Օպերային թատրոնի բեմ կվերադառնա Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետային ներկայացումը, որը տարիներ շարունակ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում էր, դադարից հետո վերականգնվել է և վերադառնում է մեծ բեմ:
Ներկայացման առաջնախաղերը տեղի կունենան հոկտեմբերի 13-ին, 15-ին և 16-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շեշտեց, որ հետպատերազմական շրջանում այնպիսի գեղարվեստական և մշակութային միջոցառումների կարիք կա, որոնք կոչված են վերականգնելու բարոյահոգեբանական մթնոլորտը, վերադարձնելու հերոսական, հաղթական ապրումները և դժվար է այդ տեսանկյունից պատկերացնել ավելի հրաշալի գործ, քան «Սպարտակն» է:
«Մենք նաև կրթական հաստատությունները պրոֆեսիոնալ կառույցների հետ կապելու խնդիր ունենք: «Սպարտակ» բալետային ներկայացման մեջ ընդգրկված են Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները: Նրանք խաղում են Օպերային թատրոնի այլ ներկայացումներում ևս»,-ասաց Խզմալյանը:
Օպերային թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանն էլ շեշտեց, որ բեմադրության մեջ փոփոխություններ են կատարվել. փոփոխվել են որոշ միզանսցեններ, թարմացվել են բեմական զգեստները: Ներկայացմանը նոր շունչ հաղորդելու նպատակով արտիստների հետ աշխատում են Ռուսաստանից Երևան ժամանած բալետմայստերներ, փորձավարներ, տեխնիկական հարցերով մասնագետներ:
Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Կարեն Դուրգարյանն է, բեմադրող բալետմայստերը Յուրի Գրիգորովիչն է (ԽՍՀՄ ժող. Արտիստ), նկարիչը Սիմոն Վիրսալաձեն է (ԽՍՀՄ ժող. Նկարիչ):
Ներկայացումը վերականգնվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերան Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ տեղի է ունեցել 2009 թվականին:
Արամ Խաչատրյանը «Սպարտակ» բալետը գրել է 1954 թվականին: Լիբրետոյի հեղինակն է Նիկոլայ Վոլկովը։ Առաջին անգամ բալետը բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին Լենինգրադի Մարիինյան թատրոնում։ Լիբրետոյի հիմքում ընկած է Ռաֆաելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը։
1959 թվականին բալետն արժանացել է ԽՍՀՄ Լենինյան մրցանակի։ 1950 թվականի հուլիսի 9-ին «Սպարտակ» բալետի պարտիտուրի առաջին էջին Արամ Խաչատրյանը գրել է. «Ձեռնամուխ եմ լինում ստեղծագործական մեծ հուզմունքի զգացումով»: Վերջին էջում կարդում ենք. «Երեք ու կես տարի տևեց «Սպարտակ»-ի վրա աշխատանքը: Գրում էի հիմնականում ամռանը: Ընդհանուր վերցված «Սպարտակը» 8 ամսվա ընթացքում է գրվել: Վերջացրել եմ 1954-ի փետրվարի 22-ին: Ողջ երաժշտությունը գրվել է Հին Ռուզայում՝ կոմպոզիտորների տանը: Արամ Խաչատրյան»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում