Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը միանգամայն անընդունելի է անվանել թուրքական դատախազության պահանջը՝ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ակտիվիստներին 15 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ։
Նրա խոսքով՝ Բեռլինն արդեն բանակցություններ է սկսել Անկարայի հետ այդ հարցով։
«15 տարի ժամկետով բանտարկության պահանջը մեզ համար միանգամայն անհասկանալի և անընդունելի է։ Դրա հետ կապված մենք, իհարկե, անհապաղ կապի մեջ ենք մտել թուրքական կառավարության հետ»,-հայտարարել է նախարարը, փոխանցում է ԱԳՆ մամլո ծառայությունը։
Գերմանիան իր կողմից պատրաստ է անել ամեն բան՝ Գերմանիայի կալանավորված քաղաքացիներին Գերմանիա վերադարձնելու համար։
Ավելի վաղ Թուրքիայի դատախազությունը Amnesty International-ի 11 ակտիվիստների դեմ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանք էր առաջադրել և պահանջել 15 տարվա ազատազրկում։ Նրանցից 8-ը գտնվում են կալանքի տակ, այդ թվում Թուրքիայում կազմակերպության տնօրեն Իդիլ Էսերը։ Իրավապաշտպաններից մեկը՝ Փիթեր Շտոյդտները, հանդիսանում է Գերմանիայի քաղաքացի, ինչը կարող է տանել Գերմանիայի և Թուրքիայի միջև լարվածության նոր ալիքի։ Ներկայում Թուրքիայի քննչական մեկուսարանում համանման կասկածանքով գտնվում է գերմանական Welt թերթի լրագրող Դենիզ Յուզելը։