Երբ խոսքերն ու գործողությունները սնանկ են

Այսօր հերթական անգամ ականատես եղանք Նիկոլ Փաշինյանի «լայվին», որտեղ նա կրկին մանրամասներ էր ներկայացնում իր իսկ ձեռքով իր համար գլխացավանք դարձրած Ամուլսարի հանքի շահագործման խնդրից, որի շուրջ քննարկումները չեն հանդարտվում։ 40 րոպե տևողության «լայվից» հետո պարզ դարձավ, որ կառավարությունը, որքան էլ հանքի շահագործման հետ կապված փորձագիտական խինդիրներ է տեսնում և սպասում է Շրջակա միջավայրի նախարարության եզրակացությանը, այնուամենայնիվ, հակված է Ամուլսարի աշխատանքների գործարկմանը։

«Այս ամենի արդյունքում իմ արձանագրումը հետևյալն է՝ առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում, բայց հասկանալի է նաև, որ մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները»,-ասել է Փաշինյանը։

Համաձայնեք, որ Փաշինյանն իսկապես գտնվում է աննախանձելի իրավիճակում, երբ օտարերկրյա ներդրողներին պետք է տա հստակ պատասխան՝ ի վերջո, հանքը շահագործվելո՞ւ է, թե՞ ոչ։ Ժամկետային առումով նա նույնպես կաղապարված է, քանի որ «Լիդիան» ընկերության տրամադրած վերջնաժամկետին մնացել է երկու օր ժամանակ։

Հենց դրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը շտապում է և փորձում հանրությանը ներկայացնել, որ «հանքի շահագործումը ՀՀ տնտեսության համար գերկարևոր է»։ Այն, ինչն ի սկզբանե հայտնի էր և մինչև հեղափոխությունը, և հեղափոխությունից հետո, և որի մասին բարձրաձայնում էին բազմաթիվ տնտեսագետներ։
Կառավարությունը մտադիր չէ հրաժարվել Ամուլսարի շահագործումից, հատկապես այն պարագայում, երբ օտարերկրյա ներդրումները մեր երկրին օդ ու ջրի պես անհրաժեշտ են:

Թվում էր, թե իշխանափոխությունից հետո դեպի Հայաստան ներդրումների մեծ հոսք է սպասվում, սակայն այդ հույսներն այդպես էլ չարդարացան, առավել ևս, երբ միջազգային հարությունն ուշադիր հետևում է օտարերկրյա խոշոր ներդրումային ընկերության նկատմամբ 1 տարուց ավելի ձգվող այս քաշքշուքներին։

Ուստի այս իրավիճակում Ամուլսարի ծրագրի չեղարկումը ոչ միայն կարող է հանգեցնել նրան, որ «Լիդիան» ընկերությունը կարող է դատի տալ ՀՀ-ին և գումարներ պահանջել, այլև սկսված դատական պրոցեսը կարող է վատ օրինակ ծառայել և վանել օտարերկրյա մյուս ներդրողներին: Փաշինյանը, չնայած ցույց չի տալիս, որ Ամուլսարն իր համար առանցքային հարց է, միևնույն է, փորձում է հարցը կարգավորել մինչև սեպտեմբերի 21-ին ԱՄՆ մեկնելը, որպեսզի հերթական անգամ ավելորդ գլխացավանք չունենա ամերիկացիների հետ։

Ամուլսարի շուրջ ընդհանուր զարգացումներից կարելի է առանձնացնել մի քանի առանցքային դրույթներ․ փաստն այն է, որ իշխանության թիմում կան գործիչներ, որոնք տևական ժամանակ պայքարել են բնապահպանական ակցիաների ժամանակ, ավելի կոնկրետ և ընդգծված՝ Ամուլսարի շահագործման դեմ՝ խափանելով ներդրող ընկերության աշխատանքները (որովհետև նրանց մեծ մասը բնապահպան են դրամաշնորհների շրջանակներում և այս կամ այն հասարակական կազմակերպությունն են ներկայացնում), սակայն հիմա, կազմելով իշխանության մաս, ստիպված են կա՛մ «կուլ» գնալ Փաշինյանի հրահանգներին, կա՛մ դուրս գալ «հեղափոխական թիմից»։ Երկրորդ հանգամանքն այն է, որ իշխանության ներսում հասունացած դժգոհությունները տանում են թիմի պառակտման, իսկ խմբակցության ներսում ճաքերը գնալով խորանում են։ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարով մի քանի քայլ, ֆեյսբուքյան բառապաշարով ասած՝ «զադնի» դրեց՝ առաջ բերելով ինչ-որ նոր ՇՄԱԳ-ի գաղափար, Քննչական կոմիտեին «փուռը տվեց», իրեն բնորոշ ոճով կազմակերպեց հերթական «շեդևր շոուն», ինքն էլ դարձավ «կինոյի տղեն»։ Հիմա, ամենայն հավանականությամբ, արտաքին ճշումների ավելացմանը տուրք տալով, նա վերստին օրակարգ է բերում հանքի շահագործման գաղափարը։ Փաշինյանի համար ըստ էության նորից իրավիճակ է փոխվել․ իշխանությունները կամ չեն կարողացել գտնել «կռուտիտի» նոր ուղիներ, կամ էլ չեն դիմացել հովանավորների ճնշումներին։ Իսկ կշեռքի մյուս նժարին հանքի շահագործման դեմ պայքարողներն են, որոնք անդրդվելի են։ Նա ինքը Ամուլսարի թեման տնտեսականից տեղափոխեց քաղաքական հարթություն՝ ինքն իր համար ներքաղաքական և աշխարհաքաղաքական ծուղակ ստեղծելով։

Փաշինյանը Ամուլսարի շուրջ իր համար փրկօղակ է համարում նաև այն, որ իբր այս ակցիաները կազմակերպված են հակահեղափոխականների կողմից, և «մութ ուժերը հերթական դավադրությունն են կազմակերպում հայոց պետականության դեմ»։ Կրկնվող բառամթերքով հռետորաբանություն, որն այլևս չի մարսվում հասարակության լայն խմբերի կողմից։ Ցանկացած լարված փուլում Նիկոլ Փաշինյանն ունի իր քաղաքական կրեդոն՝ «5-րդ շարասյունը», «ռևանշիստները», «ՀՀԿ-ն», «Սերժը», «Միշիկը», բայց ոչ երբեք ինքը․ նա փորձում է հանրության աչքին մնալ որպես «Սուրբ Նիկոլ», այնինչ, ինչպես շատերը վաղուց համոզվել են, գործ ունենք «Սուտ Նիկոլի» հետ։ Պետք է արձանագրենք հետևյալը․ փաստացի անցել է տարիուկես ժամանակ, Ամուլսարի շուրջ ստեղծված «բոլոլան» լուծելու համար Փաշինյանի իշխանությունը ոչ մի քայլ չի արել, որպեսզի հայտնաբերի կոռուպցիոն սխեմաներ (որի մասին մինչև հեղափոխությունը նա հայտարարում էր) և կեղծիքներ, պետբյուջեից «Էլարդին» լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու համար տրամադրեց 400 հազար դոլար, սակայն դարձյալ ոչինչ չհայտնաբերվեց։ Այսպիսով, ըստ ամենայնի՝ գործ ունենք դիլետանտների մի խմբավորման հետ, որոնք անգամ չեն պատկերացնում իրենց քայլերի հաջորդականությունը և կատարվածի իրական ռիսկերն ու հետևանքները, հետևանքները առաջին հերթին երկրի համար։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս