211652_close_icon
views-count15262 դիտում article-date 09:51 09-04-2018

«Երկու աչքեր». Դավիթ Միրզոյան

«Երկու աչքեր» քառամաս պատմվածքի հեղինակն է Դավիթ Միրզոյանը. Վարդենիկի կրթահամալիր, 11-րդ դասարան։ Երկու աչքեր, անվերջ հետապնդում են քեզ, Երկու աչքեր, ասես մի զույգ դրոշմ, Իրենց անջնջելի տիպն են դնում Կյանքիդ, խմած ջրի՛դ, ողջ աշխարհի՛ Եվ, մինչևիսկ, արյան գնդիկների՛դ վրա,- Երկու աչքեր՝ Դրո՛շմ, Կնի՛ք, Խարա՜ն․․․ – Սէրն է․․․ (Պ․ Սևակ) Մաս առաջին «Կյանքը կորցրած հնարավորությունների շարք է»,- Գարիկն էլ էր ծիծաղում իր մտքերի վրա և շտապում աշխատանքի: Արդեն երկու ամիս է, ինչ նա աշխատում է հյուրանոցում՝ որպես մատուցող, և շատ հետաքրքիր դեպքերի էր ականատես եղել: Ահա նա պատրաստեց նախաճաշի սեղանը, սպասելով հյուրանոցի հյուրերին: Այդ նկուղային տարածքում կային բազմաթիվ, բազմաժանր և բազմապիսի, անթիվ ու անհամար ալկոհոլային շշերի հավաքածուներ՝ բերված աշխարհի տարբեր ծայրերից։ Եվ Գարիկը, շատ սիրելով կոլեկցիոներին, բոլոր հյուրերի մոտ պարծենում էր այդ զարմանահրաշ աշխատանքով: Վերջապես հյուրերը իջան: Այսօր մարդիկ քիչ էին: Սկզբում մի քանի հույներ եկան, բարևեցին և սկսեցին իրենց նախաճաշը, հետո շվեդներ, չինացիներ, իրանցիներ և, կարծես, էլ մարդ չկար: Նա պատրաստվում էր հավաքել նախաճաշի սեղանը, երբ եկան երկու հոգի` մայր ու դուստր․ ռուս էին: Սովորականի նման, ժպտալով և բարեհամբույր, Գարիկը նրանց տեղեկացրեց նախաճաշի սնունդի մասին (ի դեպ, նա այնքան էլ լավ չէր խոսում ռուսերեն): Մոր անունը Աննա էր՝ Աննա Մակարևիչ, դստերը` Եվա: Հաճելի մարդիկ էին երկուսն էլ: Մայրը՝ նուրբ կառուցվածքով, կապույտ աչքերով, անկեղծ ժպիտով կին էր: Աղջիկը գիրուկ էր, իսկ մնացած հատկանիշներով նման էր մորը: Առհասարակ, Գարիկին շատ էին սիրում հյուրերը․ Աննան և Եվան էլ բացառություն չէին: Նրանք զրուցում էին Գարիկի հետ, պատմում Հայաստանի՝ իրենց ստացած առաջին տպավորությունների մասին: Գարիկն էլ առիթը բաց չէր թողնում՝ Հայաստանը տեղը տեղին գովելու և ներկայացնելու: Նախաճաշն ավարտվեց: Գարիկը հավաքեց սեղանն ու սպասում էր հաճախորդներին, ովքեր կգային ընդմիջման: Սովորաբար այդպիսի բան չէր լինում: Մաս երկրորդ Կրկին Գարիկը շտապում է աշխատանքի: Նա, չգիտես ինչու, մտածում էր Եվայի և նրա մայրիկի մասին: «Հետաքրքիր մարդիկ էին նրանք»․ մտածում էր նա: Հասավ հյուրանոց, փոխվեց ու գործի անցավ: Նախաճաշի սեղանը կես ժամից պատրաստ էր արդեն: Բայց այս անգամ առաջինը եկան Եվան և իր մայրիկը: Նրանք պետք է գնային Էջմիածին՝ շրջագայելու: Գարիկը որոշ չափով պատմեց այդ վայրի մասին՝ հային բնորոշ պարծենկոտությամբ մի լավ գովելով այն: Նրանք ուրախացան, որ նման գեղատեսիլ վայր են գնալու: Արագ նախաճաշեցին և ճանապարհ ընկան: Երեկոյան ժամը ինն էր: Մեկ ժամից կավարտվեր Գարիկի աշխատանքը: Առանձնապես շատ չէր աշխատել նա, բայց հոգնած էր: Դե, ամառային շոգը Երևանում անտանելի էր, բացի այդ նա դեռ 16 տարեկան էր ու աշխատում էր ամեն օր, ժամային ծանր գրաֆիկով: Հանկարծ եկան արդեն մտերիմ դարձած հյուրերը: Նրանք եկել էին ընթրելու: Գարիկը սթափվեց և սկսեց պատվերներն ընդունել: Ամեն ինչ պատրաստ էր: Նրանք սկսեցին ընթրել անձայն: Հանկարծ տ. Աննան ասաց. -Գարիկ, միացի՛ր մեզ, խնդրում եմ: Այսպես տխուր է ստացվում: Գարիկը շփոթվեց: Ամաչեց ու մերժեց, բայց տ. Աննան պնդեց, որ գա, և նա եկավ, նստեց: Ամաչում էր նա․ Երբևէ նման դեպք չէր եղել աշխատանքային երկու ամիսների ընթացքում: -Ի ՜նչ գեղեցիկ էր Էջմիածինը,- ասաց Աննան,- առաջ մենք նման բան չէինք տեսել: -Այո, ըստ պատմիչների՝ այդտեղ իջել է Հիսուս Քրիստոսը,- մի կերպ կարողացավ բառերը իրար հետևից դասավորել Գարիկը: Ինչ վատ է, երբ մարդ լավ չի տիրապետում լեզուների, խայտառակ եղա,- մտածում էր նա: — Հա, մեզ այդ մասին պատմեց գիդը: Ի դեպ, նա շատ լավ էր խոսում ռուսերեն ու ամեն ինչ հրաշալի էր ներկայացնում: Երանի այդ գիդին, նախանձեց Գարիկը: -Կներեք ինձ իմ վատ ռուսերենի համար,- ասաց նա։ -Ոչինչ,- հուսադրեց Աննան,- իմ հայերենը քո ռուսերենից շատ-շատ վատ է: Դեռ ժամանակ կունենաս սովորելու: Եվան այդ ընթացքում լուռ էր: -Իսկ ի՞նչ ես որոշել դառնալ,- հարցրեց Աննա․ նա այնքան անմիջական էր, որ կարծես երկար տարիների ծանոթներ լինեին: — Բժիշկ,- պատասխանեց Գարիկը,- իսկ դուք ի՞նչ մասնագիտություն ունեք: -Քեզանից լավ բժիշկ դուրս կգա: Դու կարողանում ես մարդկանց հետ բարեհամբույր լինել,-ժպտաց և շարունակեց,- ես իրավաբան եմ: Աշխատում եմ Կրասնոդարի իրավաբանների գրասենյակում, և ցույց տվեց լուսանկարներ իր աշխատավայրից: Հետո շատ անսպասելի, կարծես գաղտնի տոնով հարցրեց,- դու տեսե՞լ ես այն երկու իսպանացի տղամարդկանց: Գարիկն ակամայից ծիծաղեց: Նա հասկացավ նրա հարցի ենթատեքստը: Բանն այն էր, որ այդ երկուսը այնքան էլ տղամարդ չէին: Ինչևէ: -Այդպիսի մի պորտուգալացի կար,- դեռ ծիծաղելով զրույցը շարունակեց Գարիկը, — ինձ հրավիրում էր Օպերա, տոմսերը գնել էր: -Իսկապես, գրողը տանի,- ծիծաղում էին մայր ու դուստր: -Տղամարդը պետք է կնոջը սիրել ու գնահատել իմանա և հակառակը: Այսպես է բնության օրենքը,-լրջանալով ասաց Աննան,- ուղղակի զզվելի է այդ օրենքից շեղումները: -Այո՛,- համաձայնեց Գարիկը,- իսկ ձեր ամուսինը ինչո՞վ է զբաղված,- հարցրեց նա՝ չմտածելով հարցից առաջ: — Ես ամուսնալուծված եմ,- եղավ պատասխանը: -Կներեք, չգիտեի ․․․ինչ հիմարն եմ ես: -Ոչինչ, անպետք էին էլի: -Ինչպե՞ս թե՝ էին,- զարմացավ Գարիկը: — Դե, այո, ես երկու անգամ ամուսնալուծվել եմ: Գարիկն ապշած էր: Նա երբեք նման բան չէր էլ լսել: Ինչպե՞ս կարող է կինը երկու անգամ ամուսնալուծվել: — Կներեք,- ասաց նա շփոթված,- եթե չեք ուզում, կարող ենք չխոսել այդ թեմայով: -Առաջին ամուսնուցս ծնվեց Եվաս, երկրորդից՝ Վիկաս: Նա ընդամենը տասը տարեկան է: Եվ ցույց տվեց նա իր մյուս դստերը: Շատ աշխույժ էր․ Իսկը Եվայի հակապատկերը: — Նա պարում է, երգում: Իսկ դու ինչ-որ հոբբի ունե՞ս: — Ես էլ շախմատ եմ խաղում: Բայց երբեք առաջին տեղ չեմ զբաղեցրել: Միշտ պայքարել եմ դրա համար: Ցավոք, չի ստացվել: -Գարի՛կ, կարևորն առաջին տեղ զբաղեցնելը չէ: -Ախր, երբեք չեմ զբաղեցրել,- համարյա բարկացած ընդհատեց նա․ -Լսի՛ր, կյանքում կարևորը դա չէ: Ես էլ էի քեզ պես մտածում, որ ես միշտ առաջինը պետք է լինեմ, իմ երեխաները շատ հայտնի պիտի դառնան, պիտի ամուր ընտանիք ունենամ: Բայց կյանքը պատրաստել էր բազում փորձություններ, որոնց մասին երբևէ չէի մտածել: Եվաս ծնվեց համարյա մահացած, մի կերպ փրկեցին, ես ամուսնալուծվեցի երկրորդ անգամ ու դեռ քիչ էր մնում Վիկային էլ կորցնեի, այնպես որ, գնահատի՛ր ունեցածդ և փորձիր պահպանել այն, ապա կմտածես նոր բարձունքներ գրավելու մասին: Գարիկը լռեց: Արդեն պարզ էր, թե ինչու էր Եվան մի տեսակ տարօրինակ ու քչախոս: Հետո Աննան պայուսակից հանեց մի գինի և ասաց. -Այս գինին գնեցի երեկ, Արենի գյուղից: Ինձ վստահեցրին, որ այն խաղողի մաքուր գինի է: -Հնարավոր է: Արենիում են հայտնաբերել ամենահին գինու հնձանները,- ավելացրեց Գարիկը,-այնտեղից են նաև գտել աշխարհի ամենահին կոշիկը: Բացի այդ, այնտեղով է հոսում նաև Արփա գետը, իսկ նրա ափերին շատ լավ խաղողի այգիներ կան: -Օ՜յ, Գարի՛կ, այդ ինչքա՜ն ես սիրում դու քո երկիրը,- ժպտալով ասաց Աննան,- դե, արի՛, տեսնենք՝ իրո՞ք խաղողի գինի է: Խմեցին․ Մի տեսակ քաղցր էր գինին ու խաղողի համ չուներ: Նորից մի կում արեց Գարիկը և դեմքը ծռմռելով ասաց. -Այդքան էլ խաղողի գինու նման չէ: Ավելի շատ մորի է հիշեցնում, քան խաղող: Ախ, այդ արենցիները, միամիտ զբոսաշրջիկներ են տեսել ու խաբել են սրիկաները: Զգացվեց, որ նա ամաչում էր այդ արենցու արարքից: Պետք է այնպես վարվես դիմացինիդ հետ, ինչպես կուզես, որ քեզ հետ վարվեն: -Ну, не грусти, вас не обманули,- իր քնքուշ ձայնով ասաց Աննան և ժպտալով նայեց Գարիկին: Այնքա՜ն գեղեցիկ էին նրա ծով աչքերը: Գիտե՞ք, կապույտ աչքերի տեսակներ կան, գուցե ծիծաղելի հնչի, որքան էլ տրամադրես քեզ, նայել չի ստացվում․ շատ ճնշող են: Բայց կա նաև մի տեսակ, որին նայելիս չես կարողանում կտրվել: Կարծես սուզվում ես այդ աչքերի կապույտի մեջ, հայտնվում մի միջավայրում, ուր հնչում է Շոպենը, որը խառնվում է ծով հաճելի աղմուկին, դելֆինների ծվծվոցներին ու ստեղծում հոգեկան հանգստություն։ Ահա, այդ գեղեցիկ կապույտ աչքերի տիրուհին էր Աննան։ Եվ Գարիկը մի պահ խորացավ իր պատկերացրած հաճելի տեսարանի մեջ։ Հանկարծ հեռախոսազանգ լսվեց: Զանգում էին վերևից և տեղեկացնում, որ արդեն ուշ է և ժամանակն է փակվելու: Իրոք, արդեն ժամը տասներկուսն էր գիշերվա, իսկ մենք չէինք էլ նկատել: Նրանք գնացին: Գարիկը կարգի բերեց սեղանը, հետո գնաց աշխատավարձ ստանալու: Քանի որ շատ ուշ էր, նա չգնաց տուն, մնաց հյուրանոցում: Մաս երրորդ Գարիկն արթնացավ առավոտ վաղ: Դուրս եկավ հյուրանոցի համարից, բարևեց ընդունարանի աշխատակցին և իջավ աշխատանքի: Երևում էր, որ առաջին անգամ չէր մնում հյուրանոցում: Նախաճաշի սեղանը պատրաստ էր: Այսօր Աննան և Եվան չկային: Գարիկը սպասում էր: Նրանք այսօր ուշ եկան: Ասացին, որ ուշ են զարթնել։ Նաև խնդրեցին Գարիկին աշխատանքից հետո ցույց տալ իրենց քաղաքը: Նա էլ համաձայնեց: Նախաճաշն ավարտվեց։Գարիկը բարձրացավ ընդունարան, խնդրեց աշխատակցուհուն`տուն գնալու, փոխվելու, իրեն կարգի բերելու թույլտվություն տալ: Գնաց, փոխվեց ու եկավ: Ամեն ինչ սովորականի պես էր, արտասովոր բան տեղի չունեցավ այդ օրվա ընթացքում: Եկավ ժամը իննը, և Աննան իջավ Գարիկի մոտ: Ասաց, որ արդեն պատրաստ են և, եթե հարմար է, կարող են գնալ: Քայլում էին Երևանի փողոցներով, շուրջը քաղաքն էր աղմկում, վառվում էին լույսերը, իրար թև ընկած`զբոսնում էին սիրահար զույգերը, մեկն էլ վազում էր շան հետևից, որի կապը բաց էր թողել: Բազմագույն ու մարդաշատ էր Երևանը, մանավանդ երեկոյան: Նրանք հասան Հանրապետության հրապարակ: Երգում էին շատրվանները: Այդ ջրի խշշոցը մարդուն կտրում է իրականություննից։ -Սա իմ ամենասիրած վայրն է Երևանում,- ասաց Գարիկը,- այստեղ կարողանում ես կտրվել առօրյա ծանր հոգսերից: -Այո, իրոք որ հրաշալի է: -Իսկ դուք գիտե՞ք, որ մեր հրապարակը ավելի մեծ է, քան Կարմիր հրապարակը: -Գարիկ, դու առիթը բաց չես թողնում Հայաստանը գովելու համար,- ծիծաղելով ասաց Աննան: Գարիկը կարմրեց ու ժպտաց։ -Իսկ Երևանը ապահո՞վ քաղաք է,- լռությունը խախտեց Եվան: -Այո, իհարկե, հպարտ ասաց Գարիկը,- Երևանը համարվում է աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկը: Իսկ, օրինակ, Ռիոյում մարդիկ նույնիսկ ժամացույց չեն կապում`վախենալով, որ իրենց կնկատեն: -Այո, լսել եմ այդ մասին,- ասաց Աննան: Զրուցելով նրանք հասան Հյուսիսային պողոտա: Մի քանի խորհրդանշական լուսանկար և շարժվեցին առաջ: Նրանք անակնկալի եկան` տեսնելով հոծ բազմություն: Խառնվեցին այդ բազմությանն ու առաջ շարժվեցին: Պարզվեց, որ ռոք խմբերից մեկը այդ օրը համերգ էր տալու: Հնչեցին բազմազան երգեր, բոլորը պարում էին և քթի տակ մրմնջում այդ երգերը: Գարիկը պարի հրավիրեց Աննային, այո, Աննային, ոչ թե Եվային: Նրանք պարեցին` նայելով միմյանց աչքերի մեջ, ու Գարիկը այնպիսի ջերմություն զգաց․ տարօրինակ զգացում էր համակել նրան: Համերգից հետո շարունակեցին քայլել: -Երանի այս պահերը չավարտվեն,- ասաց Աննան, Գարիկը գլխով համաձայնություն տվեց և տխրեց: Նա հասկանում էր, որ ոչինչ կյանքում հավերժ չէ, մանավանդ այն հաճելի պահերը, որ ունենում ես կյանքում: Ավելին՝ դրանք ավելի արագ են անցնում, երբ փորձում ես հասկանալ այդ պահի խորհուրդը․ այն անցնում է այլևս, դառնում հուշ, անցյալի մի մաս, որը լափում է անգութ ժամանակը: Եվ սրտնեղում, մեղադրում էր ժամանակին իր անխղճության համար, իզուր փորձում պայքարել դրա դեմ, բայց հասկանում, որ ժամանակը իր հետ լավից բացի վատն էլ է տանում: -Գարիկ, դու լսո՞ւմ ես ինձ,- հանկարծ զնգաց նրա ականջներում,- արի՛, լուսանկարվենք: Լուսանկարվելուց հետո նրանք մոտեցան մոտակա բացօթյա սրճարանին: -Ի՞նչ կխմեք,- ասաց Աննան,- Գարիկ, դե մի բան պատվիրիր: Գարիկը ամաչում էր: Նա չէր ցանկանում նեղություն տալ նրանց, դրա համար ընտրեց ամենաէժանն, ինչ կար մենյուում․ սև սուրճ և վերջ: Խմեցին ու զրուցեցին, կարծես միշտ թեմա կգտնվեր Գարիկի և Աննայի համար, դե, Եվան լուռ էր ու ամբողջ ընթացքում ոչինչ չէր խոսում: Հաշիվը փակեց Աննան: Գարիկը ամաչում էր, բայց անզոր եղավ համոզելու: Նրանք վերադարձան հյուրանոց: Երևանը գեղեցիկ լուսավորված էր, ինչպես միշտ: Նրանք նույնիսկ չէին նկատել, թե ինչպես ժամանակն անցավ: Կեսգիշերն անց էր։ Գարիկը ճանապարհեց նրանց և գնաց տուն: Շատ էր հոգնել: Մաս չորրորդ Երեկվա հիշողություններից տպավորված Գարիկը արթնացավ շուտ հագնվեց, գնաց աշխատանքի: Նա ամբողջ ճանապարհին մտածում էր Աննայի մասին: Ավտոբուսի մեջ նստած, նրա պատկերն էր աչքերի առաջ գալիս: Մի՞թե հնարավոր է նման բան, մի՞թե սիրահարվել է: Ախր Աննան քառասուներկու տարեկան էր՝ երեք անգամ իրենից մեծ: Նա մտածում էր, որ դա ջահելական մի պոռթկում է, կանցնի, բայց որքան հակադրվում էր իրեն, այնքան ավելի էր սիրտը տանջում այդ միտքը: Հոգետանջ մտքերով տարված հասավ աշխատանքի: Արդեն սովորույթ դարձած գործը կատարեց ու սկսեց սպասել Աննային և Եվային: Նախաճաշի ժամն անցավ, բայց նրանք դեռ չկային: Չէր հասկանում, թե որտեղ էին նրանք: Սպասեց երկար, մոտ երեք ժամ անցավ, բայց նրանք չկային: Բարկացած և անհանգստացած քայլում էր սրահում, հետո վերև բարձրացավ ու տեսավ… Երկու ճամպրուկ կար ընդունարանում դրված: Եվ տեսավ երկու՝ իրեն նայող, արցունքախառն աչքեր․․․ Աննայի աչքերն էին…

Նմանատիպ նյութեր