Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Օսկար»-ի արժանացած «Երգիր» ֆիլմը կբացի «Ռոլան» մանկապատանեկան 13-րդ միջազգային փառատոնը

«Օսկար»-ի արժանացած  «Երգիր» ֆիլմը կբացի «Ռոլան» մանկապատանեկան 13-րդ 
միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոլան» մանկապատանեկան 13-րդ միջազգային փառատոնին կցուցադրվեն ռուսական, չեխական, գերմանական, լեհական, ֆրանսիական և այլ ֆիլմեր: Նախատեսվում են կինոնկարների պրեմիերաներ: Փառատոնի շրջանակում կանցկացվեն վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ,  ֆիլմերի վերաբերյալ քննարկումներ,  կրթամշակութային ծրագրեր:

Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 7-ից 11-ը ինչպես Երևանում, այնպես էլ` Ալավերդիում և Գավառում:

«Շուրջ 57 երկրից ստացված  950  ֆիլմերի հայտերից  փառատոնի ծրագրում ընդգրկվել է 180 կինոնկար: Հյուրեր ենք ունենալու Ֆրանսիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Սլովակիայից, Հունգարիայից, Չեխիայից,  Լեհաստանից և այլ երկրներից:

Այս տարի ժյուրիի նախորդ տարիների ձևաչափը պահպանվել է: Այն բաղկացած կլինի բացառապես  երեխաներից և երիտասարդներից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց  ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը:

Փառատոնն ունի տարբեր անվանակարգեր` «Խաղարկային ֆիլմեր», «Անիմացիոն ֆիլմեր», «Հանդիսատեսի համակրանք» և «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգը, որը ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության արդյունքում: Նունե Մանուկյանի խոսքով`«Պատիվ ունեմ»-ի նպատակը կինոյի միջոցով զինվորների գաղափարական դաստիարակությանը նպաստելն ու նրանց հայրենասիրական ոգին բարձրացնելն է:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը` նոյեմբերի 7-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի  ռեժիսոր Քրիստոֆ Դեակի «Օսկար»-ի արժանացած  «Երգիր» ֆիլմը:

Փառատոնային հինգ օրերի ընթացքում արվեստասերները հնարավորություն կունենան դիտել ռեժիսոր Կարեն Շահնազարովի «Աննա Կարենինա. Վռոնսկու պատմությունը» ժապավենը: Գերմանիայից ժամանած դերասանուհի,  պրոդյուսեր Նատյա Բրունկհորթսը կներկայացնի «Սարերի հրաշք. Անսպասելի ընկերություն» ֆիլմը,  Ֆրանսիացի պրոդյուսեր Ալեն Գրանժերարը կներկայացնի «Նիկոստրատոս հավալուսնը» կինոն: Տեղի կունենա նաև ռեժիսոր Դագմար Սեումի «Վերդի» ֆիլմի հայաստանյան պրեմիերան:

Ցուցադրությունները կրում են բարեգործական բնույթ և կանցկացվեն «Մոսկվա» կինոթատրոնում,  Մոսկվայի տանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Սլավոնական համալսարանում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն ասաց, որ վերջին տարիներին բազմաթիվ գերմանական ֆիլմեր են ընդգրկվել  փառատոնին: «Այս տարի 14 գերմանական ժապավեն կցուցադրվի: Կլինի երկու պրեմիերա:  Ընդգծեմ, որ մենք նաև ֆինանսապես ենք աջակցել այս տարվա փառատոնի կայացմանը, և ուրախ ենք, որ այն ներառել է նաև մարզերը»,-շեշտեց դեսպանը:

Կներկայացվեն նաև տասը ռուսական, տասը ֆրանսիական, երկու չեխական կինոնկարներ:

«Ռոլան»-ի շրջանակում Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամը կշարունակի արդեն ավանդական դարձած «Դու մենակ չես… միասին կհաղթենք» հատուկ ծրագիրը, որի շրջանակում փառատոնի հավատարիմ բարեկամ «Երալաշ» մանկական հումորային հանդեսի  գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին կայցելի «Արաբկիր» բժշկական համալիր և կհանդիպի  բուժվող երեխաների հետ: Փառատոնին կցուցադրվեն  ռեժիսորի «Երալաշ» մանկական կինոամսագրի նոր համարներ:

«Ռոլան» մանկապատանեկան 13-րդ միջազգային փառատոնն իրականացնում է «Ռոլան Բիկով» հիմնադրամը` ՀՀ նախագահի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի միջազգային աջակիցներն են ՀՀ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի դաշնության դեսպանությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am