվեց հայրս Երեւանում ընկերների հետ մի տեղ հաց ուտելիս է եղել, ու հենց այդ տղան է մատուցել։ Խեղճ, տարօրինակ դեմքով (մեծ շրթունքներով, ատամների կեսը չկար) այս տղայի մասին, երբ հայրս հարցնում է, ասում են, որ կապանցի է, պատերազմի ժամանակ կռվել է ու կորցրել է ողջ ընտանիքը։ Որբ է։ Հայրս որոշում է, որ տղային մեր տուն պիտի բերի ու ասում է, որ այդ օրվանից իր «ավագ տղան կլինի»։

Քույրս, մայրս «մուննաթով» էին վերաբերում տղային, եղբայրներս անտարբեր էին։ Ես ու հայրս ամեն բան անում էինք, որ իրեն լավ զգա, չնեղվի։ Անունն Աշոտ էր։

Հայրս այդ տարիներին մեր շրջանում հեղինակություն էր համարվում, ու Աշոտն ինտենսիվորեն օգտվում էր իրավիճակից․ բենզին էր լցնում, ասում էր՝ Սահակյանը փողը կտա, խանութներից պարտքով բան էր վերցնում․․․ Ու այդպես մի տարի շարունակ մինչեւ հանգուցալուծման օրը, երբ ես երկրորդ հարկ բարձրանալիս պատահաբար լսում եմ հետեւյալ հեռախոսազրույցը․ «Մամ ջան, մերոնք ո՞նց են, ստացա՞ք «պասիլկան»․․․ Հա, հա ես հիմա Լենինգրադում եմ, մի մտածիր, ամեն ինչ լավ կլինի»։

Ներս մտա, հեռախոսն ընկավ ձեռքից։ Հիստերիայի մեջ ընկա, ասեցի, որ իսկույն եւեթ գնա տնից։ Մենք իրեն «որբ» էինք համարում, պարզվեց՝ մեծ ընտանիք ունի ու նրանց ասել է, որ Լենինգրադում է աշխատում, մեզ էլ, պարտքերի մեջ գցելով, ծանրոցներ է ուղարկել տուն։

Այս ամենը դեռ մի կողմ, նույն օրը մի ուրիշ շոկային պատմություն պարզվեց, որ կապվել է մեզ շատ հարազատ մի մարդու կնոջ հետ (Ռուս ընտանիք էր։ Հայրս այդ ընտանիքին հատուկ էր վերաբերվում, որովհետեւ Կոլյան՝ ընտանիքի հայրը, մնացել էր կոմբայնի տակ ու զրկվել մի ոտքից։ Երեք երեխա ունեին)։ Աշոտը Կոլյայի կնոջը համոզել էր ոսկեղենը ծախել, հետո գիշերը միասին փախել էին՝ թողնելով հաշմանդամություն ունեցող տղամարդուն երեք երեխաների հետ մենակ։

Երկու օրից կինը հետ եկավ․ Աշոտը վերցրել էր փողերն ու «թռել»՝ թողնելով իրեն օդանավակայանում․․․ Այսպիսի տարօրինակ պատմություն անկախության տարիներից։

Անահիտ, ինչպես արդեն ասացիր, «անհանգստացողներն» են հավաքվում «Իլիկում»։ Ամեն օր նման միջավայրում գտնվելն ու միջավայրի հանդեպ պատասխանատվությունն ինչպե՞ս ես կազմակերպում։

Եղել են կոնֆլիկտային իրավիճակներ, բայց ոչ շատ։ Ամեն դեպքում, երբ առաջին լուրջ կոնֆլիկտը տեղի ունեցավ, ինձ «մեղադրեցին», որ ես չմիջամտեցի, չդրսեւորեցի ինձ տարածքի «տիրոջ» պես։

Երբ վերլուծեցի իրավիճակը, հասկացա, որ չեմ կարող պարտադրել ինչ-որ բան, որ չեմ ուզում մարդկանց հետ «դաստիարակչական» աշխատանք տանել․․․ Ես այդ տարածքը ստեղծել եմ, որ մարդիկ գան, խոսեն, արտահայտվեն, եւ թեկուզ կոնֆլիկտներ էլ տեղի ունենան․․․ Ես դրան դեմ չեմ, քանի որ ցանկացած կապի ու հարաբերության մեջ կոնֆլիկտն անհրաժշտ բան է, եւ չեմ ուզում միջամտել մինչ այն պահը, քանի դեռ ռեալ ֆիզիկական վտանգ չի առաջանում։

Մի այդպիսի իրավիճակում կռիվը դադարեցնելու անզորությունից ուղղակի բոլորին դուրս եմ հանել «Իլիկից»։ Հետո ծիծաղելի բան եղավ՝ խելոք հետ եկան, ու դրանից հետո միահամուռ որոշեցինք հաճախորդների հետ «ժողովներ» անել։

Ամեն մեկը ելույթ ունեցավ, ասում էին, որ «Իլիկում» պետք չի «տղայություն» ցույց տալ, որ իրենք գալիս են այստեղ հանգստանալու ու շփվելու, ոչ թե կռվելու, ես էլ մի քիչ վրդովվեցի, այդպես հարցը կարգավորվեց, իրավիճակն էլ հանգուցալուծվեց։ Հիմա էլ այդ մեր «հաճախորդների հետ ժողովներ» երեւույթը շատ եմ սիրում, ինչ-որ շատ զվարճալի ու կառուցողական բան կա դրա մեջ, նաեւ ուսուցանող, ինչու չէ։

Ուրախ եմ, որ «Իլիկում» այդ հյուրընկալ-հաճախորդ հարաբերությունների ֆորմալ սահմանագիծը, թե ով իրեն ոնց պիտի պահի ու ինչ իրավունքներ ունի, հաճախ խաղարկման թեմա է դառնում։ Մեկ էլ տեսար՝ մեկը խնդրում է «մի քիչ մատուցողություն» անել, կամ, եթե հանկարծ շտապ ինչ-որ բան է պետք խանութից, ու իրարանցման մեջ չենք հասցնում, ամենայն հանգիստ աներեսությամբ կարող ենք խնդրել հաճախորդին «մի հատ վազել, բերել»․․․

Այդպես մեր՝ իրար նկատմամբ ունեցած սերն ու հավեսը ավելի է ամրապնդվում, առաջնորդվում ենք այն գիտակցությամբ, որ այս ամենը խաղ է, ու մենք ենք դրան լուրջ կամ անլուրջ վերաբերվողները։

Իհարկե, այս ամենի մեջ չափի զգացումը շատ կարեւոր է, ու մեր ուժերի սահմաններում փորձում ենք «չափը չանցնել», որովհետեւ նման միջավայրը շատ խոցելի տեղեր ունի, ու «հավեսը» շահարկումից բաժանող մի քայլը միշտ պետք է վերահսկել։

Քաղաքական, քաղաքացիական դիրքորոշում ունեցող հաճախորդները միշտ էլ թեժ բանավեճերի մեջ են քեզ մոտ։

Իմ ամենասիրելի մարդկանցից շատերը «Իլիկում», որքան էլ պարադոքսալ հնչի, «կոմունիստներն» են, ովքեր խանդավառված պաշտպանում են ուտոպիստական գաղափարներ, ու ես հաճախ կտրականապես համաձայն չեմ իրենց դիրքորոշումների հետ։

Կոնկրետ որպես չարիք եմ ընկալում որեւէ սխեմավորված կառուցվածքի առաջարկ․ այն ամեն դեպքում խոցելի մարդկանց դուրս է «շպրտում»․ լինեն դրանք հեղափոխության իրագործման համար անհրաժեշտ զոհերը, թե գաղափարական անհամաձայնները, թե տվյալ «իզմի» իրականացմանը խանգարող խմբավորումները․․․

Կապիտալիզմը խոցելիներին դուրս «չի՞ շպրտում»։

Հա, չեմ ասում, որ կապիտալիզմն եմ պաշտպանում։ Նույն կերպ էլ վերաբերում եմ կապիտալիզմին, բայց այժմյան իրականությունը սա է, ես էլ դրա մեջ կամ։ Ասածս այն էր, որ չեմ հավատում ընդհանրացնող գաղափարներին․ ես մարդկային հարաբերությունների մեջ եմ ընկալում եւ հասկանում ցանկացած բան, դրանից դուրս ինձ համար յուրաքանչյուր գաղափար չարիք է։

«Իլիկից» դուրս կա՞ տեղ, որտեղ քեզ զգում ես կպած, կապված։

Այն տեղը, որտեղ ուզում եմ լինել ու միաժամանակ վախենում եմ, իմ մանկության վայրն է՝ Պրիվոլնոյե գյուղը, որը հիմա շատ վատ վիճակում է։ Կործանվող մի գյուղ, որտեղ գնալ ու մեկ-երկու տարի մնալս երազանք է։

Նման ռոմանտիկ բաները երեւի անհեթեթ են, բայց գյուղն իսկապես ոնց որ ինձ «ստիպի» գնալ, որովհետեւ կործանվող վիճակը եթե չֆիքսես, պատմությունները հետ չբերես, ինքը կգնա, կկորչի․․․ Իսկապես ափսոս է, իսկ իր մասին արժե հիշել, որովհետեւ պատմության հետաքրքիր շերտ է ներկայացնում, որովհետեւ կար մթնոլորտ, որը չկրկնվող է․․․ Բայց ես վախենում եմ, քանի որ կապված է շատ կենսական անհարմարությունների հետ, որոնցից հետ եմ վարժվել։

Ողջ զրույցի ընթացքում հետաքրքիր մի բան եմ զգացել, որը բառերով բացատրելը դժվար է։ Թվում է՝ ապրում ես հարմար, ունես մարդիկ, հարաբերություններ, բայց ոնց որ չհամակերպվելու, անհարմարության նշաններ կան։ Հիշում եմ՝ մի օր ֆեյսբուքով հայտարարեցիր, որ «Իլիկն» ուզում ես փակել։

Այդ անհարմարությունն ինձ բերում է ներդաշնակության։ Չեմ ուզում պարադոքսալ հնչի, բայց իսկապես այդպես է։ Քաղաքի կյանքն ինձ համար ամեն դեպքում օտար է։ Ես պետք է ինչ-որ ֆիզիկական աշխատանքի մեջ մտնեմ, որ կարողանամ ինքս ինձ հետ խոսել։

Երբ ութ տարի առաջ կորցրի ամուսնուս, ազնվորեն եմ ասում՝ ուզում էի պառկել ու ոչինչ չանել, բայց քանի որ ընտանիք ունեի ու պիտի շարունակեի ապրել, չէի կարող ինձ նման բան թույլ տալ։ Ոչ մեկ չի ասի՝ դու հանգստացի,  շոկդ ապրիր․ չէ՛ , դու ինքդ մի բան պիտի անես, որ դուրս գաս այդ վատ վիճակից (բարեբախտաբար շատ վաղուց էի դեռ հասկացել, որ երեխադ քեզ անընդհատ դժբախտի դերում պիտի չտեսնի, պիտի կյանքի համն իրեն ինչ-որ ձեւով փոխանցես, որքան էլ դժվար լինի)․․․

Փորձում էի «կենդանի» մնալ երեխաներիս ներկայությամբ, ու այդ առումով գյուղն ինձ փրկեց։ Ունեի ընկերներ, ովքեր կողքիս էին, գնում էի հոգեբանի մոտ․ կարեկցանքն իրոք շատ գնահատելի էր, բայց չէր օգնում։ Ինձ ամեն ինչ տարօրինակ ու անպետք էր թվում, չէի գտնում մի բան, որից կարող եմ կառչել ու համոզել ինքս ինձ առաջ գնալ։ Ներքին պատրաստվածություն, փաստորեն, չունեի։

Ընտանիքով գյուղ գնացինք, մի տարի ապրեցինք այնտեղ։ Չգիտեմ՝ ինչպես բացատրեմ, թե ոնց էի քնում ու սպասում լույսի բացվելուն, որ ժամը վեցը գա, ու գնամ, տեսնեմ՝ տերեւն ինչ եղավ, վարդը բացվեց, թե չէ։ Կենդանի էակների հետ ունեցած հարաբերության պես էր․ նույնիսկ մոլախոտի մասին էի մտածում։ Գիտեի` ինչքան էլ հեռացնեմ, «ճանապարհ» է բացելու իր համար, ու ես այդ ճանապարհների դիտորդն ու անմիջական մասնակիցն էի դառնում։

Այդ աշխարհի մեջ լուծվեցի ու իդեալական վիճակում էի ինձ զգում, արտաքին անհարմարությունները զուտ որպես շարժառիթ էին ծառայում, հին մոռացված ու նոր մտորումների բազմազանություն տալիս։ Ֆիզիկական այդ հոգնածությունն անհրաժեշտ հաճելի էր։

Այստեղ ես չեմ ունենում ֆիզիկական հոգնածություն, ինչքան էլ վազվզեմ, մի գործից մյուսին գցվեմ, ֆիզիկապես չեմ հոգնում, բայց շատ ավելի վատ, տհաճ հոգնածություն եմ զգում. ոնց որ մեկը կիտրոնի պես ինձ անընդհատ քամի․․․ Էներգիայի վերարտադրում չկա, այսպես ասած՝ քաղաքի պատերն այդպես էլ «պատ» մնացին ինձ համար։ Ու հասկանում եմ, որ եթե նորից ընկնեմ ավելի դժվար, բայց ինձ հարազատ գյուղական «անհարմարության» մեջ, ինչ-որ ձեւով ավելի ազնիվ կլինեմ ու միաժամանակ նոր լիցքեր կստանամ։

Քաղաքական, քաղաքացիական, մշակութային իրադարձությունները, մարդիկ, ովքեր կոտրվում են եւ/կամ ոգեւորվում այդ իրադարձություններից, հայտնվում են նաեւ քեզ մոտ մի բաժակ գարեջրի շուրջ խոսելու, շարունակելու «իրադարձությունն» այլ ձեւով։ Ռոմանտիկնե՞րն են գերակշռում, թե՞ ռեալիստները։

Իհարկե, ռոմանտիկները. երեւի ես եմ ամենառեալիստը, ինչքան էլ անհեթեթ հնչի (ծիծաղում է)։

Օրինակ, հաճախ եմ լսում, որ մարդ չի կարող քաղաքականությունից դուրս լինել։ Երեւի ճիշտ է, բայց ինձ համար դա ոչինչ չի նշանակում, նույն թյուրըմբռնումն ունեմ այդ երեւույթի նկատմամբ, ինչ ասենք՝ ՏՏ ոլորտի․․․ Դրա մեջ ենք, հա՜, առանց դրա չկանք, ըհը~, պետք է անընդհատ ձեւեր մտածենք ու քննարկենք համայնքային, հասարակական եւ գլոբալ կյանքը մարսելի դարձնելու համար․․․Հարց չկա․․․ Նավակը նաեւ հենց նրա համար է, որ հանկարծ չխորտակվի, եւ հակառակը՝ ես նաեւ հասկանում ու ընդունում եմ քաղաքական իրադարձությունների ազդեցությունը մեր այսօրվա կյանքի վրա․ եթե ֆեմինիստական շարժումը չլիներ, եթե սեքսուալ հեղափոխություն չլիներ, եթե Եղեռնը չլիներ, եթե պատերազմը չլիներ․․․ Այդ «եթե»-ներն ընդամենը պայմանական երեւույթներ են, գրեթե եղանակի պես, ու դրանք ուսումնասիրության առարկա դարձնելը կամ դրանցով ուղղորդվելն ուղղակի իմ գործը չէ։

Բայց մեծ հետաքրքրությամբ եմ լսում եւ մասնակցում քննարկումներին։ Զրույցների մեջ շատ տխրություն, ցավ, անհաշտելիություն կա, ծանրաշարժ հուսախաբություն, բայց նաեւ անսահման հումոր ու ջերմություն։ Հիմնականում մերոնք մարդասեր ցինիկներ են, իսկ ես վաղուց եմ հասկացել, որ աշխարհի ամենառոմանտիկ մարդիկ հենց ցինիկներն են։

Գուցե սխալ եմ (եւ ենթադրում եմ, որ սխալ եմ), բայց ինձ համար կարեւոր է մարդկանց միջեւ զրույցը, իրար լսելն ու զգալը, մարդկանց հարաբերությունները, հաղթահարումներն ու տապալումները։

Ինչու՞ ենք մենք կողք-կողքի ապրում, շփվում իրար հետ, բախվում ու հեռանում իրարից։ Անհատական մակարդակով շփումն ինձ համար ավելի հարազատ է, քան զանգվածային գործընթացները, չգիտեմ, գուցե ես չափազանց թերահավատ կամ վախկոտ եմ։ Ա՜յ այդ իրար լսելու հնարավորությունը, եթե կարողանում եմ ապահովել մեզ մոտ,  ինձ համար շատ կարեւոր ու հետաքրքիր է։

Հաստատ եղել են մարդիկ, ում «հայտնաբերել» ես։

Իհարկե, շատ։ Իմ ամենասիրելի մարդը Վահան Խաչատրյանն է։ Առաջին օրերից, երբ սկսեց գալ, դեռ լավ չէի ճանաչում, այդքան էլ հետաքրքիր չէր ինձ համար։ Վահանը միանգամից սիրեց «Իլիկը», ու դա ինձ միշտ զարմացնում էր։ Սկզբնական շրջանում հաճախ էր պատահում, որ մարդ չէր գալիս, մենք մեզանով էինք, կամ ես մենակ էի մնում,  Վահանը գալիս էր, ու ժամերով զրուցում էինք։ Ինձ համար իսկապես բացահայտում էր․ անհամբեր սպասում էի մեր հաջորդ հանդիպմանը։

Զարմանալի անհամապատասխանություն կա Վահանի փիլիսոփայական մոտեցումների՝ կյանքն անիմաստ է, բոլորն իրար նման են, չկա լավն ու վատը, ու իր՝ «Իլիկի» հանդեպ ունեցած վերաբերմունքի մեջ։ Շատ է եղել, երբ հենց ինքն է գործնական օգնել, որ «Իլիկը» չփակեմ։ Երկար ժամանակ այն տպավորությունն էր, որ հատուկ է գալիս ինչ-որ բան պատվիրում, որ մենք գումար աշխատենք ու չփակվենք։

Բայց միայն Վահանը չի․․․ Նոր տարուն ես մի ստատուս գրեցի ֆեյսբուքում, ուր ուղղակի անուններ էի թվարկել, ովքեր ինձ համար «Իլիկի» հայտնագործություն դարձան 2017թ․-ին։ Առնվազն 30 մարդ եմ գտել, հայտնագործել, սիրել «Իլիկում»։

Փակելու միտքն, ամեն դեպքում, անհանգստացնում է քեզ։

Հա, որովհետեւ անընդհատ պիտի մտածեմ հաջորդ քայլի մասին, որ լճացման չգնա։ Ու չեմ ուզում «Իլիկը» երկար մնա, ինչքան էլ կարոտեմ։ Երբ խորանում եմ, հասկանում եմ, որ իմ տեղը քաղաքից դուրս է։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter