Ես չեմ լինելու «գաստրոլյոր» պատգամավոր. Նաիրա Զոհրաբյան
«Դեկտեմբերի 9-ին ժողովուրդն ում ինչքան քվե կտա, այդ ժամանակ էլ պարզ կլինի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբացության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Եթե քաղաքական ռեալ պոլիտիկան առաջնորդվեր և ձևավորվեր հայտարարություններով և ցանկություններով, հավատացնում եմ, որ բացարձակապես այլ իրականություն կունենայինք։ Ես ընդհանրապես չեմ սիրում քաղաքականության մեջ առաջնորդվել կոֆեի բաժակի մրուրով, թե կոֆեի բաժակի հետագիծն ինչ ցույց կտա, կամ ով ինչ ունի իր մտքում պահած։ Տարբեր եզրույթներով համեմատում են, բայց կարծում եմ, որ քաղաքականությունն ինձ համար առաջին հերթին ազնվությունն է։ Քաղաքական գործիչը պետք է ասի այն, ինչ մտածում է, ոչ թե մտածի մեկ բան, ասի մեկ այլ բան»,- ասաց պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանի խոսքով, ԲՀԿ-ն գնում է արդար մրցապայքարի։
«Մեր զրուցակիցը լինելու է ՀՀ քաղաքացին։ Մենք գնում ենք՝ նրան ներկայացնելու մեր բավականին ուժեղ նախընտրական ծրագիրը։ Քաղաքացին տեսնելու է, որ այս ծրագրի իրականացումը բերելու է լուրջ տնտեսական փոփոխությունների։ Մենք չենք գնում որևէ մեկին վիրավորելու, մենք չենք գնում ուրիշ քաղաքական ուժերի հաշվին դիվիդենտներ շահելու։ Մենք կոռեկտության կոչ ենք անում բոլորին, ով այդ կոռեկտությունը կխախտի, համարժեք պատասխան կստանա»,- շեշտեց խորհրդարանականը։
Դիտարկամանը, որ իրեն «աքսորել են», քանի որ առաջադրվելու է Վայոց ձորի և Սյունիք մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքից, Նաիրա Զոհրաբյանը չհամաձայնեց՝ նշելով, որ այդ տեսակետը սխալ է։
«Կարծում եմ՝ կայացած քաղաքական գործիչը պետք է վստահության քվե ունենա ոչ միայն այն բակում, որտեղ ծնվել-մեծացել է, այլև հանրապետության ցանկացած բնակավայրում, որտեղ կորոշի իր կուսակացությունը։ Բացի այդ, իմ արմատները Սյունքից են, իմ արմատներն ինձ համար շատ թանկ և սիրելի են։ Թող անհամեստ չհնչի, կարծում եմ, որ որպես քաղաքական գործիչ՝ այս տարիների ընթացքում ես վաստակել եմ այն իրավունքը, որ կարող եմ վսահության քվեա ակնկալել ՀՀ յուրաքանչյուր բնակավայրում»,- ասաց պատգամավորը։
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկա օրերին տեղափոխվելու է Սյունիքի մարզ և փորձելու է լինել բոլոր հնարավոր բնակավայրերում, օգտագրծել քարոզչության բոլոր հնարավոր մեթոդները։
«Փորձելու եմ սյունեցուն, վայոցձորցուն հասցնել այն կարևոր մեսիջը, որ իրենց համար լինելու եմ հասանելի պատգամավոր, և իրենց բոլոր օբյեկտիվ խնդիրները բարձրացնելու եմ։ Ես չեմ լինելու «գաստրոլյոր» պատգամավոր, ինչպես տարիներ շարունակ ունեցել են այդ մարզերը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը շեշտեց՝ ունենք եզակի հնարավորություն՝ առաջին անգամ գնալու իսկապես արդար ընտրությունների, որի օրակարգը կլինի բացառապես սեփական ծրագրերի ներկայացումը, ոչ թե վարչական ռեսուրսի կիրառումը։
Վերջում պատգամավորը չբացառեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքական ուժերը միմյանց վրա ցեխ շպրտեն, կեղտոտ տեխնոլոգիաներ գործադրեն։