Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը շեշտում է՝ հայ ժողովուրդը հարձակման է ենթարկվում և կրում կորուստների հիմնական ծանրությունը


ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայեն, արխիվ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայեն, արխիվ

Միացյալ Նահանգներն ակտիվացնում է ջանքերը ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Երեկ նախագահ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը կրկին զանգահարել է Հայաստանի վարչապետին և, ըստ պաշտոնական Երևանի, հավաստիացրել, որ ամերիկյան կողմը շարունակելու է միջնորդական գործունեությունը՝ հրադադար հաստատելու ուղղությամբ։ Ինքը՝ Օ՛Բրայենը, հեռախոսազրույցից հետո Թվիթերում գրել է. - «Վարչապետ Փաշինյանի հետ զրույցում ես վերստին ընդգծեցի, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հետևեն հրադադարի իրենց հանձնառությանը»։

«Երկու երկրների ժողովուրդներն էլ շատ են տանջվել», - փաստել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանի ժողովուրդն է կրում կորուստների հիմնական ծանրությունը, քանի որ ենթարկվում է ռազմական հարձակման։ Եվս մեկ անգամ ընդգծելով, որ այս հակամարտությունը պատերազմով չի կարող լուծվել, Թրամփի խորհրդականը նաև հայտարարել է. - «Մենք հորդորում ենք արտաքին ուժերին զերծ մնալ միջամտությունից և միանալ գործընթացը բանակցային հուն վերադարձնելու՝ Միացյալ Նահանգների ջանքերին»։

Հայաստանի վարչապետը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, ամերիկյան կողմի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, ոտնահարելով միջազգային հարաբերություններում ընդունված բոլոր նորմերը և անտեսելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, երեք անգամ անընդմեջ խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնցից վերջինը ձեռք էր բերվել ԱՄՆ մայրաքաղաքում:

Սա Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Օ՛Բրայենի երկրորդ հեռախոսազրույցն էր Ղարաբաղում ավելի քան մեկ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում։ Առաջինը տեղի էր ունեցել ռազմական գործողությունների մեկնարկից մոտ հինգ օր անց, երբ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություն էին տարածել և հորդորել կողմերին դադարեցնել ռազմական գործողություններն ու բովանդակալից բանակցություններ սկսել խնդրի խաղաղ կարգավորման համար։ Հայաստանի վարչապետը, սակայն, դեռ այն ժամանակ խոսել էր Թուրքիայի կողմից հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների մասին և ընդգծել՝ առանց այդ ահաբեկիչներին տարածաշրջանից դուրս բերելու անհնար է լինելու հրադադար հաստատել:

Փաստացի, նախագահներ Պուտինի, Թրամփի և Մակրոնի կոչից և անգամ երեք երկրների անմիջական մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո՝ մինչ օրս, միջազգային համայնքին չի հաջողվում հակամարտության գոտում գոնե մարդասիրական հրադադար հաստատել՝ զոհվածների աճյունները դուրս բերելու և ռազմագերիներին փոխանակելու համար։

Երեկվա զրույցում, ըստ հայկական կողմի, վարչապետ Փաշինյանը վերստին խոսել է Թուրքիայի ապակառուցողական դերակատարության մասին և ընդգծել՝ հրադադարի պահպանման համար անհրաժեշտ է մատնանշել, թե որ կողմն է խախտել այն և ովքեր են շահագրգռված պատերազմի շարունակմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG