▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Զվարթնոցի սրճարաններում հայկական հեռուստաալիքներ չեն ցուցադրվում. պարզաբանում

 

Asekose.am-ի  ընթերցողներից մեկը տեղեկություն էր հայտնել այն մասին, որ Զվարթնոց միջազգային օդանավակայանում առկա սրճարաններում, մասնավորապես «LavAzza»-ում, հայկական հեռուստաալիքներ չեն ցուցադրվում. Ընթերցողը նշել էր, որ օրերս, երբ ինքը խնդրել էր ռուսականի փոխարեն հայկական հեռուստաալիք փոխել՝ սրճարանի աշխատակիցն ասել էր, թե դրա իրավունքը չունի:

 

 

 

 

 

 

 

 

 

Փորձելով պարզել պատճառը՝ Asekose.am-ը կապ հաստատեց օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանի հետ, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ օդանավակայանն այդ ամենի հետ բոլորովին կապ չունի և իրենց իրավասությունների մեջ այդ հարցը չի մտնում.

«Սրճարանների տնօրենները վարձակալներ են, և նրանց սրճարանները չեն պատկանում օդանավակայանին: Բայց նաև նշեմ, որ սրճարաններում տեղադրված հեռուստացույցներով հիմնականում երաժշտական հոլովակներ են պտտվում, այլ բան չի ցուցադրվում: Ամեն դեպքում, ես կփոխանցեմ ընթերցողների դիմումը սրճարանների մենեջերներին, թող դիտարկեն նաև այդ հնարավորությունը»,- նշեց Գևորգ Աբրահամյանը:

Նույն հարցի շուրջ զրուցեցինք նաև «LavAzza» սրճարանի մենեջեր Անդրանիկ Խնկանոսյանի հետ, ով նշեց.

«Անկեղծ ասած՝ մեր սրճարանում տեղադրված միակ հեռուստացույցը նախատեսված չէ հատուկ հաճախորդի համար: Օդանավակայանը միջազգային է, այդ պատճառով էլ հայկական հեռուստաալիքներ չկան, իսկ մեր սրճարանն իտալական է, մեզ մոտ հեռուստացույցը հիմնականում ծառայում է որպես դիզայնի մի մաս: Մեզ մոտ չեն գալիս հեռուստացույց դիտելու, այլ  գալիս են ինչ-որ մի բան խմելու կամ ուտելու, դա է հիմնական պատճառը»,- Asekose.am-ի հետ զրույցում հստակեցրեց Անդրանիկ Խնկանոսյանը:

 

Հեղինակ՝ Ս. Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին