Բաժիններ՝

«Նախկինում ուժ էր կիրառվում, դրա համար էլ հեղափոխություն եղավ». փոխոստիկանապետ

«Ես չեմ բացառում նման բանը, որովհետև բավականին մեծ զանգված էր հավաքված՝ մոտ 500 հոգի, եթե ոչ՝ ավելի, պարզ է, որ դա կարող է նաև կազմակերպված լինել ինչ-որ մի խումբ մարդկանց կողմից, որոնք շահագրգիռ են այդ հարցում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխոստիկանապես Վարդան Մովսիսյանը՝ պատասխանելով հարցին, թե երեկ Իջևանում ակցիան կազմակերպվա՞ծ էր:

Ըստ նրա՝ ոստիկանությանը հայտնի է, թե ովքեր են ապօրինի ծառահատումների բիզնեսի իրական ղեկավարները, բայց դա դեռևս հրապարակման ենթակա չէ: Վ.Մովսիսյանի խոսքով՝ ոստիկանական աշխատանքներն ու միջոցառումները շարունակվում են, վարչապետի հնչեցրած 36 հոգին այդ հակաօրինական գործողությունների ակտիվ մասնակիցներն են, և ցանկը կազմվել է ձայնագրություններով ու այլ տվյալներով ուսումնասիրությունների արդյունքում: Ըստ փոխոստիկանապետի՝ քննությունը կորոշի այդ անձանց կատարած օրինախախտումների չափը: «Խոսքը չի գնում սոցիալապես անապահով մարդկանց մասին, խոսքը գնում է զուտ բիզնեսի, այսինքն՝ ապօրինի անտառահատման, և Արարատյան դաշտավայրում, կամ այլ տարածքներում, որտեղ չկան անտառներ, վաճառելու մասին: Սոցիալական խնդիր այստեղ չկա, քանի որ այն քանակը փայտի, որը գյուղացիները և այդ համայնքների ազգաբնակչությունը օգտագործում է իր վառելիքի համար, դա բավարար է իրենց համար»,- ասաց Վ.Մովսիսյանը: Թե քանի՞ բեռնատար են կանգնեցրել ոստիկանական պահակակետերը, փոխոստիկանապետը նշեց, որ մի քանի անշարժ պահակակետեր կան, եղել են դեպքեր, որ չեն ենթարկվել մեքենաները, որոնց մասին կասկած է եղել, որ կարող է փայտով բարձված լինել, և այժմ նաև աշխատանքներ են իրականացվում այդ մեքենաների օպերատիվ հայտնաբերման համար:

Նրա կարծիքով՝ այդ բիզնեսի ղեկավարները չկան արդեն ձերբակալված կամ բերման ենթարկված անձանց մեջ: Հարցին, թե ինչո՞ւ այս տարիների ընթացքում չի բացահայտվել այդ կոռուպցիոն սխեման, փոխոստիկանապետը պատասխանեց. «Եկեք ինքներս մեզ չխաբենք, մենք այն հանրապետությունն ենք և այն ազգաբնակչությունն ենք, որ շատ լավ տեղեկացված է բոլոր պրոցեսներից: Այնպես չէ, որ այդ աշխատանքները ապօրինի ծառահատման կանխման ուղղությամբ չեն իրականացվել ոստիկանության կողմից, դրանք եղել են ակտիվացման փուլում, այն, ինչ եղել է մինչև իրավիճակի փոփոխությունը, դա, իհարկե, առանձին քննարկման խնդիրներ են, դրանք եղել են, բացասական երևույթները և կոռուպցիոն երևույթները եղել են: Լոռու և Տավուշի տարածքներում մոտ 30 տարի, կարելի է ասել, եղել են»: Հարցին՝ արդյո՞ք այս ակցիան քաղաքական հողի վրա է հրահրված, Վ.Մովսիսյանը պատասխանեց, որ դա արվել է՝ որպես բիզնես և, ինչպես նշեց վարչապետը, սևագործ աշխատանքն իրականացնողները երևի թե չեն հարստացել, բայց մի խումբ մարդիկ, որոնք ղեկավարել են և ստվերում են գտնվել, նրանք հարստացել են:

«Այս պահին իրավիճակն այնտեղ կայուն է, և չեմ կասկածում, որ կհրավիրվեն մարդիկ քննության ընթացքում, եթե պարզվի այդ մարդկանց ինքնությունն ու մասնակցությունն ապօրինի ծառահատման գործում, անպայման կհրավիրվեն և կպատժվեն: Չի կարելի պետության առջև դնել պայմաններ, որոնք անօրինական են»,- ասաց փոխոստիկանապետը՝ հավելելով, որ կետերն ուժեղացվել են, թեև իրավիճակը կայուն է, ոստիկանական զորքեր են տեղափոխել այդ տարածք՝ որպես կանխարգելիչ գործողություն, քանի որ կարող է անկանխատեսելի, անցանկալի պահեր լինեն: Դիտարկմանը, որ սա ոստիկանության թուլության նշան է, որ ոստիկանների հետ այդպես են վարվում, Վ.Մովսիսյանը պատասխանեց. «Ոստիկանությունը, իհարկե, աշխատում է ազգաբնակչության հետ լինել լոյալ և ուժ կիրառել միայն օրենքով սահմանված կարգով: Ոստիկանությունն ուժ կիրառելու իրավունք ունի, դա ամրագրված է օրենքով, բայց կարող է տպավորություն ստեղծվել, որ դա ոստիկանության թուլությունն է, որի հետ ես ընդհանրապես համաձայն չեմ: Մենք ունենք այսօր երևույթներ, որ ճանապարհներ են փակվում, որոշ դեպքերում կարող է թվալ, որ դրանք արդարացի են, որոշ դեպքերում՝ ոչ, բայց ոստիկանությունն իր գործառույթներն իրականացնում է՝ զուտ օրենքի կետից ելնելով»:

«Նախկինում ուժ էր կիրառվում, դրա համար էլ հեղափոխություն եղավ»,- նկատեց Մովսիսյանը՝ հերքելով՝ ոստիկանությունն այժմ թավշյա է: Ըստ նրա՝ ոստիկանությունը շատ վճռական է և օրենքով սահմանված չափով ուժ կկիրառի, եթե անհրաժեշտություն լինի:

Վ.Մովսիսյանը հերքեց քաղաքացիների պնդումները, թե «կարմիր բերետավորները կոտրել են երեխայի գլուխը, գիշերով եկել, տարել են»։

«Նման բան չկա, ժողովրդին առաջարկվել է մոտ 200 աշխատատեղ, դա Տավուշի մարզպետն է հնչեցրել, այսինքն՝ աշխատատեղեր կան, բայց ցանկություն հայտնողներ չկան: Երևի թե ապօրինի անտառահատումն ավելի հեշտ և արագ օգուտ է բերում, կամ օրինական, ամսական փող աշխատելը»:

Հարցին՝ նախկինում եղե՞լ են դեպքեր, որ ոստիկանները պատժվեն ապօրինի հատված ծառերով մեքենաներին ճանապարհ տալու համար, Վ.Մովսիսյանը պատասխանեց, թե բազմիցս եղել են դեպքեր, ԱԱԾ-ն իրականացնում է քննություն, որ կոնկրետ ոստիկանության մեկ աշխատակից մասնակից է եղել նման պրոցեսի ու գտնվում է քննության տակ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս