×


«Երկար ժամանակ չեմ իմացել, որ նրան կրում եմ կրծքիս տակ». Հասմիկ Կարապետյան

Երկար դադարից հետո Հասմիկ Կարապետյանը վերադառնում է բեմ՝ հանդիպելու իր հանդիսատեսին եւ երկրպագուներին: Իսկ վերադարձը կլինի ոչ միայն սիրված երգերով, այլեւ անակնկալներով։ Երգչուհու եւ ԴերՀովայի «Ուշացածը» երգի տեսահոլովակի պրեմիերան երեկ էր: Նորությունների, ընտանիքի եւ, իհարկե, երգարվեստի մասին է Հասմիկի հետ մեր զրույցը։

- Շատ երկար դադարից հետո մենահամերգ կունենաք: Արդյո՞ք կարելի է ասել, որ մայիսի 29-ին կայանալիք երեկոն կազդարարի Ձեր վերադարձը:

- Շատ ուրախ եմ, որ այն, ինչ արվում է, աննկատ չի անցնում։ Այո, այսօր քիչ թե շատ, բայց կա ակտիվություն իմ ստեղծագործական կյանքում, թեպետ նմանօրինակ ակտիվությունը դեռ չեմ կարող անվանել վերադարձ, որովհետեւ ինձ համար դժվար է... Ունեմ երեխաներ, կենցաղ, ընտանիքի հոգսերով եմ, բայց ի վերջո, եկավ նաեւ այն ժամանակը, որ կարողացա ժամանակ հատկացնել իմ ամենասիրելի տարերքին՝ երգարվեստին։ Պետք է խոստովանեմ, որ կենցաղն ինձ սպանում է, իսկ երգարվեստն էներգիա է տալիս։ Այս փոքրիկ վերադարձս ինձ շատ մեծ ուժ եւ թեւեր է տվել, եւ դա երկրպագուներիս շնորհիվ է, որոնք իմ լռության տարիներին ինձ ու երգերս չէին մոռանում, անդադար գրում էին: Ուստի, իմ հանդիսատեսի համար, թեպետ ինձ համար դժվար շրջանում, պատրաստ եմ ակտիվանալ եւ երգել:

- Համաձայնեք, որ տարիներ առաջ, երբ, այսպես ասած, դուրս եկաք ոլորտից, բոլորվին այլ իրողություն էր, այսօր հայկական երգարվեստն աղավաղված է։ Արդյո՞ք Ձեր վերադարձի վրա այդ որակներն ազդեցություն կունենան:

- Դա արդեն սկսվել էր 2013-2014 թվականներին, ես այդ երեւույթն իմ մաշկի վրա զգացել եմ՝ որակը հետին պլան է մղվում, երաժշտական նոր պահանջարկ է գալիս, շատուշատ երգիչ-երգչուհիներ են ծնվում ամեն օր, բայց պետք է ասել, որ կան նաեւ անչափ տաղանդավոր կատարողներ, որոնք ակումբներում, փաբերում հիանալի կերպով ներկայանում են իրենց լսարանին։ Ես թողել եմ լուսավոր ու ճիշտ երգարվեստը, որն ինձ համար ընդունելի է, եւ այո, վերադառնում եմ փոփոխված ու այլ պահանջների մի տիրույթ, բայց հավատարիմ մնալով մասնագիտական եւ անձնային իմ սկզբունքներին եւ չընկնելով արտաքին հոսանքների, քամիների ազդեցության տակ՝ կմնամ այն Հասմիկը, որին ճանաչել է հանդիսատեսը շատ երկար տարիներ։ Երբեք չեմ ձգտել ֆինանսին՝ անտեսելով որակը, երբեք չեմ մտածել անել մի բան, որի պահանջարկը տվյալ շրջանում մեծ է, հետեւաբար, երբեք չեմ փոխի այն, ինչն անկեղծ է եւ հոգուց բխած, իսկ իմ բոլոր երգերը հենց հոգուց ենք բխում։

Հասմիկ Կարապետյանը


- Հասմիկ, երբ ծնվեց Տաթեւը, Դուք ավելի ստեղծագործ էիք՝ նոր երգեր, անգամ տեսահոլովակ՝ նվիրված դստերը։ Գրիգորի ծնվելուց ե՛ւ առաջ, ե՛ւ հետո տեւական ժամանակ լուռ էիք, ինչո՞վ էր պայմանավորված։

- Տաթեւն իմ երկար սպասված երեխան էր, ինչի արդյունքում ծնվեց «Իմ Տաթեւ» երգն ու տեսահոլովակը, չգիտեմ՝ ինչու այդքան շատ հանրայնացվեց դստերս հետ կապված նորությունները, ենթադրում եմ՝ երկար սպասված լինելու արդյունքն էր։ Ինչ վերաբերում է որդուս, այո, առավել ակտիվ չեմ եղել, անգամ երկար ժամանակ չեմ իմացել, որ նրան կրում եմ կրծքիս տակ. Գրիգորն ինձ համար Աստծո նվեր է եւ շատ խնամքով եմ պահում։ Չհանրայնացնելն իմ ցանկությունն ու որոշումն է, իսկ որդուս նվիրված երգ անպայման կլինի. այդ երգերը շատ ինքնաբուխ են ծնվում, կծնվի նաեւ Գրիգորիս նվիրված երգը, այն կլինի իր ժամանակին:

- Ինչպիսի՞ն է Գրիգորը։

- Թե՛ իր տեսակով, թե՛ խառնվածքով նրա մեջ ինձ եմ տեսնում։ Շատ հետաքրքիր է, երբ տեսնում ես, որ քո բալիկի գենետիկական ինֆորմացիան քոնն է, եւ ես դա զգում եմ։ Տաթեւն էլ շատ յուրահատուկ է, թեպետ պետք է խոստովանեմ, որ բարդ է, քանի որ դստերս պահանջները շատ ավելի բարձր են։ Ընդհանրապես ասում են, որ նման երեխաներն արվեստագետի խառնվածք ունեն։

- Ընդունված է ասել, որ առաջին բալիկի դեպքում սովորում ես, երկրորդին՝ հմտանում, երրորդին նոր սկսում ես վայելել, հիմա ո՞ր փուլում եք։

- Համամիտ եմ, սակայն մենք որոշել ենք, որ երրորդ բալիկ ուղղակի չի կարող լինել, քանի որ ինձ համար արդեն շատ կլինի (ծիծաղում է,-հեղ.), եւ իմ ուժային ռեսուրսները պարզապես չեն բավարարի։ Գրիգորի պարագայում առաջին օրվանից մինչ այսօր վայելում եմ. չկա վախ, չկա անփորձության զգացում, գիտեմ լացի երանգը, պատճառը։ Վստահ կարող եմ ասել՝ վայելում եմ մայրությունս:

Հասմիկ Կարապետյանը եւ Մարիամ Հովունին


- Հասմի՛կ, բազմիցս եք նշել, որ կենցաղի կին չեք, իսկ ինչպե՞ս եք դիմանում այսօր, երբ կենցաղում շատ զբաղված եք:

- Շատ դժվար է լինել արվեստի կին, ունենալ ընտանիք եւ փորձել համատեղել։ Ես երեւի այն երջանիկներից եմ, որ ամուսինս թեթեւ մարդ է, չունի գերպահանջներ, ունեմ շատ ընկերներ, հիանալի ընտանիք, որոնց հետ խոսելն ինձ համար թեթեւություն է, եւ, իհարկե, արվեստը, որը եթե չլիներ, պարզապես կխելագարվեի։ Իմ տարերքն, անխոս, արվեստն է:

- Մենահամերգը երեւանյան ժամանցի կենտրոնում, իհարկե, հաճելի է եւ սպասված, իսկ ի՞նչ կասեք նոր զուգերգի մասին:

- Թեպետ ԴերՀովան երաժշտական պրոդյուսեր է, ձայնի շատ հետաքրքիր տեմբր ունի, եւ միշտ հաճելի եւ հոգեհարազատ է նրա հետ երգելը։ Նոր ու հետաքրքրիր ոճ կտեսնեն մեր երաժշտասերները, հուսամ՝ կհավանեն:



- Հասմի՛կ, երգարվեստ վերադարձաք, տանն էլ սիրելի ամուսինն է, ունեք երկու ձագուկ, կարո՞ղ ենք փաստել, որ վայելում եք կատարյալ երջանկությունը։

- Ինձ համար կատարյալ ոչինչ չկա, սակայն միանշանակ կարող եմ ասել, որ անընդհատ կարելի է ձգտել կատարելության: Այս ժամանակաշրջանում, երբ այսքան անհասկանալի վիճակներում, դժվարին պայմաններում կարողանում եմ լցնել իմ աշխարհն ընտանիքովս, մեկ-մեկ էլ հայտնվում եմ բեմում, անխոս, կարող եմ ասել, որ երջանիկ եմ։

- Ժամանակին Ձեր երգերը հիթ էին դառնում, դրանք կրկին կծնվե՞ն։

- Ամեն ժամանակ ունի իր իմպուլսը, որի շնորհիվ էլ ստեղծագործությունը հիթ է դառնում, հիմա չեմ կարծում, որ այդ իմպուլսը կա։ Հիմա նորի, թարմի եւ փոփոխության փուլն է:

Հասմիկ Կարապետյանը


- Տարիներ առաջ, երբ զրուցում էինք, նշեցիք, որ միայն ցանկանում եք զգալ մայրության բերկրանքը, մեկ տարի անց մայրացաք, հետո նշեցիք, որ Ձեր կյանքում բաց կա, եւ այդ բացը երգն է, բեմը: Այսօր ի՞նչ է պակասում:

- Իմ եւ բոլորիս կյանքում այս շրջանում պակասում են հոգեւոր թռիչքները, այսինքն՝ երկրայինից առանձնանալու պահը եւ այդ պահից ծնված երեւույթը՝ ապրելը: Մի խոսքով՝ այսօր բոլորիս պակասում է հեքիաթը:

Զրուցեց Մարիամ Հովունին
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի
Լուսանկարահանումն իրականացվել է «Food for Family»-ում
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին