Բաժիններ՝

Ո՞նց կարող է գիտնականն ուսուցչից ցածր աշխատավարձ ստանալ. Արեգ Միքայելյան

«Աստղադիտարանին առաջին հերթին լավ կադրեր են անհրաժեշտ: Ես միշտ ասել եմ՝ մեզ մոտ կադրային կատաստրոֆա է: Նոր կադրեր չկան, քիչ են: Եթե մարդկային ռեսուրսը նվազի, էլ հույսներս ինչի՞ վրա դնենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Նրա խոսքով՝ դեռևս 2017թ., այսպես ասած, արհեստական քայլեր արեց՝ գիտական կազմը պահպանելու համար: Բյուրականի աստղադիտարանի աշխատակազմը բաղկացած էր 36 անձից, Ա. Միքայելյանը  ներգրավել է ևս 5 գիտաշխատողի: «Նրանց, չգիտեմ ինչու, գիտական հաստիքից հանել էին, կամ նրանք էին դուրս եկել, ինժեներ էին աշխատում կամ տեխնիկական ինչ-որ գործեր էին կատարում: Նոր բաժին բացեցի՝ պատմամշակութային աստղագիտություն, որտեղ մարդկանց ընդգրկեցի: Այսպես աշխատակազմը դարձրեցի 40-41 հոգի, իսկ 2018թ. ռեալ կադրեր եկան: Նրանք, ճիշտ է, խոստովանում են, որ ուզում են հնարավորություն գտնել ու արտասահման գնալ, բայց դե, կարող ենք համարել, որ կադրային հարցն ինչ-որ չափով լուծում ենք»,- ասաց նա:

Արեգ Միքայելյանի խոսքով՝ շատերն են փոքր տարիքում ուզում աստղագետ դառնալ, հետաքրքրված են լինում, հետո կարծես ոգևորությունն անցնում է, փոշմանում են:

«Կարծում եմ՝ մեր երիտասարդությունը վերադաստիարակման կարիք ունի: Արժեքները լրիվ ուրիշ են: Բոլորի ուշքն ու միտքը հաջող գործ ունենալն է: Բայց հայտնի խոսք կա՝ ոչ թե փորձիր հաջողակ, այլ սիրված գործ գտնել, որն էլ ապահովում է հենց հաջողությունը: Տարածված արտահայտություն կա, չէ՞, ասում են՝ այս գործը ձեռք չի տալիս: Ձեռք չտալն էլ եկամուտի չափն է: Այսինքն, իրենց չի հետաքրքրում, թե ո՞ր ոլորտում են, կարևորը՝ փող աշխատեն: Արդյունքում՝ մեծանում են, հետո տեսնում են, որ ոչ մի բանի չեն տիրապետում: Մարդիկ կորցրել են այն մտածելակերպը, որ պետք է ունենալ սիրված ու իրենց հարմար մասնագիտություն: Եթե մարդն իր չսիրած գործով է զբաղվում, հնարավոր չէ, որ լավ գործ անի, զզվելու է: Դրա համար սիրած գործը պետք է ընտրի»,- նշեց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է աշխատավարձին՝ նկատեց. «Մեզ մոտ վարձատրման ճիշտ համակարգ չկա. ո՞նց կարող է գիտնականն ուսուցչից ցածր աշխատավարձ ստանալ: Աստղադիտարանում կրտսեր գիտաշխատողը ստանում է 95.000 դրամ՝ ներառյալ հարկերը: Արդյունքում՝ 65.000-70.000 է մնում իրեն: Ավագ գիտաշխատողը 125.000 դրամ է ստանում, 140.000 դրամ՝ առաջատար գիտաշխատողը, 155.000 դրամ՝ գլխավոր գիտաշխատողը: Բայց սա միայն բազային աշխատավարձն է: Ակտիվ գիտաշխատողն այն կարող է եռապատկել, քառապատկել: Լրացուցիչ գումար ստանում են, կան նաև միջազգային գրանտներ, հոնորարներ: Միջինում ամեն երիտասարդ ստանում է 200-250.000 դրամ»:

Տնօրենի փոխանցմամբ՝ պետությունը բյուջեից 212 միլիոն է հատկացնում Բյուրականի աստղադիտարանին, որից 160 միլիոնը աշխատավարձերին է տրամադրվում:

«Հիմա գումարները ծախսում ենք՝ ի նպաստ գիտության: Երբեմն կատակով ասում եմ, որ մեզ մոտ հեղափոխությունը դեռևս 2017 թվականից է սկսվել: Նախ՝ չարաշահումների վերջն է դրվել, այն մեծ մասշտաբի չէր, բայց չարաշահումներ կային՝ թեկուզ էքսկուրսիաների հարցում: Մեկը չէր ասում, որ եկել են էքսկուրսիա, ու գումարը վերցրել էր, մեկի ձեռքն էլ հյուրանոցի վրա էր, մի քանիսը շինարարական գործերի վրա փողեր էին ուղղում, տեսնում էիր, որ կեսով էլ կարելի էր այդ գործն անել: Էքսկուրսիա եկողներին՝ մեկին մի թիվ էր ասում, մյուսին՝ ուրիշ: Այժմ մեր կայքում, Ֆեյսբուքի էջում գինը կոնկրետ գրված է:

Հիմա խիստ հսկվում է այս ամենը: Նախկին չարաշահողներին գործից չեմ ազատել, բայց այդ ֆունկցիաներն արդեն իրենք չեն կատարում»:

Անդրադառնալով նրան, որ աստղագիտությունն այլևս դպրոցներում չի դասավանդվում, Արեգ Միքայելյանը նշեց.

«Մենք հիմա մեր կողմից փորձում ենք օգնել: Այցելում ենք դպրոցներ: Ամեն տարի՝ մոտ 30 դպրոց: Պրոֆեսիոնալ աստղագետներն են գնում: Շեշտը դնում ենք մարզերի վրա: Այնտեղ, ի դեպ, ավելի հետաքրքրված են: Եղել է, որ 150 հոգի եկել է լսելու: Արդեն 5-րդ տարին է՝ կազմակերպում ենք նաև գիտաճամբարներ»:

Աստղադիտարանի արխիվում պահպանվում  են 37.000 աստղագիտական թիթեղ, ժապավեն կամ դիտողական տեղեկատվության այլ կրիչ: Արեգ Միքայելյանը տեղեկացրեց, որ հիմա ամբողջ արխիվը թվայնացնում են.

«37.000 թիթեղից մոտ 20.000-ն արդեն թվայնացրել ենք: Սա որպես հասարակ նախագիծ էինք անում, բայց շատ լուրջ սկսեցին վերաբերվել թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս: Նույնիսկ Վիեննայում հատուկ որոշում կայացվեց արխիվային թիթեղների թվայնացման համար:

Աշխարհում այդ գործընթացը սկսել են 1990-ական թթ. վերջից, ես 2002-ից եմ սկսել: Այդ ժամանակ թվայնացնելու հնարավորություն տվող տեխնիկա չկար: Երբ ուզում էի դատարկ DVD ձեռք բերել, այն ժամանակ դա արժեր 20 դոլար: Հիմա կարծեմ 100 դրամ է ու արդեն պետք էլ չէ, քանի որ կոշտ սկավառակների վրա է պահվում: Ամեն դեպքում մի կերպ ձեռք էի բերում: 2002թ. սկսեցինք ու 2007թ. ավարտեցինք Բենիամին Մարգարյանի շրջահայությունը թվայնացնելը, որը հետո մեծ հաջողություն բերեց: Երբ նոր էինք սկսել աշխատանքները, ո՛չ փող կար, ո՛չ աշխատավարձ, որ վճարեի, սակայն հետո գրանտներ եղան: 2011 թվականին Բ. Մարգարյանի շրջահայությունը գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register): Սա հազվագյուտ բան է»:

Խոսելով գրադարանը նոր գրքերով համալրելու մասին՝ Արեգ Միքայելյանն ասաց, որ հիմա ավելի շատ էլեկտրոնային եղանակով են գիրք կարդում, ավելին՝ գրքեր չեն ստանում, քանի որ չեն հրատարակվում:

«Աստղագիտական պրոֆեսիոնալ ամսագրերն այլևս տպագիր չեն հրապարակվում, միայն էլեկտրոնային են: Է, ի՞նչը ստանանք: ԽՍՀՄ փլուզումից հետո գրեթե ոչ մի ամսագրի համար չենք բաժանորդագրվել: Այժմ այլ՝ մատչելիության հարցը կա: Որոշ ինֆորմացիա փակ է, դրա համար պետք է վճարես: Հիմա գնելը կամ բաժանորդագրվելը դա է»:

Աստադիտարանի տնօրենն անդրադարձավ նաև Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակին, որը սահմանվել էր 2009 թվականին:

Ներկայիս կառավարությունը որոշում կայացրեց Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը հաստատել, քանի որ օդից կախված էր մնացել, և գումարը 500.000 դոլարից իջեցրեց մինչև 300.000 դոլար: Բայց դրա փոխարեն մտցվեց մի կարևոր նորամուծություն: 200.000 դոլարը տրվելու է հաղթողներին, իսկ 100.000 դոլարն ուղղվելու է Հայաստանում աստղագիտության, աստղաֆիզիկայի ու հարակից գիտությունների զարգացմանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս