Նախարար. Կարկուտից տուժած գյուղացիները փոխհատուցումը կանխիկ կստանան

Նախարար. Կարկուտից տուժած գյուղացիները փոխհատուցումը կանխիկ կստանան

PanARMENIAN.Net - Կարկուտից տուժած գյուղացիներն, ի տարբերություն նախորդ տարիների, փոխհատուցում կստանան կանխիկ գումարով: Այդ մասին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ նախորդ տարիներին գումարը հատկացվում էր հողի հարկի, ջրի վարձի մուծման տեսքով:

Նա նշել է, որ մինչև օգոստոս գյուղատնտեսության ոլորտում անհամեմատ ավելի լավ վիճակ էր, քան նախորդ տարիներին, հայտնում է Panorama.am-ը:

Ներկայացնելով մինչև օգոստոսյան հայտնի կարկուտը գյուղատնտեսության կրած վնասները՝ նախարարն ասել է, որ ըստ հաշվարկների՝ ցրտահարության, կարկտահարության հասցրած վնասը հասնում էր 6 մլրդ դրամի, 2017-ին այդ ցուցանիշը եղել է 12 միլիարդ դրամ, 2016-ին՝ 33 միլիարդ դրամ:

Արթուր Խաչատրյանը նշել է, որ վերջին կարկտահարությունից հետո դիմել են Արմավիրի մարզպետարան, վերջնական թվերը ստանալու համար, և եթե նոր կարկուտ չլինի, սեպտեմբերի վերջին կկարողանան ի մի բերել օգոստոսին հասցված վնասը և աջակցություն ցուցաբերել բնական աղետներից վնաս կրած գյուղացիներին։

Անդրադառնալով գյուղոլորտի ապահովագրությանը՝ Արթուր Խաչատրյանն ասել է, որ այդ աշխատանքները սկսվել են դեռ նախորդ տարվանից, այժմ էլ դրանք ինտենսիվ կերպով շարունակվում են:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գյուղատնտեսության նախարարությունը նախաձեռնել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր: «Ծրագրի շրջանակում տնտեսավարողներին խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ձեռքբերման համար տրամադրվում են 7 տարի մարման ժամկետով, 2% տոկոսադրույքով սուբսիդավորված վարկեր: Շուտով Հայաստանում կսկսի աշխատել իտալական տեխնոլոգիաներվ աշխատող կարկտապաշտպան ցանցեր արտադրող գործարանը։ Վստահ եմ, որ գներն ավելի ցածր կլինեն քան ներմուծվող ցանցերինը», - ասել էր նախարարը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---