Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ինչքո՞վ աչքի ընկան ՏԻՄ ընտրություններն Արցախում

Ինչքո՞վ աչքի ընկան ՏԻՄ ընտրություններն Արցախում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության բոլոր 228 համայնքներում և մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 8-ին տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնք, ըստ դիտորդների գնահատականների, անցել են հիմնականում ժողովրդավարական չափանիշների համաձայն՝ առանց լուրջ խախտումների:

Այս ընտրություններն աչքի ընկան ընտրողների մասնակցության բարձր տոկոսով: Ընտրություններին Արցախում մասնակցել է 67 հազար 326 քաղաքացի կամ ընտրողների 65,4 տոկոսը, ինչը 10 տոկոսով ավելի է, քան նախորդ ՏԻՄ ընտրություններում գրանցված ցուցանիշը, և խոսում է ընտրական գործընթացների հանդեպ Արցախի բնակչության հետաքրքրության աճի մասին:

Հատկանշական է, որ համայնքների ղեկավարների թեկնածուների կազմը եղել է բազմազան, ներկայացված են եղել ինչպես Արցախի հիմնական ավանդական կուսակցությունների, այնպես էլ անկուսակցական թեկնածուներ (96-ը (23,4 %) «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է, 14-ը (3,4 %)՝ Արցախի Ժողովրդավարական Կուսակցության, 11-ը (2,7%)՝ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, 278-ը (67,8%) անկուսակցական են): Փաստը, որ համայնքի ղեկավար թեկնածուների շարքում մեծ տոկոս են կազմել նաև անկուսակցականները, խոսում է այն մասին, որ Արցախի բնակիչներն ունեցել են ընտրության լայն դաշտ, և այն չի սահմանափակվել միայն ավանդական կուսակցությունների թեկնածուներով: Օրինակ, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել հենց անկուսակցական թեկնածու Դավիթ Սարգսյանը:

ՏԻՄ ընտրություններն նաև աչքի ընկան կանանց մասնակցության ցուցանիշով: 410 համայնքի ղեկավարի թեկնածուներից 15-ը (3,7 %), մինչդեռ 2155 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներից կեսից ավելին՝ 1524 կանայք են, ինչը խոսում է քաղաքական գործընթացներում կանանց ակտիվ մասնակցության մասին:

Ընտրություններին Արցախում հետևել է մոտ 400 դիտորդ՝ տեղական և միջազգային, ինչը հնարավորություն է տվել իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան, պրոֆեսիոնալ դիտորդական առաքելություն: Դիտորդների շարքում են եղել նաև ՀՀ ԱԺ  «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները, ովքեր փաստել են, որ Արցախում անցկացվել են միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրություններ: 

Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ՀՀ կառավարությունն առաջին անգամ ֆինանսական միջոցներ էր հատկացրել քաղաքացիական հասարակությանը, մասնավորապես, երկու հասարակական կազմակերպությունների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակին» և «Թրանսփարենսի ինթերնեշնլին»։ Ընտրական գործընթացների դիտորդական առաքելությունների մեծ փորձ ունեցող այս կազմակերպությունները նույնպես, ընդհանուր առմամբ, դրական են գնահատել ընտրությունները՝ նշելով, որ միտումնավոր խախտումներ, որոնք կարող էին ստվերել ընտրությունների արդյունքները, չեն արձանագրվել:

Ամփոփելով, կարող ենք փաստել, որ ընտրությունները կարևոր փորձաքար էին  2020 թվականի Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Այս ընտրությունների ընթացքը և անկախ դիտորդների գնահատականները հաստատեցին Արցախում ժողովրդավարության ամրապնդման անշրջելիությունը՝ ցույց տալով, որ անգամ ՏԻՄ մակարդակում Արցախում կազմակերպվում և անցկացվում են միջազգային, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ:

 

Լիանա Հովհաննիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]