Աշխարհ

16.10.2018 18:44


Կտտանքներ, առևանգումներ, շինծու գործեր. հրապարակվել են վրացի նախկին դատախազի բացահայտումները

Կտտանքներ, առևանգումներ, շինծու գործեր. հրապարակվել են վրացի նախկին դատախազի բացահայտումները

Կիրակի «Ռուսթավի-2» հեռուստաալիքն եթեր է տվել գաղտնի աուդիոձայնագրություն, որի գլխավոր գործող անձը դատախազության նախկին բարձրաստիճան աշխատակից Միրզա Սուբելիանին է, որն այժմ գտնվում է նախնական կալանքի բանտախցում (Սուբելիանին ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին Թբիլիսիի կենտրոնում երկու դեռահասների աղմկահարույց սպանության գործով հանցանք թաքցնելու համար-JAMnews):

Տեսանյութում Սուբելիանին ասում է, որ նա գործող իշխանությունների դեմ «լրջագույն կոմպրոմատ» ունի, այդ թվում՝ մարդկանց առևանգման և խոշտանգումների մասին տեղեկատվություն:

Այդ կոմպրոմատն, ըստ նրա, «կարող է Ռուսթավելի փողոց դուրս բերել շատ մարդկանց» և «ավարտին հասցնել «Վրացական երազանքի» իշխանությունը»:

Մեկուկես ժամ տևողությամբ ձայնագրության մեջ խոսքը գնում է մի քանի աղմկահարույց գործերի մասին, այդ թվում՝ հայտնի են դառնում դեռահասների սպանության գործի որոշ նոր մանրամասներ:

JAMnews-ը հանրագումարի է բերել աուդիոձայնագրության բովանդակությունը:

Ի՞նչ է տեղի ունենում ձայնագրությում, և էլ ո՞ւմ ձայներն են լսվում

Ըստ «Ռուսթավի-2»-ի տեղեկատվության՝ ձայնագրությունն արվել է Սուբելիանիի բանտախցում, որը գտնվում է Գլդանիի (Թբիլիսիի արվարձան) թիվ ութ քրեակատարողական հիմնարկում:

Ձայնագրությունում Սուբելիանիից զատ լսվում է ևս երկու հոգու ձայն: Ըստ հեռուստաընկերության տվյալների՝ այդ ձայները պատկանում են «Վրացական երազանքի» պատգամավոր Վիկտոր Ջափարիձեին և փախստականների գործերի նախարարության նախկին բարձրաստիճան աշխատակից, գլխավոր տեսչության նախկին աշխատակից և Սուբելիանիի աջ ձեռք Դավիթ Ցուխիշվիլիին:

Ձայնագրությունում ամենաշատը Սուբելիանին է խոսում: Ամենաքիչը՝ Ցուխիշվիլին:

Պարզվում է, որ Ջափարիձեն միջնորդ է իշխանությունների և կալանքի տակ գտնվող Սուբելիանիի միջև: Նա Սուբելիանիի բանտախուց էր եկել որոշակի խնդիր լուծելու համար:

Սուբելիանին նրան խնդրում է անձամբ խոսել ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հետ և նրան փոխանցել գլխավորը. Սուբելիանին իշխանությունների դեմ շատ կոմպրոմատներ ունի, բայց երբեք դրանք չի օգտագործի: Այդ պատճառով էլ նա այդ հավատարմության դիմաց իշխանություններից ավելի շատ ուշադրություն է խնդրում:

Սուբելիանին դժգոհ է իր հանդեպ իշխանությունների անտարբերությունից, և դա ձայնագրության գլխավոր թեման է:

image_1920x_5b1bcd828cb92

Միրզա Սուբելիանին

Ե՞րբ է արվել ձայնագրությունը

Ըստ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության տվյալների՝ այդ ձայնագրությունը թարմ է, և ապացույցներ կան: Սուբելիանին զրույցի ժամանակ հայտարարում է, որ իշխանության դեմ ավելի շատ կոմպրոմատ ունի, քան գործարար, ««Օմեգա» խմբի» հիմնադիրը, որը «Ռուսթավի-2»-ի եթերում իշխանությունների հասցեին մի քանի շաբաթ առաջ մեղադրանքներ էր հնչեցրել:

«Ի՜նչ Օկուաշվիլի, մենք հրաշքների մասին տեռաբայտերով տեղեկատվություն ունենք, որոնց մասին նրանք նույնիսկ չեն լսել»,-ձայնագրության մեջ ասում է Սուբելիանին:

Ո՞վ է արել ձայնագրությունն ու արդյո՞ք այն կեղծված չէ

Ձայնագրությունները, որոնց մասին հոդվածում նշվում է, չեն ստուգվել փորձագետների կողմից, և, հետևաբար, դրանց իսկությունը հաստատված չէ:

«Ռուսթավի-2»-ը, բնականաբար, չի բացահայտում իր աղբյուրը, որը հեռուստաընկերությանը փոխանցել է ձայնագրությունները:

Սակայն զրուցակիցներից մեկը՝ պատգամավոր Վիկտոր Ջափարիձեն, հաստատել է Սուբելիանիի հետ հանդիպման փաստը, սակայն նշել է, որ նախկին դատախազի ասածն «անլուրջ» է համարում: Վրաստանի դատախազությունն արդեն գործ է հարուցել ապօրինի գաղտնալսման և անձնական կյանքի գաղտնիության խախտման փաստով:

Ի՞նչ է պարզվում ձայնագրությունից: Ամենագլխավորը

Ձայնագրությունում Սուբելիանին ասում է, որ ինքը երկար տարիներ «սև գործեր» է դատել, իսկ իշխանություններն իրեն հավատարմության համար հարկ եղած կերպով շնորհակալություն չեն հայտնել:

Սակայն, ըստ Սուբելիանիի, նա միշտ կոմպրոմատ է հավաքել, ձայնագրել է իշխանությունների ներկայացուցիչների հետ խոսակցություններն ու նրա մոտ այդ ամենը պահված է:

«Իսկ ի՞նչ էիր կարծում, ես այնքան ապուշ եմ, որ նրանց այդ խորհրդակցությունների ժամանակ, երբ նրանք նստել և տխմար հրահանգներ էին տալիս, չե՞մ ապահովագրել ինքս ինձ և հենց այդպես էլ գնացե՞լ եմ [առանց ձայնագրելու]»,-լսվում է ձայնագրությունում:

Սուբելիանին ասում է, որ ինքն իշխանությունների համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել:

«Դուք հետո կտեսնեք, թե ինչպես են մարդիկ փողոց դուրս գալիս, դրա համար ոչինչ պետք չէ, բավական է մի քանի ձայնագրություն… և ողջ Ռուսթավելին [պողոտա] կողողվի, և «Երազանք» էլ չի լինի, հավատա»,-ասում է նա պատգամավոր Ջափարիձեին:

Ի՞նչ կոմպրոմատ ունի Սուբելիանին, և ո՞ր գործերի մասին է նա խոսում

Միրզա Սուբելիանին հստակ փաստեր և գործեր է նշում, որոնց լուծմանը նա անձամբ մասնակցել է. դրանք հիմնականում այն քրեական գործերն են, որոնցով դատապարտվել են նախկին իշխանության ներկայացուցիչները: Մասնավորապես, Սերգո Տետրաձեի սպանության, «Նավտլուգիի հատուկ գործողության» և բանտային բունտի մասին գործերն են, որոնց համար պատիժ է կրում պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան:Հիշատակվում է այսպես կոչված «Վանոյի» գործը. ենթադրաբար, նկատի ունի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին ապօրինի կերպով բանտից դուրս բերելն ու նրա ոչ պաշտոնական «հարցաքննությունն» այն ժամանակվա գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի կողմից (իշխանությունները մինչև հիմա հերքում են, որ այդպիսի փաստ է եղել):

Սուբելիանին ասում է, որ հենց ինքն է «հարթել» այդ «սև գործերը»:

«Բանտային բունտ» է կոչվում բանտարկյալների ամենախոշոր ապստամությունը, որը տեղի ունեցավ 2006թ-ի մարտի 27-ին Թբիլիսիի Օրթաչալա (ներկայումս փակ է) համար հինգ բանտում: ՆԳՆ հատուկջոկատայինների հետ բախման ժամանակ մի քանի բանտարկյալ զոհվեց, իսկ բունտը սուր քաղաքական դեբատների առիթ դարձավ:

Ձայնագրությունում խոսքը հիմնականում գնում էր «Ազգային շարժման» կառավարման ժամանակաշրջանի գործերի մասին: Սակայն հիշատակվում է նաև «Խարձիանիի գործը»:

Դա պատվիրված սպանության մասին գործ է, որը տեղի է ունեցել «Վրացական երազանքի» կառավարման փուլում, և անհասկանալի է, թե ինչ նկատի ունի Սուբելիանին, ինչու է հիշատակում այդ գործն ու ինչպես է իշխանությունը դրա հետ կապված:

«Տետրաձեի գործից սկսած՝ «Նավտլուգիի» հատուկ գործողությունն… այն ամենն, ինչի դիմաց նրանք ստացել են իրենց պաշտոնները, «Խարձիանիի գործը», կամ «Վանոյի գործը», ի՞նչ ես կարծում, ո՞վ է դրանք իրականացրել»,-ասում է Սուբելիանին ձայնագրությունում:

Դեռահասների սպանության մասին գործն ու բանտ՝ հանուն «պետության փրկության»

Եթե Սուբելիանիի ձայնագրության իսկությունը հաստատվի, այն տակնուվրա կանի դեկտեմբերի 1-ին Խորավա խողոցում դեռահասների սպանության մասին գործը:

Դատախազության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սուբելիանիի մասին լայն հանրությունն իմացել է հենց Խորավա փողոցի սպանության գործի համատեքստում: Այդ գործով է անցնում Սուբելիանիի անչափահաս ազգականը, նրա կնոջ եղբորորդի Միխայիլ Կալանդիան: Ըստ սպանված Դավիթ Սարալիձեի հայր Զազա Սարալիձեի՝ Սուբելիանին քողարկել է իր ազգականի հանցագործությունը, կեղծել գործի նյութերը, և հենց այդ պատճառով է մինչև հիմա անհայտ, թե ով է սպանել Դավիթ Սարալիձեին:

Սուբելիանին բանտում է հենց այդ գործի առթիվ: Նա մեղադրվում է հանցանք թաքուցելու համար:

Սակայն, ինչպես պարզվում է ձայնագրությունից, Սուբելիանիի՝ բանտում հայտնվելն իշխանությունների հետ նրա գործարքի մի մաս է, այլ ոչ թե արդարադատության ակտ:

Ըստ Սուբելիանիի՝ դեռահասների սպանության գործի շուրջ բարձրացված աղմուկի պատճառով իրեն խնդրել են բանտ նստել հանուն «պետության փրկության» և նա ինքնակամ համաձայնել է: Իշխանությունների հետ համաձայնեցված է նույնիսկ այն, թե որքան նա պետք է նստի՝ մեկ տարվա ազատազրկում և ևս մեկ տարի՝ պայմանական:

Սուբելիանին մշտապես ընդգծում է, որ ամեն ինչ անում է «հանուն պետության», սակայն համատեքստից հասկացվում է, որ, «պետություն» ասելով, Սուբելիանին նկատի ունի ներկայիս իշխանություններին:

«Ես կարծում էի, որ պետությունը կտեսնի, թե, ահա, մեր պատճառով նա գնացել բանտ է նստել, մեզ փրկել է… և կասեն՝ Միրզա՛, դուրս կգաս, կունենաս սա, նա… Իսկ ի՞նչ եմ ես ստանում արդյունքում»:

Սուբելիանին պատգամավոր Վիկտոր Ջափարիձեին խնդրում է հիշեցնել ՆԳ նախարար Գախարիային գործարքի պայմանները:

«Գիտե՞ս՝ ինչ փոխանցիր Գախարիային… Նրան ճիշտ հասցրու հետևյալ մեսիջը. ես չեմ պատրաստվում ոչ ոքի «գցել», թող ինձ հանգիստ թողնեն, խոսք են տվել, թող պահեն այն… Մինչև Նոր տարի թող դատավճիռս կայացնեն… Նիստս նոյեմբերի 15-ին է», – ասում է Սուբելիանին:

Սուբելիանիի դժգոհության գլխավոր պատճառն այն է, որ Թբիլիսիի նախկին դատախազ Միխայիլ Շակուլաշվիլին խորհրդարանական հանձնաժողովին ցուցմունք է տվել Խորավա փողոցի սպանության գործով, որը հակասում է իր ցուցմունքներին:

Ցուցմունք տալիս նա շփոթված էր, քանի որ ոչ ոք չէր եկել իր մոտ բանտ և չէր զգուշացրել՝ ինչի մասին խոսել քննության հետ, բացատրել է Սուբելիանին:

Նա զայրանում է, որ իշխանությունների անուշադրության պատճառով ինքն ու իր ընտանիքը լրագրողների ուշադրության կենտրոնում են հայտնվել: Եվ այժմ իրենց կարող են մեղադրել կեղծ ցուցմունք տալու համար:

«Դե թող միանգամից ոչ թե կեղծ ցուցմունքների համար մեղադրեն այլ խոշտանգումների, երբ մենք խոշտանգում էինք Բաչո Ախալայայի վկաներին… Հիշիր բանտային բունտի թեման», – ասում է Սուբելիանին և ևս մեկ անգամ ակնարկում իր զրուցակից, պատգամավոր Ջափարիձեին, որ ինքն իշխանությունների հրահանգով բազմաթիվ մութ գործեր է վճռել:

Միրզա Սուբելիանին ասում է, որ Գերմանիայում գտնվող Շակուլաշվիլիի դեմ կոմպրոմատների առանձին արխիվ կա: Մասնավորապես, խոսքը գնում է Թբիլիսիի դատախազի 192 հեռախոսային հաղորդագրությունների մասին, որոնց բովանդակությունը Սուբելիանին չի հստակեցնում:

Սուբելիանիի 50 հոգանոց ջոկատը

Ինչպես պարզվում է ձայնագրությունից, դատախազության նախկին աշխատակից Միրզա Սուբելիանին 50 զինված անձանցից բաղկացած ջոկատ է ունեցել, որոնք կատարել են իր առաջադրանքները: Ընթացքում Սուբելիանին նրանց «ինքնաձիգավորներ» է անվանում, որոնց հանդեպ վախի պատճառով «մեզ ոչ ոք չէր կարողանում մոտենալ»:

Միրզա Սուբելիանին ընդգծում է, որ ինքն իր որոշմամբ է համաձայնել բանտ նստել, իսկ եթե ինքը չցանկանար, ոչ ոք չէր կարող իրեն դիպչել այդ մարդկանց հանդեպ վախի պատճառով:

Նա հիշեցնում է այն մեթոդները, որոնցով տարիներ շարունակ իշխանությունների համար վճիռներ է կայացրել. մարդկանց առևանգում էին և ծեծում:

«Այդ պատճառով էլ ես խնդրեցի Սոզարին (փախստականների հարցերով նախարար և պատժի իրականացման նախկին նախարար Սոզար Սուբարին՝ Միրզա Սուբելիանիի զարմիկը), որպեսզի այդ տղաներին աշխատանքի տեղավորեն: Այդ հատուկ գործողությունը նրանք են իրականացրել: Ամեն ինչ նրանք են արել: Մարդն այնպիսի թեմաներ է անում, մենք մարդկանց էինք առևանգում… մեր դեմ խաղ չկար»,-ասում է Սուբելիանին:

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը