Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մտավորականներն՝ ի պաշտպանություն Ամուլսարի

Հասարակություն
Vahe-Berberyan

Հայտնի արվեստագետները շարունակում են ներկայացնել իրենց տեսաուղերձներն ի պաշտպանություն Ամուլսարի։ Սերժ Թանկյանից և  Արտո Թունջբոյաջյանից հետո #SaveAmulsar արշավին է միացել նաև լիբանանահայ և ամերիկահայ թատերագիր, նկարիչ, գրող և կատակերգու Վահե Բերբերյանը։  Նա մասնավորապես նշել է Ես համոզված եմ, որ մեր մայր հայրենիքը մեր հավաքական ֆիզիկական մարմինն է, և ինչպես մենք ամեն ինչ անում ենք առողջ մնալու համար՝ ճիշտ սնունդ ընդունելով ու խուսափելով մեր մարմնի համար վնասակար թունավոր նյութերից, նույն կերպ էլ մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր երկիրն առողջ ու ապահով պահենք: Այն բոլոր հանքարդյունաբերական և հետախուզական աշխատանքները, որ տեղի են ունեցել Հայաստանում կամ տեղի են ունենում հենց այս պահին, միայն մի բանի են հասնելու՝ ավելի են հարստացնելու որոշ տրանսնացիոնալ ընկերությունների՝ փոխարենն առաջացնելով բնապահպանական ավեր՝ թունավորելով մեր գետերն ու հողերը և հիվանդացնելով մեր համերկրացիներին: Մեր համերկրացիները, մեր հայրերն ու մայրերն են, մեր եղբայրներն ու քույրերը, և մեզանից ոչ ոք չպետք է անգործ նստի ու թույլ տա, որ սա տեղի ունենա: Ամուլսարի հանքը Հայաստանում խոշորագույն հանքարդյունաբերական տարածքներից մեկն է, և չնայած տարածքի շինարարությունը գրեթե ավարտված է, բուն հանքի արդյունահանումը դեռևս չի սկսվել՝ շնորհիվ տեղացիների ու բնապահպանական խմբերի դիմադրության: Ամուլսարը նշանակալի է, որովհետև եթե հանքը սկսի շահագործվել, այն անվերականգնելի վնաս է հասցնելու շրջակա գետերին ու բերրի հողերին, էլ չասած՝ այն վնասը, որ հասցվելու է տեղի բնակչության առողջությանը հանքի առաջացրած թունավոր թափոնների պատճառով: Ինչպես ասացի, մեր հայրենիքը մեր հավաքական ֆիզիկական մարմինն է, և ինչպես մենք չենք ուզում, որ մեր մարմինը խոշտանգվի, բռնության ու փորձերի ենթարկվի, նույն կերպ էլ չպետք է թողնենք, որ մեր հողը թունավորեն: Հավատացեք, ոչ մի տնտեսական օգուտ այդքան չարժե: Դա նման է երիկամներդ վաճառելուն: Մտածեք: Կանեի՞ք նման բան: