Մատչելիության հղումներ

«Կենտրոնի Կյաժը» դատարանում պնդեց, որ Սերժ Սարգսյանի եղբորորդին կրակել է իր վրա


Հայկ Սարգսյանը դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ
Հայկ Սարգսյանը դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով այսօր ցուցմունք տվեց առանցքային տուժող Դավիթ Սիմոնյանը, ով առավել հայտնի է «Կենտրոնի Կյաժ» մականունով։

Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ Դավիթ Սիմոնյանի սպանության փորձի, ինչպես նաև ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար։

Այսօր Դավիթ Սիմոնյանը պատմեց, որ 2007 թվականի ապրիլի 1-ին եղել է Հայկ Սարգսյանին պատկանող բնարականի նկուղային հարկում՝ «ախրանայի» սենյակում, որտեղ եղել են ինքը, մեղադրյալ Հայկ Սարգսյանը և Արթուր Սիմոնյանը:

Տուժող Դավիթ Սիմոնյանը պատմեց. - «Արթուրի հետ կենցաղային հարցերի շուրջ վեճ առաջացավ, Հայկը զարթնեց, ասաց՝ խելոք մնա, կկրակեմ և նստած դիրքից կրակեց ինձ վրա: Հետո Հայկի եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը, լսելով կրակոցի ձայնը, իջավ նկուղ և Արթուրի մեքենայով ինձ տարան Պռոշյանի վրա գտնվող 3-րդ հիվանդանոց, որտեղ էլ վիրահատեցին, հանեցին աջ երիկամս, լյարդս վիրահատեցին: Դրանից հետո մի քանի օր անգիտակից եմ եղել: Որոշ ժամանակ անց կազդուրվելուց հետո ասացին, որ ասեմ իբր կրակել է Արթուր Ղևոնդյանը», - պատմեց տուժողը:

Հարցին, թե ի՞նչ նպատակով էր Դավիթ Սիմոնյանը գնացել նկուղային հարկ, Սիմոնյանը պատասխանեց, թե, իր հիշելով, ընտրությունների համար: Իսկ թե ի՞նչ կապ ունեին ընտրությունները, Սիմոնյանը պատասխանեց. - «Ես այդ բակային տարածքներում ընտրություններն էի ապահովում: Հայկ Սարգսյանը կապ ուներ ընտրությունների հետ»։

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանի հարցին՝ այս դեպքի կապակցությամբ քննիչի մոտ 2007 թվականին հարցաքննվե՞լ եք, թե՞ ոչ, Սիմոնյանը դրական պատասխան տվեց և ասաց, որ այդ ժամանակ ասել է, թե կրակել է Արթուր Ղևոնդյանը: Հարցին, թե ինչու է նման բան ասել, Սիմոնյանը պատասխանեց, որ Հայկ Սարգսյանն իրեն սպառնացել է:

«Իմ հիշելով՝ մենակ Հայկն էր, ասաց՝ «էլ չէս ապրի, եթե չասես, որ Արթուր Ղևոնդյանն է կրակել» ու պատմությունը պատմեց, ես էլ նույն ձև ասեցի քննչականում», - ասաց Սիմոնյանը։

Դավիթ Սիմոնյանը Հայկ Սարգսյանի դեմ հաղորդում է ներկայացրել դեպքից 11 տարի անց՝ թավշյա հեղափոխությունից հետո: Մեղադրողի հարցին, թե ինչու է այսքան տարի հետո այդ մասին խոսում, Սիմոնյանը պատասխանեց. - «Ասեց լավ կլինի, որովհետև ասեցին կուղարկենք երիկամդ փոխպատվաստման, շատ այլ հարցեր։ Հետո էդ ամեն ինչը չկատարվավ, դրա համար էլ ցուցմունք տվեցի»։

Հայկ Սարգսյանի փաստաբան Երեմ Սարգսյանի դիտարկմանը, թե չհարցրիր՝ ինչո՞ւ է կրակել, արձագանքեց. - «Հարցրեցի, պատասխանեց՝ խելոք չպահեցիր կրակեցի»։

«Ազատության» հարցին, թե արդյոք նման խոստումներ է տվել Դավիթ Սիմոնյանին և ինչպես կմեկնաբանի Սիմոնյանի ցուցմունքը, Հայկ Սարգսյանը պատասխանեց. - «Պարզ չի՞»։

Այս գործով տուժող Դավիթ Սիմոնյանն անցնում է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեկ այլ գործով: Հայկ Սարգսյանի դեմ հաղորդում տալու ժամանակ թրմանյութերի գործով նա կալանավորված է եղել և պահվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ ցուցմունքից հետո արդեն տեղափոխվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ նրա խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ է արձակվել:

Հայկ Սարգսյանի փաստաբանը նկատում է՝ իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տալուց երկու օր անց ազատ է արձակվում. - «Մեղադրանքը ինչի՞ էր պետք սպանության փորձով, որովհետև միակ հանցագործությունն էր իր ծանրությամբ, որ վաղեմության ժամկետը չէր լրացել։ Այսինքն եթե անզգույշ լիներ, եթե նույնիսկ դիտավորությամբ ծանր մարմնական լիներ, էս դեպքում վաղեմության ժամկետները այնցած էին։ Հիմա արդյո՞ք տուժողն է որոշել, որ պետք է էդ բառերը ավելացնի, որպեսզի որակումը տրվի սպանության փորձ, թե՞ նրան ուղղորդել են։ Էս հարցերի պատասխանները դեռևս պետք է ստանանք»։

Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 10-ին որոշել էր 50 միլիոն գրավի դիմաց կալանքից ազատ արձակել Հայկ Սարգսյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG