«Եթե Հայաստանը սկսեր զինել Ուկրաինային, ապա ռուսական կողմը պայմանագրի խախտում կտեսներ». Էդուարդ Աբրահամյան

Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող, վաշինգտոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանը հայ-ռուսական հարաբերություններում երկու հիմնական խնդիր է տեսնում։

«Կան փաստաթղթեր, փաստաթղթավորված պայմանավորվածություններ, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, բայց երկու հիմնական կետ կա, որոնք խաթարում են այդ դաշնակցային հարաբերությունները։ Առաջինը 2008-2010թթ. Ռուսաստանի կողմից որդեգրված տարածաշրջանային քաղաքականությունն է, որը ենթադրում է բալանսավորված մոտեցում՝ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ. Հայաստանը՝ որպես ռազմավարական դաշնակից, Ադրբեջանը՝ որպես ռազմավարական գործընկեր, ինչն անհասկանալի է եղել թե՛ հայաստանյան հասարակության, թե՛ քաղաքական գործիչների կողմից։ Ռուսաստանը սկսել է  շարունակաբար զինել Հայաստանի հիմնական հակառակորդ պետությանը, զինել  հարձակողական զինատեսակներով։ Հայտնի է, որ այդ սերտ ռազմական համագործակցությունը շարունակվում է, և խնդիրն այն է, որ արդյո՞ք այս կետը հայ-ռուսական հարաբերություններում չի խարխլում այն արժեհամակարգային միջավայրը, որ ձևավորվել է դաշնակցային  հարաբերությունների շրջանակներում»,- այսօր հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ ֆորումի ժամանակ ասաց նա։

Աբրահամյանի համոզմամբ՝ Ռուսաստանի այդ մոտեցումը միանշանակ խաթարում և խարխլում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շրջանակներում ձևավորված արժեհամակարգային միջավայրը. «Մի կողմից՝ Հայաստանն ու Ռուսաստանը հանդիսանում են կոլեկտիվ անվտանգության պարտավորվածություն կրող երկրներ, մյուս կողմից՝ կա Ադրբեջան, որն իր կեցվածքով, արտաքին քաղաքական գործունեությամբ՝ ուղղակի իրեն հակադրում է Հայաստանին ռազմաքաղաքական առումով։ Այդ խնդիրը պետք է վերանայվի հայ-ռուսական հարաբերություններում»։

Հայ-ռուսական հարաբերությունները խաթարող երկրորդ կետը, ըստ փորձագետի՝ Ռուսաստանի որդեգրած քաղաքականությունն է, որը չի նպաստում հարևան երկրների սուվերենության և ինքնուրույն որոշում կայացնելու մեխանիզմների ամրապնդմանը. «Սա երկրորդ խնդրիրն է, որը պետք է քննարկվի, ստեղծվի կոմպրոմիսային մի իրավիճակ՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ռեալ գործընկերային մակարդակի վրա բարձրացնելու համար։ Հասկանալի է, որ նախորդ իշխանություններն ավելի զգույշ են մոտեցել երկկողմ հարաբերություններում կարմիր գծերի ձևավորման հարցին, այսինքն ՝ կարմիր գծեր՝ դաշնակցային հարաբերությունների շրջանակներում, ինչը Ռուսաստանին օբյեկտիվորեն հանարավորություն է տվել շատ ավելի ակտիվ ներգրավվել Հայաստանի կողմից առաջ քաշվող իր շահերի ձևավորման խնդիրների հոլովույթում»։

Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական և անվտանգային ոլորտում համագործակցության համար, ըստ Աբրահամյանի՝ ճիշտ և հնարավոր ինդիկատորի դեր կարող են խաղալ Իսրայել-ԱՄՆ հարաբերությունները. «Երկու դաշնակիցների հարաբերությունների համակարգը հետաքրքիր կետ կարող է լինել հայ-ռուսական հարաբերությունները տեղափոխելու հարցում, գոնե ձգտելու ունենալ այնպիսի հարաբերությունների պարադիգմա, որն առկա է ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում»։

Աբրահամյանի խոսքով՝ հայկական կողմից մեծ աշխատանք կա անելու՝ նման մեսիջներ ռուսական կողմին փոխացնելու ուղղությամբ, որ հայկական կողմի վերաձևավորվող շահերը տարածաշրջանում ներկայացվեն այնպես, որպեսզի ռուսական կողմն իր տարածաշրջանային քաղաքականությունը կառուցի որոշ չափով հայկական շահերի վրա նույնպես. «Այս համատեքստում մենք, վերցնելով Իսրայել-ԱՄՆ մոդելը, կունենանք հայ-ռուսական հարաբերություններ տարածաշրջանում, որտեղ Ռուսաստան-Ադրբեջան կամ Ռուսաստան-Վրաստան հարաբերություններն ուղղակի ազդում են Հայաստանի շահերի վրա»։

Նա նկատեց՝ շատ հաճախ է խոսվում այն մասին, որ հայկական կողմը պետք է հասկանա և ընկալի Ռուսաստանի դիրքորոշումը՝ Ադրբեջանի հետ կապված, բայց ռուսական կողմը, ըստ նրա՝ չի փորձում իրեն դնել Հայաստանի տեղը. «Դե, պատկերացրեք, եթե Հայաստանը սկսեր զինել կամ հարձակողական զենք վաճառել Ուկրաինային, ապա արդյո՞ք այստեղ ռուսական կողմը չէր տեսնի 1992թ. Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի երկրորդ կետի խախտում. ես համոզված եմ, որ կտեսներ։ Մեր խնդիրն այն է, որպեսզի կարողանանք պարզ, հստակ խոսել հիմնախնդիրների մասին։ Կարմիր գծերի հստակեցման խնդիր ունեն հայ-ռուսական հարաբերությունները»։

Տեսանյութեր

Լրահոս