Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ամփոփել է անցնող տարվա գործունեությունը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ամփոփել է անցնող տարվա 
գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն  ամփոփեց 2018 թվականի գործունեության արդյունքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության ածխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, ինչպես նախորդ տարիներին` առաջնահերթությունը երեխաների հետ աշխատանքն էր, իսկ բովանդակային բաղադրիչը` ընթերցանության և գրքի շուրջ հաղորդակցության միջավայր ստեղծելը. մշակութային միջոցառումները, հանդիպումները, գրքերի                          շնորհանդեսները, տեսությունները և համանման այլ միջոցառումները գրադարանի բնականոն աշխատանքն են, որոնք միտված են ընթերցանության խթանմանը և մանկական գրքի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը: Այդ  իսկ պատճառով, մշակութային հաղորդակցական հարթակի առկայությունը կարևորվեց նաև 2018 թվականին:

Տարեսկզբին ամփոփվեց «Իմ տնային գրադարանը» միջազգային մանկական ստեղծագործական ծրագիրը, որը մեկնարկել էր 2017 թվականին. նպատակն էր հնարավորություն ընձեռել երեխաներին ինքնուրույն ուսումնասիրությամբ կարևորելու գիրքն ու ընթերցանությունը: Ծրագրին մասնակցում էին Խնկո Ապոր անվան ազգային մանկական, Նովոսիբիրսկի /Ռուսաստան/, Ալմաթիի ԳԿՀ-ի քաղաքային կենտրոնական /Ղազախստան/, Խերսոնի մարզային /Ուկրաինա/ մանկական գրադարանները և «Տիրասպոլ քաղաքի ԳԿՀ- ն» /Մերձդնեստրի ՄՀ/:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Գրադարանային ասոցիացիայի» և ՀԱԱ-ի հետ համատեղ, «IBBY Հայաստանի» և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ՝ փետրվարի 17-21-ը գրադարանը կազմակերպվեց «Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը»: Տոնավաճառին մասնակցում էին «Զանգակ», «Արևիկ», «Էդիթ Պրինտ», «Մարի», «Ծիծեռնակ», «Ջի Էս Էմ» հրատարակչությունները  և գրքին առնչվող այլ կազմակերպություններ: Տոնավաճառը միտված էր մանկապատանեկան գրքի նորությունների իրազեկմանը և երեխաների շրջանում ընթերցանության նկատմամբ հետաքրքրության առաջացմանը: Այն ուղեկցվեց անհատական և խմբային այցելություններով, գրքերի տեսությունների և զրույցների շարքերով, էլեկտրոնային ծանոթացումներով, երաժշտական ունկնդրումներով, էքսկուրսիաներով: Իրականացվել են մուլտդիտումներ, բարձրաձայն և ընտանեկան ընթերցանություն: Վերջին տարիների ավանդույթով տոնավաճառի շեշտադրումներից էր «Նվեր զինվորին» ակցիան, որը մեկնարկեց «Գիրք նվիրելու օրը». այցելուները ընծայագրերով գրքեր նվիրաբերեցին հայ զինվորներին: Օրվա խորհրդին համահունչ կազմակերպվեցին թումանյանական մոտիվներով հեքիաթունկնդրումներ և մուլտդիտումներ, նոր գրքի ստեղծման և ձևավորման վարպետության դաս, թատերական ներկայացում, ինտելեկտուալ և գրական խաղեր, «Թումանյանը երգերի մեջ» խորագրով ունկնդրումներ: Շեշտադրված էին գրադարանի հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեքիաթապատումները, որոնց ընթացքում փոքրիկներին հանդիպեցին Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկան. փոքրիկ գրքասերները չեխական բանահյուսության միջոցով ծանոթացան եվրոպական երկրի սովորույթներին: Արգենտինայի Հանրապետության դեսպան Գ. Ուրրիոլաբեիտիան բացի պատմվածքից  երեխաներին ներկայացրեց նաև «Programa Sur» ծրագիրը: «Արևիկ» հրատարակչության տնօրեն Ս. Հովհաննիսյանը ներկայացրեց ամերիկացի գրող, մուլտիպլիկատոր Շ. Սիլվերսթինի «Անձնվեր ծառը» գիրքը: Երեխաների համար հեքիաթներ ընթերցեցին  նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը և  Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության հյուպատոս, գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալ Սալամին: Դիվանագետների հետ համագործակցությունը նպաստում է երեխաների շրջանում օտար լեզուների և մշակույթի նկատմամբ հետաքրքրության աճին, փոքրիկների դաստիարակությանը հանդուրժողականության մթնոլորտում:

 Տոնավաճառի շեշտադրումներից էր «Մայրենի լեզվի» միջազգային օրը և ամենամյա տոնավաճառն ամփոփվեց նշանավորող միջոցառումներով: Փոքրիկներին հանդիպեց  ՀՀ Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը: Իրականացվեցին մայրենիին նվիրված պոեզիայի ժամ, գրքի շնորհանդես, զրույցներ, գրական խաղ, ընտանեկան ընթերցանություն, թեմատիկ ունկնդրումներ և մուլտդիտումներ...

Տոնավաճառի հնգօրյակում իրականացվեց 12 մշակութային միջոցառում, մասնակցեց 65 դպրոց և շուրջ 5000 այցելու:

Մարտի 7-ին գրադարանն իր հեղինակային «Հեքիաթի դեսպաններ» ծրագրի շրջանակում հյուրընկալեց ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանին, ով «ամենակրտսեր լսարանին» ներկայացրեց իր հեղինակած «Չար տնակի հեքիաթը», որն այնուհետև գրադարանի կողմից հրատարակվեց և նվիրաբերվեց Հայաստանի գրադարաններին։ Գրքի թատերականացված շնորհանդեսը գրադարանում ևս դրական արձագանք և բազմաթիվ այցելուներ ունեցավ:

Ինչպես միշտ, գրադարանի ուշադրության ծիրում էին գրադարանային «Շաբաթները»: Ապրիլի 2-6-ը իրականացվեց «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը», որի նպատակն էր նպաստել մանկապատանեկան ընթերցանության խթանմանը, մանուկների ու պատանիների համար ստեղծված երաժշտական ստեղծագործությունների հանրայնացմանը: Թիրախային խմբերն էին մանուկներ, պատանիներ, մանուկների համար ստեղծագործող արվեստագետներ: Իրականացվեցին գրողների հետ հանդիպումներ, վիկտորինաներ, մանկական երգերի ունկնդրումներ, տարվա հոբելյանների մասին ծանոթացումներ, տարաբնույթ միջոցառումներ: Ճեմասրահում բացվեց գրադարանի նկարչական ստուդիայի սաների ճապոնական մոտիվներով «Համատեղում» խորագրով ցուցահանդեսը, կազմակերպվեցին ընտանեկան ընթերցանության օրեր, «Աշխարհի հեքիաթները» խորագրով հեքիաթապատումներ, կինո և մուլտդիտումներ: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպվեց «Ֆրանսիացի կոմպոզիտորներ» ցուցահանդեսը և «Ֆրանսիա՝ երազանքների երկիր» երկլեզու միջոցառումը: Մասնակցեցին հարյուրավոր աշակերտներ, տասնյակ մանկավարժներ և գրողներ, ուսանողներ, գրքասերներ, արվեստագետներ: Ապրիլի 16-23-ը Հայաստանի գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ նշվեց «Ազգային գրադարանային շաբաթը», որը նվիրված էր «Մայիսյան հերոսամարտերին» և «Էրեբունի-Երևանի» 2800-ամյակին: Կազմակերպվեցին ցուցահանդեսներ, հանդիպումներ, գրքերի քննարկում, թատերական ներկայացում, հեքիաթապատումների, գրքերի տեսությունների, զրույցների շարքեր, համանման միջոցառումներ և մասնագիտական շրջայցեր դեպի հայաստանյան գրադարաններ:

Կրթական  ծրագրերի առումով նշանակալի էին «IBBY Հայաստան» ՀԿ-ի «IBBY Yamanda» հիմնադրամի «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» կարգախոսով դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացված վարպետության եռօրյա դասը՝ հայ հրատարակիչների համար: Դասընթացը վարեց Ֆլորիան Էնդրյուսը /Գերմանիա/, ով   հրատարակչության ոլորտում իր բազմամյա փորձառությունն ու գիտելիքները փոխանցեց գրաշուկայի ազդեցության, հրատարակչական հնարավորությունների, նոր նախագծերի և շուկաներ նվաճելու գաղափարների վերաբերյալ: Հայ հրատարակիչների մասնակցությամբ տեսագործնական դասը 5-րդն էր /4-ն իրականացվել են նախորդ տարիներին/: Նրա արդիական հարցադրումները՝ ոլորտի ծրագրերի գնահատումից մինչև արդյունք, վերլուծության  ներառում և այլն՝ իմի բերեցին դասընթացի նպատակը:  Տեսագործնական դասի շրջանակում՝ արդի գերմանական մանկական հրատարակչությունների հաջողված փորձը փոխանցվեց հայ հրատարակիչներին՝ նպաստելով գործընթացի հաջողությանը Հայաստանում: ՀԳԱ-գրադարան փոխգործակցությամբ, ՀՀ մարզային գրադարանների աշխատակիցների համար հունիսին  իրականացվեց «Գրադարանային հավաքածուների համալրման» թեմայով խորհրդակցություն: Հուլիսին IFLA-ի «Համաշխարհային տեսլական» քննարկումների շրջանակում իրականացվեց «Մեր տեսլականը, մեր ապագան» թեմայով սեմինարը, որտեղ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը ներկայացրեց ծրագրի նախապատմությունը, նպատակները և տեսլականը: 

Հայաստանի առաջին հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրված կազմակերպվեց թատերականացված միջոցառում, որը մեկնարկեց գրադարանի ընթերցողների և թատերական խմբակի /ղեկավար՝ Ա. Ավետիսյան/ ու Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի սաների բեմելով: Առաջին Հանրապետության հիմնադրման պատմությամբ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր Ա. Մանուկյանի և Սարդարապատի ճակատամարտի զորավարների կերպավորումներով՝ պատանիները կրկնակի արժևորեցին մայիսյան հաղթանակները և հայ պետականության սկզբնավորումը:

Հունիսի 1-ին՝ ավանդույթի համաձայն, գրադարանը հատուկ շուքով նշեց «Երեխաների պաշտպանության միջազգային օրը»: Երեխաների օրը մեկնարկեց մանկական գրքի բացօթյա տոնավաճառով և նկարչությամբ /գործընկերներ «Արևիկ» հրատարակչություն, «ԱրտԲրիջ» գրախանութ/: Բացօթյա միջոցառումներին զուգահեռ գրադարանում հանդես եկան «Հասմիկ» մանկական թատրոնի,  Ս. Դևոյանի մշակույթի կենտրոնի և Օրբելյանի արվեստի դպրոցի սաները: ՀՀ մշակույթի նախարար Լ. Մակունցը բացօթյա ընթերցանությամբ ամփոփեց օրը:

Արդեն 2-րդ տարին է՝ գրադարանը երեխաների ամառային ժամանցը կազմակերպում է գրադարանի համար նոր ձևաչափով՝ «Ամառային դպրոցով»: 2018-ին գրադարանի «Ամառային դպրոց» է այցելել 8 տասնյակ երեխա Երևանից և արտերկրից, ովքեր հնարավորություն են ստացել հասակակիցների հետ շփվել և գիտելիքներ ստանալ իրենց համար անսովոր միջավայրում:                                                                                                   

Գրադարանի 2018 թ. գործունեության շեշտադրումներից էր մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին: Թվարկվածներին հավելենք նաև ֆրանսիացի գրող, հեքիաթագիր Շ. Պերրոյի 390-ամյակին նվիրված գրական-թատերական միջոցառումը և Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ հոկտեմբերի 10-13-ը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում մշակույթի նախարարության նախաձեռնությամբ  գրադարանի կողմից կազմակերպված Ֆրանկոֆոն գրքի ցուցահանդես-վաճառքը: Այս հարթակում ներկայացված էին 13 հրատարակչության և 1 գրատան ֆրանսերեն և ֆրանսերենից թարգմանված գրքեր: Ֆրանկոֆոն գրքի ցուցահանդեսով ամփոփվեց գրադարանի մասնակցությամբ տարվա ընթացքում Ֆրանկոֆոնիայի շրջանակում իրականացված միջոցառումների շարքը:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը 2018 թվականին նշում էր հիմնադրման 85-ամյակը. այն նշանավորվեց հոկտեմբերի 15-21-ն իրականացված հոբելյանական ծրագրով, որի նպատակն էր արժևորել գրադարանի 85-ամյա գործունեությունը և նշանակությունը մանկապատանեկան գրքի հանրայնացման և ընթերցանության խթանման գործում: Շաբաթն առանձնացավ թեմատիկ ցուցահանդեսներով, գիտագործնական կոնֆերանսներով. կազմակերպվեցին պոեզիայի ժամեր, հանդիպումներ, ֆլեշմոբ, գրական և թատերականացված միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ և քննարկումներ, այցելություններ Հայաստանի մշակութային վայրեր... Հոբելյանին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանեցին ոլորտի մասնագետներ և մանկագիրներ Շվեյցարիայից, Իտալիայից, Գերմանիայից, ԱՄԷ-ից և Իրանից: Օտարազգի հյուրերի մասնակցությամբ գրադարանում և Հայաստանի գրողների միությունում իրականացվեցին կլոր-սեղան քննարկումներ, հեքիաթապատումներ, վարպետության դասեր, ինչպես նաև հոբելյանին նվիրված հանդիսություն-ընդունելություն՝ գրադարանի հարթակում և ճեմասրահում: Հյուրերի թվում էին ՀՀ նախագահի տիկին, մանկագիր Ն. Սարգսյանը, Կ. Դեմիրճյանի այրին, պետական գործիչներ, նշանավոր արվեստագետներ, մտավորականներ, գրողներ...
Ուշագրավ էին գիտագործնական հանդիպումները, որոնց ընթացքում  զեկույցով հանդես եկան  օտարազգի մասնագետները. «IBBY, IFLA, IAML համագործակցության հեռանկարները» կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ գրադարանների տնօրեններ, ոլորտի երիտասարդ մասնագետներ: Շաբաթն ամփոփվեց՝ օտարզգի հյուրերի մասնակցությամբ Տավուշի տարածաշրջանի Աչաջուր սահմանամերձ համայնքի մշակույթի տուն այցելությամբ և հեռանկարային գործակցության քննարկումով:

Տարվա դիտարժան միջոցառումներից էր «Չինական խոհանոցի փիլիսոփայությունը» խորագրով վարպետության դասը /դեկտեմբերի 5-ին/: Գրադարանի «Չինական անկյունը», որը պարբերաբար անդրադառնում է չինական մշակույթին և ավանդույթներին միջոցառումն իրականացրեց Հայ-ռուսական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի հետ. չին դասախոսները ներկաներին ծանոթացրեցին չինական խոհանոցի հիմնական կերակուրներին: Թեմատիկ տեսանյութի ցուցադրությամբ ներկայացվեցին չինական խոհանոցի ավանդույթներն ու առանձնահատկությունները: Ներկաները մասնակցեցին չինական թեյախմությանը և համտեսեցին չինացիների պատրաստած ազգային ուտեստները:

Տարվա զանգվածային միջոցառումների շարքն ամփոփվեց դեկտեմբերի 14-ին. գրադարանում կազմակերպվեց մանկապատանեկան գրքերի շնորհանդես-վաճառք, որը նվիրված էր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85,  «Էդիթ Պրինտ» հրատարակչության 25 և «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100- ամյակներին: Գրքերի շնորհանդես-վաճառքի շրջանակում կազմակերպվեցին «Էդիթ Պրինտի» նոր գրքերի շնորհանդեսներ, 2-օրյա տոնավաճառ,  տիկնիկային ներկայացում, հեքիաթապատում, կինոդիտում: 

Նշվածներին և ավանդական տարատեսակ միջոցառումներին զուգահեռ գրադարանն անդրադարձավ տարվա հոբելյաններին և տոներին՝ ՀՀ անկախության հռչակման 27-րդ տարեդարձին, Բայրոնի 230, Էդ. Գրիգի 175, Շիրվանզադեի 160, Գ. Լորկայի 120, Վ. Սարոյանի 110, Մ. Կորյունի 105, Խ. Գյուլնազարյանի 100, մանկագիրներ Հոբոս Ապերի 110 և Լ. Սարգսյանի 80-ամյակներին...

Ուշագրավ էին «Չինական անկյուն»-ում կայացած չինական հեքիաթների մոտիվներով հեքիաթապատում-նկարչություն ժամանակակից գործընթացը և չինական պոեզիային նվիրված միջոցառումը, հավելենք, որ գիտագործնական աշխատանքների շարքում գրադարանը ՌԴ մշակույթի նախարարության և Պետական  մանկական գրադարանի հրավերով 2018 թվականի սեպտեմբերին Մոսկվայում մասնակցեց նաև Ռուսաստանի մանկապատանեկան գրադարանների տնօրենների խորհրդակցության թեմատիկ միջոցառումներին և միջազգային փորձին նվիրված հանդիպմանը ներկայացավ զեկույցով: 

Այսօր արդեն 85 տարի մանուկների և պատանիների շրջանում ընթերցանության քաղաքականություն իրականացնող գրադարանը շարունակում է կատարելագործել աշխատանքային մեթոդները՝ հավատարիմ մնալով իր առաքելությանը:

 

                                                                                    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am