Մատչելիության հղումներ

«Վերաբերմունքս Թուրքիայի հանդեպ հիմա շատ դրական է, երկու օր առաջ այդպես չէր». Թրամփ


ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները, արխիվ
ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները, արխիվ

Ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումից հետո թուրք-ամերիկյան լարված հարաբերություններում ջերմացման նշաններ են ի հայտ գալիս:

Սպիտակ տան ղեկավարը, թեև դեռ չի խոսում Անկարայի դեմ սահմանված պատժամիջոցները վերացնելու մասին, սակայն հրապարակավ հայտարարում է՝ փոխել է կարծիքը Թուրքիայի վերաբերյալ:

«Մենք որևէ բան չենք խոստացել Թուրքիային, մենք գործարքի չենք գնում գերիներին կամ բանտարկյալներին ազատ արձակելու համար: Սակայն, պետք է ասեմ, որ ես հիմա շատ եմ փոխել կարծիքս Թուրքիայի մասին, վերաբերմունքս շատ տարբեր է այն զգացողությունից, որ ունեի երկու օր առաջ, հիմա շատ դրական է, երկու օր առաջ այդպես չէր», - ասել է Թրամփը:

Մինչև վերջերս, քանի դեռ թուրքական դատարանը կալանքի տակ էր պահում ամերիկացի հոգևորականին, Թրամփը հարցազրույցներում ու թվիթերյան իր գրառումներում սուր քննադատում էր Էրդողանի վարչակազմը:

«Թուրքիան չարաշահել է Միացյալ Նահանգների վստահությունը», - օգոստոսին հայտարարել էր Սպիտակ տան ղեկավարը, ինչից մի քանի օր անց արդեն Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ՝ էական հարված հասցնելով այդ երկրի տնտեսությանը:

Ամերիկյան լրատվամիջոցները պնդում են՝ Միացյալ Նահանգների նախագահը պատրաստ է եղել ավելի հեռուն գալ։ Ըստ ABC -ի աղբյուրների, Վաշինգտոնը լրջորեն քննարկել է Թուրքիայից դիվանագիտական ողջ անձնակազմը դուրս բերելու հարցը:

Հեռուստաընկերության հետ զրույցում պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները, անանուն մնալու պայմանով, պատմել են, որ այդ ծրագիրը բուռն քննարկվել է ամերիկյան էլիտայում, նույնիսկ որոշված է եղել, որ գործընթացն իրականացվելու է երկու ամսում՝ Թուրքիայի տարածքը լքելու էին նախ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները, ապա՝ դեսպանատան շարքային աշխատողները:

«Մի պահ անգամ վախ կար, որ Թուրքիայի հետ հարաբերությունները ծայրահեղորեն կխզվեն», - ասել է պետդեպարտամենտի պաշտոնյան՝ հավելելով, որ քննարկման սեղանին է եղել նաև թուրք պաշտոնյաների ու գործարարների նկատմամբ շատ ավելի խիստ սահմանափակումներ մտցնելու հարցը:

«Թուրքերը տեղյակ էին, որ ամերիկյան ողջ վարչակազմը՝ վերից վար, զայրացած է, և եթե Էրդողանը Բրանսոնին օրեր առաջ ազատ չարձակեր, այդ զայրույթը դուրս էր հորդելու: Պատժամիջոցներ, սահմանափակումներ, դիվանագետների հետկանչ՝ ամեն ինչ էլ քննարկվում էր»,- ABC-ին ասել է պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:

Թուրքական դատարանը, որ ավելի քան երկուսուկես տարի ազատազրկման մեջ էր պահում պաստորին՝ լրտեսության ու ահաբեկչության մեղադրանքով, անցած շաբաթավերջին նրան ազատ արձակեց ու թույլ տվեց վերադառնալ հայրենիք:

Նախագահ Դոնալդ Թրամփը Բրանսոնին անձամբ ընդունեց՝ Սպիտակ տանը: «Թուրքական բանտից՝ Օվալաձև սենյակ՝ 24 ժամում, վատ չէ», - նկատել էր Միացյալ Նահանգների առաջնորդը:

Թուրքիայի նախագահը, ի դեպ, շարունակում է պնդել, թե Բրանսոնի ազատ արձակման հետ ինքը որևէ կապ չունի, քանի որ Թուրքիայում դատարաններն ազատ են, արդարադատությունն՝ անկախ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG