Մատչելիության հղումներ

«Դատարանը կալանավորման պայմանների բացակայությամբ կրկին կալանավորելու որոշում կայացրեց». Քոչարյանի փաստաբան


Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, 25 հունիսի, 2019թ.
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, 25 հունիսի, 2019թ.

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանավորելուց հետո նախկին նախագահի պաշտպանական խումբը զբաղված է վճռաբեկ բողոք ներկայացնելու գործով։

«Ազատության» հետ զրույցում փաստաբան Արամ Օրբելյանն ասաց՝ վերաքննիչի որոշումները դեռ չեն ստացել, ստանալուց հետո միայն ավելի հանգամանալից կանդրադառնան դրանց։

Երկու շաբաթ քննելով մեղադրող կողմի և Մարտի 1-ի զոհերի և տուժողների ներկայացուցիչները բողոքները, դատավոր Արմեն Դանիելյանը երեկ որոշում կայացրեց կալանավորել Քոչարյանին, բեկանել կասեցված գործի վարույթն ու այն հետ ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Քոչարյանի մյուս փաստաբան Հովհաննես Խուդոյանն «Ազատության» հետ զրույցում հայտարարեց՝ դատարանը Քոչարյանին կրկին կալանավորելու որոշում է կայացրել՝ կալանավորման պայմանների բացակայությամբ։

«Պայման ասելով ես նկատի ունեմ այն նորմը, որը պետք է դատարանը օգտագործի, չէր կարող օգտագործել՝ 300.1 հոդվածը, որը որ վիճարկվում է ու արդեն ընդունված է Սահմանադրական դատարանի վարույթ, և նենց էլ չի, որ Սահմանադրական դատարանը դեռևս քննարկում է։ Ճիշտ է՝ դատարանի դիմումը դեռևս քննարկվում է, բայց գիտեք, որ մեր դիմումով ընդունվել է վարույթ, այսինքն՝ Սահմանադրական դատարանն արդեն արտահայտել է կասկած, որ սահմանադրականության խնդիր կա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խուդոյանը։

Բացի այս հիմքից, ևս երկուսի մասին է նշում փաստաբան Խուդոյանը. նախ այն, որ դատավոր Արմեն Դանիելյանը խորհրդակցական սենյակ գնալուց առաջ իրենց չթույլատրեց դիրքորոշում հայտնել բողոքների վերաբերյալ։ Բացի այդ՝ հենց սկզբից իրենք հայտարարել էին, որ այս դատավորը չի կարող քննել գործը, որովհետև մակագրման գործընթացի մեջ սխալներ են եղել։

Երկրորդ նախագահի պաշտպանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ չի տեսնում իրավական այնպիսի նորմեր, որոնք կարող էին հիմք հանդիսանալ նման դատական ակտ կայացնելու համար։

«Կարող է ես մասնագիտական համապատասխան պատրաստվածություն չունեմ, բայց ինձ նման նորմեր հայտնի չեն։ Այսինք՝ էն հետևանքները, որ էս որոշումներով պետք է առաջանան, դատավարության ընթացակարգով նախատեսված չեն», - ասաց փաստաբանը։

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք հակասություն չկա վերաքննիչի և Սահմանադրական դատարանի՝ Քոչարյանի թիմի դիմումը վարույթ ընդունելու որոշումների մեջ, փաստաբանը նշեց, որ իրենց նաև դա է մտահոգում։ Խոսքն այն մասին է, որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի դիմումը։ Երկրորդ նախագահը Բարձր դատարանից խնդրում է քննել իր նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերը, քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները, ինչպես նաև սահմանադրական կարգը տապալելուն վերաբերող հոդվածների սահմանադրականությունը։ Ստացվում է, որ նույն հարցի վերաբերյալ վերաքննիչ քրեական դատարանը արդեն դիրքորոշում ունի, իսկ Սահմանադրական դատարանը դեռ այն չի հայտնել:

«Սա կոչվում է Սահամանադրական դատարանի լիազորություններին տիրանալ առանց իրավական հիմնավորումների», - ասաց Խուդոյանը։

Նշենք, որ երեկվա դատական նիստին Քոչարյանն ու նրա պաշտպանները ներկա չէին։ Նախքան նիստը, վերջիններս հայտարարել էին, որ Վերաքննիչ քրեական դատարանը թույլ չի տվել ներկայացնել իրենց դիրքորոշումները և, «կոպտորեն ոտնահարելով մրցակցային դատավարության սկզբունքը, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու», ի նշան բողոքի, իրենք չեն մասնակցելու նիստին։

Խուդոյանը դատավորի այս քայլը «մրցակցության իրավունքի և դատավարական նորմիկոպիտ խախտում» որակեց։

Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը դիմել էր ՍԴ՝ երկրորդ նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը, նաև Սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու համար։

Իրավապաշտպան, փաստաբան Հայկուի Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ տպավորություն ունի, որ Քոչարյանի կողմը փորձում է ձգձգել գործընթացը՝ դրա վկայությունն է նաև Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելը։ Եվ որ վերաքննիչ դատարանի երեկվա որոշումն ինչ-որ առումով կանխեց նրանց այդ գործողությունը։ Փաստաբանի գնահատմամբ, վերաքննիչ դատարանը կարող էր որոշում կայացնել Քոչարյանի կալանքի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ՝ մայիսի 18-ին, երբ փոփոխվեց 5 ամիս կալանքի տակ գտնվող երկրորդ նախագահի խափանման միջոցն ու նա ազատ արձակվեց, նրա փաստաբանները շտապեցին պնդել՝ այդ որոշումը վերադաս ատյանում բողոքարկման ենթակա չէ։

«Կալանքի հարցի հետ կապված մեկընդմիշտ, կարծես թե գորնե այս առաջիկա ժամկետների համար, այդ հարցը հստակ վերջակետ ստացավ», - ընդգծեց Հարությունյանը։

Փաստաբանի կարծիքով, առաջին ատյանի դատարանը պարտավոր է կատարել վերաքննիչի պահանջները։ - «Իրավական տեսանկյունից, եթե վերաքննիչ դատարանը մատնացույց է արել կամ խոսում է առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տված սխալների կամ բացթողումների մասին, դրանք շտկման ենթակա են և դատավորը ենթադրաբար պիտի փոխի իր մոտեցումը։ Ազդեցության մասը, կարծում եմ, որ արդեն ինքնին խոսում է, և հասարակական այն ազդեցությունը, որ ձևավորվել է ևս օգնելու է դատավորին, որպեսզի ինքը օրենքի և իրեն տրված լիազորությունների շրջանակներում, ըստ վերաքննիչ դատարանի մատնացույց արած թերացումների, ավելի ազնիվ և արդար որոշում կայացնի», - նշեց Հայկուհի Հարությունյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG