14:42  ,  4 դեկտեմբերի, 2017

Ինչո՞ւ է Մոուրինյոն Ջեսի Լինգարդին նախընտրում Հենրիխ Մխիթարյանից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջին խաղերում չի վստահում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Manchester Evening News-ի համաձայն՝ պորտուգալացի մասնագետը Ջեսի Լինգարդին նախընտրում է Հենրիխ Մխիթարյանից, քանի որ անգլիացի կիսապաշտպանն իրեն ավելի լավ է զգում 3-5-2 տակտիկական սխեմայի ժամանակ: Վերջին խաղերում Մոուրինյոն օգտագործում է հենց այդ տակտիկական դասավորությունը:

Լոնդոնի «Արսենալի» դեմ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի կենտրոնական խաղում դուբլի հեղինակ դարձած 24-ամյա Լինգարդի խաղը Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է հետեւյալ կերպ.

«Նա լավ խաղաց՝ պատշաճ աշխատանք կատարելով ինչպես պաշտպանությունում, այնպես էլ առջեւի գծում: Երբ դու խաղում ես 2 հարձակվողներով, անհրաժեշտ է, որ կիսապաշտպանությունում հանդես եկող ֆուտբոլիստները եւս ավարտին հասցնեն գրոհները, ինչն արեց Լինգարդը», ասել է մարզիչը:

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղում Հենրիխ Մխիթարյանը չէր ընդգրկվել Ժոզե Մոուրինյոյի թիմի հայտացուցակում: 28-ամյա կիսապաշտպանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 5 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս