News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Քվեբեկում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստի աշխատանքներին: Արա Բաբլոյանն իր ելույթում անդրադարձել է Ֆրանկոֆոնիայի երեւանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին: NEWS.am-ը ներկայացնում է ելույթն ամբողջությամբ.

«Հարգելի՛ պարոն նախագահ,

հարգելի՛ տիկին գլխավոր քարտուղար,

հարգելի՛ պարոն խորհրդարանական գլխավոր քարտուղար,

հարգելի՛ գործընկերներ,

ինչպես արդեն գիտեք, այս տարվա հոկտեմբերի 11-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը եւ երկու տարի կնախագահի այդ կազմակերպությունում:

Նման լայնամասշտաբ միջազգային միջոցառման կազմակերպումը մեր երկրում եւս մեկ անգամ հավաստում է մեր նվիրվածությունը Ֆրանկոֆոնիային եւ կօժանդակի մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի արժեքների տարածմանը՝ ի նպաստ համերաշխության, ժողովուրդների իրավահավասարության, երկխոսության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, մշակութային բազմազանության եւ այլ արժեքների ու սկզբունքների, որոնք մենք կիսում ենք ֆրանկոֆոն ընտանիքի այլ անդամների հետ:

Հանուն այս գագաթաժողովի հաջողության Հայաստանը կենտրոնացրել է իր բոլոր հնարավորությունները:

Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում նախարարի գլխավորությամբ ստեղծվել է հատուկ կազմակերպչական հանձնախումբ: Այն արդեն իսկ գործում է՝ սերտորեն համագործակցելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության կողմից ստեղծված կազմակերպչական կոմիտեի հետ:

Ինչ վերաբերում է գագաթաժողովի անցկացման ամսաթվերին. հաշվի առնելով միջազգային միջոցառումների օրացույցը` առաջարկում ենք Երեւանի գագաթաժողովն անցկացնել 2018թ. հոկտեմբերի 11-12-ին, իսկ ՖՄԿ կանոնադրական մարմինների համար առաջարկում ենք հետեւյալ օրերը՝ հոկտեմբերի 7-ը՝ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի, հոկտեմբերի 8-9-ը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նիստերի համար:

Որպես XVII-րդ գագաթաժողովի խորհրդանշան՝ ի շարունակություն Երեւանի նախարարական համաժողովի, ընտրվել է նուռը, որը հայկական մշակույթում խորհրդանշական համարում ունի:

Առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս գագաթաժողովի տեսանելիության ապահովմանը: Մենք ցանկանում ենք շարունակել Մադագասկարի գագաթաժողովի նախաձեռնությունը եւ խրախուսել երիտասարդների մասնակցությունը Երեւանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի կանոնադրական մարմինների նիստերին:

Ցանկանում ենք, որպեսզի բարձրաստիճան այս հանդիպումը դառնա համախմբման մեծ իրադարձություն մշակութային ծրագրերի միջոցով, որի հիշարժան միջոցառումներից մեկը կլինի հոկտեմբերի 11-ին նախատեսված ֆրանկոֆոն հեղինակավոր երգիչների մասնակցությամբ գալահամերգը. այն տեղի կունենա գագաթաժողովի առաջին օրվա ավարտին` պետական ճաշից առաջ:

Նախատեսում ենք կազմակերպել նաեւ «Ֆրանկոֆոնիայի ավան», ուր համապատասխան տաղավարներում իրենց ժողովուրդների մշակութային բազմազանությունը, արհեստներն ու արվեստն են ներկայացնելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրները:

Հարգելի՛ պարոն նախագահ,

հարգելի՛ տիկին գլխավոր քարտուղար,

հարգելի՛ պարոն խորհրդարանական գլխավոր քարտուղար,

հարգելի՛ գործընկերներ,

ինչ վերաբերում է գագաթաժողովի հիմնական կարգախոսին, առաջարկում ենք «Ապրել միասին» թեման: «Ապրել միասին` հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրեւ խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համոզված ենք, որ այն կարող է նպաստել մեր հասարակությունների միասնության առավել ամրապնդմանը:

Ակնկալում ենք նաեւ աշխատել Ֆրանկոֆոնիայի մի նոր հիմնարար փաստաթուղթ՝ «Ապրել միասին» պակտ ստեղծելու ուղղությամբ: Դրանում կարող են համապարփակ կերպով ամրագրվել «Ապրել միասին» հասկացության սկզբունքներն ու արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, համագործակցությունը, կրթությունը, թվային տնտեսությունը, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսությունը, ինչպես նաեւ ահաբեկչությունը սնող արմատականացման ու բռնի ծայրահեղականության, այլատյացության, ատելություն սերմանող գաղափարախոսության, անհանդուրժողականության եւ խտրականության դեմ պայքարը: Այս առումով ցանկանում ենք, որպեսզի Ֆրանկոֆոնիայի երիտասարդական ցանցը միանա գործընթացին եւ իր նպաստը բերի այս փաստաթղթի կյանքի կոչմանը:

Տիկնայք եւ պարոնայք,

գագաթաժողովի շրջանակում կարեւոր միջոցառումների թվում մտադրություն ունենք կազմակերպել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորում: Մեր նպատակն է խրախուսել գործարարների միջեւ շփումները, Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարության հիման վրա քննարկումներ ծավալել զարգացման մարտահրավերների եւ հեռանկարների շուրջ:

Մեծապես կարեւորում ենք ձեռնարկատերերի ինստիտուցիոնալ եւ մասնագիտական կապերի ամրապնդումն ու հույս ունենք, որ Երեւանում հնարավոր կլինի հիմքեր ստեղծել ֆրանկոֆոն գործարարների ցանցի մեկնարկի համար:

Հարգելի՛ գործընկերներ,

գագաթաժողովը հնարավորություն կտա անդրադառնալ տարածաշրջանային եւ միջազգային մարտահրավերներին: Այլ կարեւոր թեմաներ նույնպես նախատեսված են օրակարգում, ինչպիսիք են կայուն զարգացումը, մշակութային բազմազանությունը, երիտասարդության դերը, թվային ֆրանկոֆոնիան, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը, կլիմայական փոփոխությունների դիմակայումը եւ այլն:

Տպել
Ամենաշատ