Բաժիններ՝

«Հրաշք այգի» ՍՊԸ-ն դիմում-բողոք է ներկայացրել Քննչական կոմիտե՝ Կարեն Շահբազյանի դեմ

«Հրաշք այգի» ընկերությունը համապատասխան դիմում-բողոքներ է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, Քննչական կոմիտե և Գլխավոր դատախազություն՝ Արագածոտնի մարզի քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի դեմ:

Այս մասին 168.am-ին տեղեկացրեց փաստաբանների պալատի փաստաբան, «Հրաշք այգի» ՍՊԸ-ի շահերի պաշտպան Միքայել Ավետիսյանը: Նա բավականին ուշագրավ փաստեր ներկայացրեց «Հրաշք այգի» ընկերության դեմ հարուցված քրեական գործի նախաքննական փուլի ընթացքից:

«Արագածոտնի մարզի քննչական վարչությունից 2018թ. մայիսի վերջին «Հրաշք այգի» ընկերության տնօրեն Արթուր Իվանյանը հետևյալ հեռախոսազանգնէ ստացել. «Զանգով ներկայացել են քննչական վարչության ավագ քննիչ և խնդրել, որ ներկայանանք քննչական վարչություն՝ համապատասխան ցուցմունք տալու։ Երբ մենք հետ զանգեցինք՝ պարզելու , թե ինչ քրեական գործով է քննություն ընթանում, ասացին, որ՝ կգաք, այստեղ կծանոթանաք։

Ներկայացանք Արագածոտնի քննչական մարզային վարչությունում  հարցաքննությանը մասնակցում էր քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանը։ Ասացին, որ կանչել են, քանի որ քննվում է մի շարք համայնքապետերի կողմից կատարված չարաշահումների վերաբերյալ քրեական գործ, և  որ կեղծիքներ են կատարվել, իսկ մեր առնչությունն այդ գորին, ասացին՝ քանի որ դուք եք ներկրումներ արել և բաշխում  իրականացրել, նաև ձեր ցուցմունքն է ամբողջականության համար անհրաժեշտ»։

Կարդացեք նաև

Ըստ փաստաբանի՝ «Հրաշք այգի» ընկերության տնօրեն Արթուր Իվանյանի կողմից ամբողջապես ներկայացվել է, թե ինչ կարգով է եղել 2014-16թթ. Գյուղատնտեսության նախարարության հետ կապված հողօգտագործողներին աջակցության ծրագրերին մասնակցությունը, ներկայացվել է նաև ամբողջ գործընթացը, թե ինչպես է կատարվել: Սակայն փաստաբանը ընդգծում է իրենց համար արտասովոր թվացող այն հարցը, որը հնչել է նույն Կարեն Շահբազյանի կողմից և չի արձանագրվել. «Կարեն  Շահբազյանը նաև մեկ հարց հնչեցրեց՝ առանց արձանագրելու, թե՝ որքա՞ն ատկատ ենք տվել այլ անձանց, մեր պատասխանը բացասական եղավ և Շահբազյանն ասաց, որ պարոն Իվանյանի պատասխանն իրեն դուր չեկավ»։

Թերևս այս դրվագով է պայմանավորված «Հրաշք այգի»  ՍՊԸ-ի նկատմամբ սկսած քրեական հետապնդումը ՝ քննչական մարմնի կողմից: Այս համոզմունքն ունեն ընկերության ղեկավարն ու շահերի պաշտպանը և մտադիր չեն հանձնվել Կարեն Շահբազյանի կողմից իրենց առաջարկված «խաղի կանոնին»:

Հարցին, թե Արագածոտնի քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանն  ինչո՞ւ պետք է կանխակալ վերաբերմունք ունենար, ինչ շահերի բախում կամ կապ կա նրա անձի ու ընկերության միջև: Փաստաբանի պատասխանը կտրուկ էր՝ ոչ մի: Նա վստահեցրեց որ չկա ոչ մի կապ Շահբազյանի և Արթուր Իվանյանի միջև, նրանք մինչ այդ չեն էլ ճանաչել միմյանց: Նրա համոզմամբ Կարեն Շահբազյանը, ով դեռ ամուր «հենված է իր դիրքերում»  դեռ նախորդ իշխանություների օրոք, որոշել է տնտեսվարողի հաշվին այս կամ մեկ ուրիշի գործի քննության շրջանակներում իբր իր նվիրվածությունն ապացուցել նոր իշխանություններին, հավատացնել, թե անվերապահորեն միանում է նոր իշխանության գործելաոճին և դա անում է գործարարի բարի համբավը տրորելու, նրա շահերը ոտնահարելու հաշվին.

«Քանի որ ներկայումս լայնածավալ պայքար է գնում կոռուպցիայի դեմ, այդ պայքարում առաջնամարտիկ  երևալու համար նախորդ իշխանության հետ կապեր ունեցած անձն ուզում է ցույց տալ, որ ուզում  է իր ներդրումն ունենալ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման մեջ»,- ասում է Միքայել Ավետիսյանը։

Փաստաբանի խոսքով՝ ցուցմունք տալուց հետո ընկերությունը ներկայացրել է ամբողջ տեղեկատվությունը. «Նաև այն, որը կարող էր համարվել առևտրային գաղտնիք, այսինքն՝ գործընկերներից ձեռքբերումների մասով։ Ամբողջը ներկայացվել է՝ձեռքբերումներով, ներկրումներով, բաշխումներով, ընդունման-հանձնման ակտերով հանդերձ, որպեսզի ՔԿ աշխատակիցներին  հնարավորություն ընձեռվի ունենալ ամբողջական պատկերը։

Բայց  դրանից հետո , օրեր անց շատ պատահաբար լրատվամիջոցներից  ենք տեղեկանում, որ Արագածոտնի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ խարդախություն կատարելու փաստի առթիվ»։

Այդ տեղեկատվությունն արտատպվել  է մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներում, ինչի հետևանքով ընկերությունն ըստ փաստաբանի՝ կանգնել է կոլափսի առաջ. «Միջազգային հեղինակավոր մի շարք ընկերություններ, որոնք պատրաստվում էին գործարքներ կնքել, սկսել են վերապահորեն մոտենալ «Հրաշք այգի» ընկերությանը: Փոխվել են երկխոսության պայմաններն ու պահանջները և այս ամբողջը բացառապես Կարեն Շահբազյանի խիստ անձնական ամբիցիաների պատճառով: Տվյալ մեղադրանքի հետ կապված քրեական գործով որևէ մեկի կողմից որևէ անգամ ծանուցագիր չի ներկայացվել, որպեսզի ներկայանանք քննչական մարմին, համապատասխան բացատրություն ներկայացնենք, ոչ էլ մեր ընկերության աշխատակիցներից որևէ մեկն է կանչվել  հարցաքննության։ Կարեն Շահբազյանն իր պարտքն է համարել ընդամենը հրապարակում տարածել և վերջ»։

Միքայել Ավետիսյանի խոսքով՝ Քրեական դատավարության օրենսգիրքը վկային կանչելու հետևյալ տարբերակն է նախատեսում. «Ծանուցագիր պետք է ուղարկվի համապատասխան անձին՝ նշելով նրա դատավարական կարգավիճակը, ներկայանալու վայրը և այն քրեական գործը, որի կապակցությամբ ինքը կանչվում է հարցաքննության։ Դա չի իրականացվել։ Եթե քրեական գործ է հարուցված և հայտարարվում է, որ հափշտակություն է կատարվել, առնվազն պետք է հափշտակությունը սուբյեկտի կողմից կատարված լիներ, սուբյեկտը կարող է լինել միայն ֆիզիկական անձ, այսինքն՝ ընկերությունը չի կարող լինել քրեական դատավարությունով հանցագործություն կատարած անձ կամ սուբյեկտ։Այս դեպքում որևէ լրացուցիչ հարցաքննության, որևէ լրացուցիչ պարզաբանման հետ կապված՝ մեզ չեն հրավիրել, հնարավոր է՝ թյուրիմացություն եղած լիներ և այդ թյուրիմացությունը պարզվեր, որովհետև ամբողջ փաստաթղթային մասը տրամադրել ենք։ Իսկ այս դեպքում, հաշվի առնելով, որ միանգամից հրապարակում է եղել, վնասվել է ընկերության բարի համբավը»:

Ընկերության և տնօրենի համար այս ամբողջը, ըստ փաստաբանի՝ անակնկալ էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ներկրումները, բաշխվածությունը, ծրագրերը տարբեր պետական լիազոր մարմինների կողմից ստուգվել են. «Այդ թվում՝ Գյուղատնտեսության նախարարության կողմից՝ ընդունման-հանձնման ակտերը բազմիցս ատուգվել են, նաև Վերահսկիչ պալատն է ստուգումներ իրականացրել, և, եթե նման չարաշահումներ լինեին, ՎՊ-ն գոնե կարձագանքեր։ Խնդիր ունենք հասկանալու՝ թե այդ որտեղից և ինչպես ե նստացել այդ 38.8 մլն դրամը»:

Նա ասաց, որ իրենց պարտադրված խաղի կանոններով չեն խաղալու. «Այսօր, հաշվի առնելով, որ կա վերադաս մարմին՝ Արագածոտնի մարզային վարչության հետ կապված մեր հիմնավորումները և այն, որ պետության հետ մեր գործարքը եղել է կարգավորված՝ կառավարության ծրագրին համապատասխան՝ մենք հղումներն անելով՝ համապատասխան դիմում-բողոքներ ենք ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, Քննչական կոմիտե և Գլխավոր դատախազություն:

ՀՔԾ-ից մեզ արձագանքել են,  որ դիմումը վերահասցեագրվել է քննչական կոմիտեին»։ Վերադասին ուղղված նամակների  արձագանքն ստանալուց հետո հետագա մեր գործողություններն արդեն որոշենք։ Պետք է հիմնավորվի՝ հնչեցված մեղադրանքը՝ հափշտակությունը, օբյեկտի՞վ է, թե՞ իրականությանը չի համապատասխանում, քանի որ նրանք չեն հրավիրել, չի պարզաբանվել, թե ինչ 38 մլն 800 հազար դրամի մասին է խոսքը»։

Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ «Հրաշք այգի» ՍՊ ընկերությունը, Չինաստանից և Ռուսաստանից ներկրելով ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր, 2015 թվականի ծրագրի իրականացման ընթացքում չի իրացրել նախատեսված ամբողջ ծավալը, սակայն նախապես ստացված սուբսիդիայի գումարը 2016 թվականի ծրագրի համար քիչ է ցույց է տվել, որի արդյունքում պետական բյուջեի միջոցներից խարդախությամբ, նախնական հաշվարկներով, հափշտակվել է 38.800.000 ՀՀ դրամ գումար: «Ի հայտ եկած նոր տվյալների հիման վրա՝ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչի կողմից այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ չարաշահումների հնարավոր այլ դրսևորումները, դրվագները բացահայտելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-ասված էր հաղորդագրության մեջ։

Փաստաբանը պարզաբանեց բաշխման թվերը. «2015թ. սուբսիդիան տրամադրվել է «Հրաշք այգի» ՍՊԸ-ին՝ երկու պարարտանյութի գծով՝ ֆոսֆորական և կալիումական, համապատասխանաբար՝117 մլն 724 հազար, և 92 մլն 403 հազար դրամ։ Հետագայում այդ սուբսիդիաների մնացորդները փոխանցվել են 2016թ.՝ կառավարության  թիվ 73 որոշմամբ, և այդ տարվա բաշխման մեջ նաև ներառվել է 2015թ. տրամադրված սուբսիդիաները՝ այն գնով, որով ձեռք է բերվել։ 2015թ. սուբիսիդիան 2016թ. իրացվել է այն գնի շրջանակներում, որով և տրամադրված է եղել սուբսիդիան»:

ԱՍՏՂԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս