Այսօր Ֆրանսիայում համընդհանուր գործադուլ է, միացել են նաև բժիշկները
Այսօր Ֆրանսիայում ընդհանուր գործադուլ է: Քաղաքացիները բողոքում են իշխանությունների կողմից կենսաթոշակային բարեփոխումների առաջարկվող նախագծի դեմ: Փարիզում հասարակական տրանսպորտը չի գործում: Այս մասին գրում է euronews-ը։
Գրեթե ամբողջովին կաթվածահար է երկաթուղային հաղորդակցությունը, ինչպես ծայրամասային, այնպես էլ արագընթաց գնացքները, չեղյալ են հայտարարված թռիչքները, փակ են մանկական հաստատությունները և տարրական դպրոցները, դասերը դադարեցվել են քոլեջներում և ճեմարաններում:
Համապետական գործադուլին միանալու կոչ էր արվել երկու խոշոր արհմիությունների կողմից, որը միավորում է ոստիկանության և ժանդարմերիայի աշխատակիցներին: Փոստային բաժանմունքները ևս չեն աշխատում, միացել են նաև փաստաբաններն ու բժիշկները։
Մարդիկ ռեֆորմն անվանում են «կողոպտիչ»՝ նրանց զրկելով կենսաթոշակային եկամուտների զգալի մասից և այլ բոնուսներից:
Ուղիղ 24 տարի առաջ նախագահ Շիրակի օրոք կառավարությունը որոշել էր կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնել, սակայն մի քանի շաբաթվա բողոքներից հետո իշխանությունները հրաժարվեցին իրենց ծրագրերից:
Ըստ տարբեր գնահատականների, գործադուլին աջակցում են ֆրանսիացիների ավելի քան 60%-ը: