Փոքրիկները՝ Կոմիտասի թանգարանի զբոսավարներ
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Կոմիտասի թանգարանը հնարավորություն էր ընձեռել մի խումբ փոքրիկների՝ շրջայց վարել թանգարանում: Սա փոքրիկ զբոսավարների առաջին «աշխատանքային» փորձն էր։
«Սա Կոմիտասի ռոյալն է, որ նրան է նվիրել մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանը, մինչ այդ Կոմիտասը Ռոյալ չի ունեցել։ Պատերին տեսնում եք Կոմիտասի տարբեր լուսանկարներ՝ արված Բեռլինում, Կոստանդնապոլսում, Փարիզում, Ալեքսանդրայում և այլ քաղաքներում»,- ներկայացնում է Անահիտը՝ ու հավելում, որ թանգարանի այցելուները կարող են ծանոթանալ այն միջավայրին, որտեղ ապրել ու ստեղծագործել է Կոմիտասը, կլսեն նրա ստեղծագործությունները։
Անահիտն առաջին անգամ դասարանի հետ է եկել թանգարան, նրան ամենից շատ դուր է եկել նկարը, որտեղ պատկերված է Կոմիտասը՝ գյուղացիների երգը գրի առնելիս։
Զրույցին է միանում Անուշը։ Ասում է՝ այսօր ինքն էլ է զբոսավար. «Այսօր մենք կշրջենք Կոմիտասի թանգարանում, մենք ենք լինելու գիդերը, մենք ենք պատմելու Կոմիտասի մասին»։
Շրջայցի ընթացքում փոքրիկները նաև ներկայացրեցին Կոմիտասի բանաստեղծություններից։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Մարինա Գևորգյանը նշեց, որ այս ձևաչափով միջոցառում առաջին անգամ է կազմակերպվում, սակայն թանգարանում մշտապես կազմակերպվում են բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնց շնորհիվ այնտեղ միշտ երեխաների պակաս չի զգացվում։
«Նման միտք առաջացավ երեխաների տոնի կապակցությամբ, որոշեցինք երեխաներին հնարավորություն տալ, ինչպես նրանք են երազում, հայտնվել երազանքների աշխարհում, որպես մեծ ներկայանալ։ Առաջարկեցինք ամեն մի երեխայի՝ սովորել էքսկուրսավարի տեքստը, յուրացնել այն և ներկայացնել այցելուներին։ Յուրաքանչյուր երեխա ներկայացնում է թանգարանի մեկ սրահը, Կոմիտասի ստեղծագործությունները, իսկ վերջում համերգասրահում կկատարեն տարբեր դասական ստեղծագործություններ»,- ասաց նա։
Գևորգյանն ասաց, որ թանգարան այցն ավարտելով՝ երեխաներն իրենց տպավորությունները կպատկերեն, նկարների միջոցով կփոխանցեն օրվա զգացողությունները։
Նախապես մտածել էին միջոցառումն անցկացնել 11-ից 14։00-ն, սակայն հետաքրքրությունը սպասվածից մեծ էր՝ թե երեխաների, թե ծնողների ու ուսուցիչների կողմից։ Զբոսավարներն օրվա մեջ փոխվելու են, ամեն սրահում մի քանի զբոսավար կա, ուստի փորձելու են բոլորին ընդգրկել, ներկայացնել։