Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևան քաղաքի ավագանու և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Երևան քաղաքի ավագանու և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի միջև ստորագրվել 
է փոխըմբռնման հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկուն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նախևառաջ անդրադարձել է վերջին օրերին մեր պետության դեմ Ադրբեջանի սանձարձակած դատապարտելի պատերազմին, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք նրա ներխուժմանը, խաղաղ բնակավայրերի հրետակոծության, ավերածությունների և ցավալի զոհերի խնդրին և Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության դեմ Ադրբեջանի հետագա ագրեսիվ ռազմական գործողությունների ու սպառնալիքների անթույլատրելիությանը:

Նշվում է, որ ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը:

«Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի հետ, և համոզմունք հայտնել, որ երկու քաղաքների օրենսդիր մարմինների միջև ստորագրվելիք փաստաթուղթը նոր հեռանկարներ կբացի նաև այս մակարդակում համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկին իր հերթին նկատել է, որ երկու քաղաքների միջև իսկապես առկա է գործակցության լայն դաշտ, ինչը հնարավորություն կտա ընդգրկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ:

Պաշտոնական ձևաչափով հանդիպումից հետո Երևան քաղաքի ավագանու և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փոխըմբռնման հուշագրով գործակցություն կծավալվի տեղական ինքնակառավարման, քաղաքաշինության և հողօգտագործման, բյուջետային գործընթացի և հարկային քաղաքականության, մշակույթի, կրթության, նորագույն տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի և այլ բնագավառներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]