Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պարի միջազգային տոնին Հայաստանի լավագույն անսամբլները կներկայանան բազմաբովանդակ համերգային ծրագրերով

Պարի միջազգային տոնին Հայաստանի լավագույն անսամբլները կներկայանան 
բազմաբովանդակ համերգային ծրագրերով

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարի միջազգային օրվա շրջանակում ոչ միայն ապրիլի 29-ին, այլև մայիսին Հայաստանի պարային սիրված համույթները հանդես կգան բազմաբովանդակ և հագեցած համերգներով Երևանում, ՀՀ մարզերում և Արցախում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողները տոնին ընդառաջ հանդիպեցին պարարվեստի ներկայացուցիչներին, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին՝ տեղեկանալով առաջիկա անելիքների մասին:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի խոսքով՝ իր պաշտոնավարման ընթացքում եկել է այն համոզման, որ ամենազուսպ, ամենահամեստ, պետութունից ամենաքիչը բան պահանջող ոլորտը պարարվեստն է: «Շնորհակալ եմ ոլորտի ներկայացուցիչներին, որովհետև համավարակի պայմաններում, պատերազմի օրերին կենտրոնացրին ուժերը, ջանքերը: Հանդես ենք եկել տարբեր զորամասերում, տարբեր հարթակներում. պարը միայն պար չէ, այն լավատեսության, հոգեբանական խնդիրները հաղթահարելու լավագույն միջոցներից է: Ինչպես երաժշտությունը, այնպես էլ պարը յուրաքանչյուր արվեստի հիմքում է՝ ճարտարապետությունից սկսած, թատրոնով ավարտած: Իզուր չեն ասում, որ թատրոնն արձակ պար է»,-շեշտեց Խզմալյանն ու հավելեց, որ որտեղ կա ժեստ, այնտեղ կա էքսպրեսիա,  էսթետիկա:

Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի տնօրեն Գրիգոր Ոսկանյանն ասաց, որ պարարվեստը կարևոր, կենսական նշանակության ոլորտ է: «Մեր անսամբլը, որը 83 տարվա պատմություն ունի, մշտապես կատարում է իր առաքելությունը՝ ներկայացնելով մեր ազգային դեմքը: Մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք: Կարևոր է այն հանգամանքը, որ ունենք հրաշալի երիտասարդներ, որոնք մեծ նվիրումով են աշխատում»,- շեշտեց նա:

Ոսկանյանը տեղեկացրեց՝ ապրիլի 29-ին Պարի միջազգային օրվան նվիրված համերգով կներկայանան, հետո մեկնելու են Ղափան, որտեղ մայիսի 1-ին են ելույթ ունենալու: Մայիսին համերգներ են նախատեսում նաև օպերային թատրոնում:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստեր Ռուբեն Մուրադյանը հիշեցրեց, որ ամեն շաբաթ թատրոնում բալետային ներկայացում ունեն:

«Երբ 1982-ի ապրիլի 29-ին Անգլիայում որոշվել է ապրիլի 29-ը հռչակել Պարի միջազգային օր, ավանդույթ է  ձևավորվել, ըստ որի ամեն տարի պարարվեստի որևէ կարկառուն ներկայացուցիչ ներկայացնում է պարարվեստի գեղեցկությունն ու խորհուրդը: Լավ կլինի, եթե մենք այդ ավանդույթը տեղայնացնենք յուրաքանչյուրս մեր ոլորտում կլինի դասական, հայկական ժողովրդական պար և այլն»,- նշեց արտիստն ու հավելեց, որ մայիսի 1-ին ներկայացնելու են «Չիպոլինո» բալետը:

Հայաստանի պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանը նախ և առաջ շնորհավորեց 63-ամյա կոլեկտիվի բոլոր թվականների վետերաններին: Չանչուրյանն ընդգծեց, որ նրանք հայ պարարվեստը բարձր մակարդակով ներկայացրել են ամբողջ աշխարհում և հնչեցրել «հայ» և «Հայաստան» անունները:

«Մենք բանակցում ենք Արցախի պարի պետական անսամբլի հետ՝ մայիսին Արցախում համերգ տալու համար, նախատեսում ենք համերգներ Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում: Հնարավոր է՝ համատեղ համերգով ներկայանանք Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի և Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի հետ»,- հայտնեց Չանչուրյանը:

Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի տնօրեն Արթուր Դանիելյանն ասաց, որ այս տարի նշում են համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի 80-ամյակը: 34-րդ համերգաշրջանը մեկնարկել են մարտից, իսկ ապրիլի 29-ին մեծ մենահամեգ կունենան Արամ Խաչատրյան համերգասրահում: Կկատարեն ոչ միայն հայ, այլև օտար ժողովուրդների պարեր: Մայիսին համույթը կմասնակցի Խաչատուր Ավետիսյանի 95-ամյակին նվիրված միջոցառմանը, հունիսին նախաձեռնել են համերգ, որի հասույթը կտրամադրվի «Ժպիտների քաղաք»  բարեգործական հիմնադրամին, իսկ հուլիսին մեծ երեկո կլինի՝ նվիրված Մեհրաբյանի 80-ամյակին: «Բարեկամություն»-ը  կմասնակցի նաև Անկախության տոնի համերգին: Նախատեսում են ելույթներ ՀՀ մարզերում, սահմանամերձ համայնքներում ու Արցախում: 2022-ին համույթը նշելու է 35-ամյակը:

Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրենի ժ/պ Սվետլանա Ղազարյանը ուրախությամբ տեղեկացրեց, որ վերջին տասնամյակում բացառիկ դեպք է, որ քոլեջի  երրորդ կուրսի շրջանավարտներն ընդգրկված են օպերային թատրոնի բալետային ներկայացումներում: Կան ուսանողներ, որոնք արդեն աշխատում են թատրոնում:

Քոլեջի ուսանողներից մասնակցում են և՛ «Բարեկամություն», և՛ Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի ներկայացումներում: Կհամագործակցեն նաև Հայաստանի պարի պետական անսամբլի հետ:

«Պարի միջազգային օրը երկու համերգ ունենք: Ապրիլի 28-ին Հայկական ժողովրդական պարի բաժնի համերգը կլինի: Ներկայացվելու են Նորայր Մեհրաբյանի, Վանուշ Խանամիրյանի, Հովհաննես Խաչիկյանի  բեմադրությունները, իսկ ապրիլի 29-ին   Դասական  բաժնի համերգը կլինի: Ներկայացվելու են բալետային ներկայացումներից հատվածներ»,-նշեց Ղազարյանը:

Պարարվեստի ներկայացուցիչներին լսելուց հետո Արա Խզմալյանը խոստովանեց, որ իրեն շատ է ուրախացնում այն հանգամանքը, որ  Խորեոգրաֆիկ քոլեջի և օպերային թատրոնի կապը սերտանում է, որովհետև սերնդափոխությունը գրեթե բոլոր մշակութային հաստատություններում լրջագույն խնդիր է: «Մի կողմից հասկանում ենք սերնդափոխության բոլոր ցավոտ, մյուս կողմից՝ աղետալի հետևանքները: Ուրախալի է, որ սերնդափոխությունը քայլ առ քայլ և զգուշորեն է արվում: Լավ է, որ պարային խմբերն են ակտիվացնում համագործակցությունն ու օգտվում այն կադրային ռեսուրսից, որ պատրաստում  է քոլեջը»,-շեշտեց փոխնախարարը:

Խզմալյանը հայտնեց, որ առաջիկայում նախատեսում են թատերական հարթակ ստեղծել, որտեղ քոլեջի սաները կկարողանան բեմադրական փորձառություն ձեռք բերել:

Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թվականից ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր՝ ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա:
1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am