Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակը
Այսօր հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Տայվո Կլաարը, իսկ հանդիպման հիմնական նպատակն է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակի քննարկումը՝ պաշտպանական գերատեսչության իրավասությունների շրջանակներում:
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Տոնոյանը Եվրամիության հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանին վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումների, ներկայում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Որպես հակամարտության կարգավորման ուղղությամբ արդյունավետ բանակցությունների առաջ մղման կարևոր գրավական՝ Դավիթ Տոնոյանը կարևորել է առաջնագծում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը, ավելացնելով, որ հայկական կողմը հավատարիմ է այս հարցում իր ցուցաբերած կառուցողական կեցվածքին: Տայվո Կլաարն իր հերթին վերահաստատել է արցախյան հակամարտության՝ բացառապես խաղաղ, բանակցային եղանակով կարգավորմանը սատարելու հարցում Եվրամիության բազմիցս հնչեցրած դիրքորոշումը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյան. Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը փոխգործակցության նոր հնարավորություններ է բացում
- ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը