Մատչելիության հղումներ

Բերդիմուհամեդովն իր մահվան մասին հաղորդումներից հետո առաջին անգամ երևացել է Կասպյան համաժողովում


Ռուսաստանի վարչապետն ու Թուրքմենստանի նախագահը Կասպյան տնտեսական համաժողովում, 12-ը օգոստոսի, 2019թ․
Ռուսաստանի վարչապետն ու Թուրքմենստանի նախագահը Կասպյան տնտեսական համաժողովում, 12-ը օգոստոսի, 2019թ․

Այս շաբաթասկզբին Կասպյան ավազանի հինգ երկրների՝ Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի, Ղազախստանի և Ռուսաստանի վարչապետերի, բիզնես ներկայացուցիչների, էներգետիկ ընկերությունների պաշտոնյաների հանդիպումը հետաքրքիր էր մի շարք ուշագրավ պահերով․ անցած երկու օրերին Կասպյան տնտեսական համաժողովն անցկացվել է Թուրքմենստանի Ավազա քաղաքում։

Նախ իր մահվան մասին ոչ պաշտոնական հաղորդագրություններից հետո Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն առաջին անգամ երևացել է հանրությանը․ երկուշաբթի օրը նա ողջունել է համաժողովի մասնակիցներին։ Հուլիսից նրա մահվան մասին լուրերը թեև պաշտոնապես հերքվում էին, բայց նախագահը չէր երևում հանրությանը, և կասկածները չէին փարատվում։

Երկրորդ՝ Կասպյան երկրների ներկայացուցիչները բազմաթիվ հանդիպումներ են անցկացրել, բայց համարվում է, որ սա տնտեսական առաջին համաժողովն է, որտեղ այդուհանդերձ մեծ առաջընթաց չէր ակնկալվում, քանի որ Կասպիցի իրավական կարգավիճակը դեռ կոնկրետ, վերջնական ձևակերպված, ընդունված, վավերացված չէ։

Ուղիղ մեկ տարի առաջ Կասպյան երկրները կարգավիճակի մասին կոնվենցիա էին ստորագրել, սակայն դեռ այն ժամանակ փորձագետները նշում էին, որ դա նման է կարգավիճակի հարցում ինչ-ինչ առաջընթաց ցույց տալու արարողության, քանի որ հիմնականը՝ Կասպիցի բաժանման հարցը, չէր լուծվել։

Կասպիցի էներգետիկ հարստություններն օգտագործելու շուրջ դեռ կան որոշ տարաձայնություններ, մասնավորապես, Թուրքմենստանը և Ադրբեջանը պլանավորում են ծովի հատակով գազամուղ կառուցել՝ թուրքմենական գազն Ադրբեջան, այնուհետև Թուրքիա և Եվրոպա արտահանելու նպատակով։

Այս ծրագրին դեմ է Իրանը։ Ռուսաստանը ևս ակնարկում է, որ չի պաշտպանում այդ նախագիծը։ Երկուսն էլ պատրվակ են բերում բնապահպանական խնդիրները։

Իրանի գազի ազգային ընկերության ներկայացուցիչ Բեհրուզ Նամդարին համաժողովում ասել է, թե Կասպից ծովի արևելքից արևմուտք գազատարի շինարարությունը կարող է լրջորեն վնասել տարածաշրջանի էկոլոգիան։ Նա առաջարկել է թուրքմենական գազը Եվրոպա հասցնելու համար օգտագործել Իրանի ենթակառուցվածքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG