Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանց»-ը՝ ֆուտբոլիստին կաշառելու վերաբերյալ հայտարարություն է տարածել

Սպորտ
sport-bananc

«Բանանց» ֆուտբոլային ակումբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որը կրկին նվիրված է մի քանի օր կայացած «Բանանց» - «Շիրակ» խաղին: «Հարգելի ֆուտբոլասերներ, ինչպես տեղյակ եք, Հայաստանի առաջնության 27-րդ տուրի «Բանանց» - «Շիրակ» հանդիպումից առաջ, տեղի է ունեցել տգեղ եւ ֆուտբոլ խաղի արդար սկզբունքներին հակասող միջադեպ: «Շիրակ» ակումբի ներկայացուցիչ Արարատ Հարութունյանը փորձ է կատարել խաղի արդյունքի վրա ազդելու նպատակով կաշառել «Բանանցի» պաշտպան Էդուարդ Կպոդոյին: Մեր ակումբում առկա են այդ միջադեպի բոլոր անհերքելի ապացույցները:  Ըստ սահմանված կարգի, մենք այդ փաստերը տրամադրել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Չնայած նրան, որ ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածի 1-ին մասի նորմը նախատեսում է մեղավոր թիմին տեխնիկական պարտության գրանցման դրույթ, «Բանանց» ֆուտբոլային ակումբը  պնդել է, որ հանդիպումը կայանա, քանի որ մեզ համար գլխավորը  սպորտային արդյունքն է: Չնայած այդ  խաղում կրած պարտությանը, մենք կարծում ենք, որ բացարձակ ճիշտ ենք վարվել: Նաեւ ցանկանում ենք ընդգծել մեր ակումբի ֆուտբոլիստ Էդուարդ Կպոդոյի գովելի արարքը: Նա ոչ միայն չի ընդունել խաղը վաճառելու առաջարկը, այլեւ այդ մասին հայտնել է ակումբի ղեկավարությանը: Հուսով ենք, այս դեպքը կնպաստի նրան, որ նման երեւույթներն արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից: «Բանանց» ֆուտբոլային ակումբում մարզվում են 800-ից ավելի պատանի ֆուտբոլիստներ, երեխաներ: Եվ եթե «Շիրակ» ակումբը չպատժվի, աճող սերնդի դաստիարակումը չափազանց պրոբլեմատիկ կդառնա: Հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին, հարգանքով՝ «Բանանց» Ֆուտբոլային ակումբ»: Հիշեցնենք, որ ՀՖՖ կարգապահական կոմիտեն Արարատ Հարությունյանին ցմահ  որակազրկել է, իսկ «Շիրակ» ակումբին տուգանել է եւ զրկել 12 միավորից: