Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՈ հայտարարությունը՝ Հարկային օրենսգրքի վերաբերյալ

Հասարակություն
QO

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն  հանդես է եկել հայտարարությամբ՝ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնության վերաբերյալ. հայտարարությունը ստորև.

 

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հայտարարությունը

 

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկվող նախագծի մշակման հիմքում դրված է եղել դեռևս ամիսներ առաջ Վարչապետի կողմից հնչեցված երկու նպատակ։

Որպես այդպիսի փոփոխությունների առաջին նպատակ, նշվում էր տնտեսության ստվերային հատվածի կրճատումը։ Հանրությանն անհայտ են մնացել այն ուսումնասիրությունները, որոնցով նախագիծն առաջարկող ֆինանսների նախարարությունը հիմնավորել է, որ առաջարկվող փոփոխությունները կարող են գործարարի մոտ հանգեցնել աշխատավարձերի թերհայտարարագրման մոտիվացիայի վերացման։ Թվաբանական մտավարժանքը, որ ներկայացվել է Վարչապետի կողմից, նույնիսկ մակերեսային քննադատության չի դիմանում։ Ուսումնասիրություններն ու հիմնավորումները ներկայացնելու բազմաթիվ խնդրանքներ մնացել են անպատասխան։ Կարելի է ենթադրել, որ այդպիսիք ուղղակի չկան կամ արժանահավատ չեն։ Փոխարենը փորձագետների հանրայնացված հաշվարկներով ապացուցվում է հակառակը։ Առաջարկվող փոփոխությունները աշխատավարձերի թերհայտարարագրման մոտիվացիան չեն վերացնում։ 

Որպես երկրորդ նպատակ նշվել է ազգային տնտեսության մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականացումը։ Կարելի է ենթադրել, որ Կառավարությունը ցանկանում է ազգային տնտեսության մրցունակությունն ու ներդրումային գրավչությունը բարձրացնել «էժան» աշխատուժ ստեղծելով։ Սակայն աշխատուժի հարկման մակարդակով (աշխատավարձից հարկեր և սոցիալական ապահովության վճարներ) Հայաստանը արդե՛ն աշխարհում առաջատար դիրքերում է։ Մեր աշխատուժն արդե՛ն «էժան» է։ Ուստի Կառավարությունը փորձում է մրցակցային առավելություն ստեղծել այն ուղղությամբ, որում մենք արդեն իսկ առաջատար դիրքեր ունենք: Առաջակվող փոփոխություններով նշված նպատակին շեշտադրում անելը նույնպես անհասկանալի է։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ նախագծի հիմքում ընկած տնտեսական զարգացման ռազմավարություն, սոցիալական, ֆինանսական ազդեցության ուսումնասիրություն, դրված նպատակների իրականացման ոչ մի արժանահավատ հիմնավորում առ այսօր հրապարակված չէ: 

Նախագծով առաջարկվում է նաև եկամտահարկի տոկոսադրույքների նվազեցման պատճառով առաջացող բյուջետային կորուստները փոխհատուցել սեղմված գազի, ծխախոտի, շաքար պարունակող գազավորված ըմպելիքի և այլ ապրանքների վրա գործող ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմամբ, ինչը, բնականաբար, հանգեցնելու է գնաճի։ 

Ստացվում է, որ համահարթ հարկման համակարգի անցնելու պարագայում մինչև 150.000 դրամ աշխատավարձ ստացողների համար տնօրինվող եկամուտը որևէ կերպ չի ավելանալու, սակայն ավելանալու են ծախսերը։ Այսպիսով, ազգային տնտեսության մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման սուբսիդավորման բեռը մեծամասամբ դրվում է նվազ եկամուտներ ունեցող ՀՀ քաղաքացիների վրա։ Մնում է գուշակել, թե ինչու և ինչպես է որոշվել հարկային բեռի վերաբաշխումը իրականացնել այնպես, որ մոտ 400.000 ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներ կրեն այն բեռի հիմնական ծանրությունը, որը թեթևացվում է առավել բարձր եկամուտ ունեցողների ուսերից։

Նկարագրվածը ուղղահայաց արդարության սկզբունքի խախտում է։ Սակայն առաջարկվող փոփոխություններով խախտվում է նաև հորիզոնական արդարությունը՝ երբ միևնույն մակարդակի եկամուտներ ստացողները հարկվում են տարբեր կերպ։ Մասնավորապես, նախատեսվում է մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրո ձեռնարկատիրությունը ազատել հարկերից և մինչ 115 մլն դրամ փոքր ձեռնարկատիրությունը հարկել արտոնյալ պայմաններով, սակայն մասնագիտական որոշ հանրույթների (փաստաբաններ, հաշվապահներ, խորհրդատուներ) համար բացառություն է արվում․ Նրանք մղվում են ԱԱՀ հարկման դաշտ, ինչից հետո կհարկվեն նաև եկամտահարկով։

Հիմք ընդունելով վերոշարադրյալը, «Քաղաքացու որոշում» կուսակցությունն իր համերաշխությունն է հայտնում օրինագծին դեմ հանդես եկող անհատներին ու կազմակերպություններին և պատրաստ է գործնական քայլեր ձեռնարկել առաջարկվող փոփոխությունները հեղափոխական գործընթացների տրամաբանությանը, դրա արդյունքում ստեղծված տնտեսական ու քաղաքական իրողություններին համապատասխանեցնելու ուղղությամբ։