Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Օրախնդիր է հակաճգնաժամային միջոցառումների առավելագույն արդյունավետությունը. որքան գումար է բաշխվել

Օրախնդիր է հակաճգնաժամային միջոցառումների առավելագույն 
արդյունավետությունը. որքան գումար է բաշխվել

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը շարունակում է հակաճգնաժամային միջոցառումների եւ անելիքների քննարկումները եւ կկայացվեն բոլոր անհրաժեշտ որոշումները ճգնաժամին արժանապատիվ դիմակայելու համար: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին հղված իր ուղերձում: «Մեր օրախնդիր հարցը այնպես անելն է, որ մեր ընդունած հակաճգնաժամային 13 միջոցառումները լինեն առավելագույնս արդյունավետ եւ հնարավորինս արագ հասնեն շահառուներին»,-ընդգծեց վարչապետ Փաշինյանը:

Նա նկատեց, որ կորոնավիրուսի համաճարակը իր հետ բերել է բազմաթիվ տնտեսական եւ սոցիալական դժվարություններ եւ կառավարության ընդունած հակաճգնաժամային 13 միջոցառումների նպատակը տնտեսությանն ու քաղաքացիներին աջակցելն է՝ ճգնաժամը հաղթահարելու հարցում:

Հակաճգնաժամային առաջին միջոցառման շրջանակներում կառավարությունը խթանել է անտոկոս եւ արտոնյալ վարկերի տրամադրումը կազմակերպություններին: Ընդ որում, աշխատավարձերի վճարման եւ հարկային պարտավորությունների կատարման համար   կառավարության համաֆինանսավորմամբ վարկեր տրամադրվում են 0 տոկոսով: Հումքի եւ սարքավորումների ձեռքբերման, կոմունալ վճարների, սննդի ներկրման համար առաջարկվում են արտոնյալ պայմաններով վարկեր: Այս պահի դրությամբ, վարչապետի տեղեկացմամբ, ծրագրից օգտվել է 229 տնտեսավարող եւ վարկավորման գումարը կազմել է 10 միլիարդ 900 միլիոն դրամ: Ծրագրի իրականացումը շարունակվում է:

Հակաճգնաժամային երկրորդ միջոցառումն ամբողջությամբ վերաբերվում է գյուղատնտեսությանը: Կառավարությունը զրոյացրել է պետական ծրագրերով տրվող վարկերի, ինչպես նաեւ մի շարք գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները, գյուղատնտեսական գործունեության հնարավորություններն ընդլայնելու համար: «Այս պահի դրությամբ ծրագրից օգտվել է 1307 սուբյեկտ, վարկավորման գումարը կազմում է 2 միլիարդ 960 միլիոն դրամ, եւ մենք միջոցներ ենք ձեռնարկում ծրագրի ընթացքն ավելի ինտենսիվ դարձնելու համար: Հակաճգնաժամային երրորդ միջոցառման շրջանակներում աջակցում ենք պարտաճանաչ հարկ վճարող փոքր եւ միջին ձեռնարկություններին, իրենց շրջանառությունից կախված, առանց որեւէգրավի նրանց տրամադրելով 2-ից 50 միլիոն դրամ վարկեր, երեք տարի ժամկետով: Ընդ որում առաջին վեց ամիսը նրանք վարկի սպասարկման որեւէ վճարում չպետք է անեն, առաջին երկու տարիների համար վարկը տրվում է 0 տոկոսով: Ծրագիրը շարունակական է եւ այս պահին նրանից օգտվել են 230 տնտեսվարողներ, վարկավորման գումարը կազմում է 2 միլիարդ 470 միլիոն դրամ, եւ մենք միջոցներ ենք ձեռնարկում ծրագրի ընթացքը ավելի ինտենսիվ դարձնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ կառավարության ղեկավարը:

Հակաճգնաժամային հինգերորդ միջոցառման շրջանակներում դրամաշնորհ է տրամադրվում 2- 50 աշխատատեղ ունեցող այն ընկերություններին, որոնք կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում պահպանել են դրանից առաջ իրենց ունեցած բոլոր աշխատատեղերը եւ աշխատավարձի հիմնադրամը: Այս ընկերությունների յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձ վճարում է կառավարությունը: Ծրագրից օգտվել է արդեն 8340 տնտեսավարող, կառավարության կողմից նրանց նվիրաբերված գումարը կազմել է 1 միլիարդ 300 միլիոն դրամ:

«Սրանք մեր՝ այս փուլում ընդունած տնտեսական ծրագրերն էին: Քննարկումները շարունակվում են եւ մենք առաջիկայում կընդունենք տնտեսական բնույթի այլ ծրագրեր նույնպես: Այժմ ներկայացնեմ մեր ընդունած սոցիալական աջակցության ծրագրերը: Հակաճգնաժամային չորրորդ միջոցառման շրջանակներում միանվագ աջակցություն ենք ցուցաբերում մինչեւ 14 տարեկան երեխա ունեցող այն ծնողներին, ովքեր մարտի 13-25-ը կորցրել են աշխատանքը եւ ամեն երեխայի հաշվով այդ ծնողներին հատկացնում ենք 100 հազար դրամ աջակցություն: Այս պահի դրությամբ նույնականացրել ենք այդպիսի 964 ծնողների եւ վճարել ենք մոտ 100 միլիոն դրամ: Հակաճգնաժամային վեցերորդ միջոցառման շրջանակներում միանվագ աջակցում ենք այն քաղաքացիներին, ովքեր գրանցված են եղել որպես աշխատող եւ մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում կորցրել են աշխատանքը եւ հունվար-փետրվար ամիսներին նրանց աշխատավարձը չի գերազանցել 500 հազար դրամը: Նման քաղաքացիներին վճարում ենք աջակցություն նվազագույն աշխատավարձի չափով: Այսօրվա դրությամբ նման վիճակում գտնվող 6723 քաղաքացիների վճարել ենք աջակցություն 457 միլիոն դրամի չափով:

Հակաճգնաժամային 7-րդ ծրագրի շրջանակներում միանվագ աջակցություն ենք հատկացնում այն հղի կանանց, ովքեր աշխատանք չունեն եւ որոնց ամուսինները աշխատանքից ազատվել են մարտի 13- 30-ն ընկած ժամանակահատվածում: Նման վիճակում գտնվող կանանց մենք վճարում ենք 100 հազար դրամ միանվագ օգնություն եւ այսօրվա դրությամբ 7026 հղիների տրամադրվել է 702 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն:

Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակներում միանվագ աջակցություն ենք ցուցաբերում կորոնավիրուսի պատճառով ամենաշատը տուժած ոլորտների աշխատողներին եւ անհատ ձեռնարկատերերին: Աջակցության չափը կախված է իրենց գրանցված աշխատավարձերի կամ արձանագրված շրջանառությունների չափերից: Այս ծրագրի շրջանակներում արդեն իսկ աջակցություն է տրամադրվել 63 հազար 14 անձի՝ 4 միլիարդ 615 միլիոն դրամի չափով:

Հակաճգնաժամային 9-րդ միջոցառման շրջանակներում մենք միանվագ աջակցություն ենք տրամադրում այն ծնողներին, ովքեր գրանցված աշխատող չեն եղել եւ աշխատանք չունեն: Նման ծնողներին ամեն երեխայի հաշվով վճարում ենք 26 հազար 500 դրամ: Այս պահի դրությամբ մենք աջակցություն ենք տրամադրել 19 հազար 457 երեխայի եւ վճարված գումարը կազմել է 515 միլիոն դրամ: Ծրագրի իրականացումը շարունակվում է:

Հակաճգնաժամային 10-րդ միջոցառման շրջանակներում միանվագ աջակցություն ենք ցուցաբերում խոցելի ոլորտներում աշխատող միկրոբիզնեսի ընկերություններին, 2020 թվականի առաջին եռամսյակում արձանագրած շրջանառության տասը տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը ու ոչ պակաս քան 10 հազար դրամը: Այսպիսի շուրջ 6 հազար տնտեսավարող ծանուցվել է եւ աջակցության տրամադրումը կմեկնարկի առաջիկա շաբաթվա ընթացքում:

Հակաճգնաժամային 11-րդ միջոցառման շրջանակներում միանվագ աջակցություն ենք ցուցաբերում էլեկտրաէներգիայի եւ գազի այն բաժանորդներին, ում փետրվարի ծախսը կազմել է գազի համար 10 հազար դրամ, էլեկտրաէներգիայի համար 5 հազար դրամ: Հայաստանի Հանրապետությունում այսպիսի շուրջ 235 հազար բաժանորդ կա եւ կառավարությունը փետրվար ամսվա նրանց վճարների 50 տոկոսը փոխհատուցում է: Այս խմբի բաժանորդները, ովքեր արդեն վճարել են, աջակցությունը ստանում են որպես կանխավճար՝ իրենց բաժանորդային հաշիվներին: Կառավարությունը այս ծրագրով արդեն իսկ վճարել է 786 միլիոն դրամ:

Հակաճգնաժամային 12-րդ միջոցառումով միանվագ աջակցություն ենք ցուցաբերում էլեկտրաէներգիայի եւ գազի այն բաժանորդներին, ովքեր փետրվար ամսին սպառել են 10 հազար 1 դրամից մինչեւ 30 հազար դրամի գազ եւ 5001-ից մինչեւ 10 հազար դրամ էլեկտրական էներգիա: Հայաստանի Հանրապետությունում այսպիսի շուրջ 280 հազար բաժանորդ կա եւ կառավարությունը փետրվար ամսվա նրանց վճարումների 30 տոկոսի չափով աջակցություն է տրամադրել: Այս ծրագրով արդեն իսկ վճարվել է 1 միլիարդ 842 միլիոն դրամ:

Հակաճգնաժամային 13-րդ միջոցառումով նպաստառու ընտանիքներին աջակցություն ենք տրամադրում իրենց ամսական նպաստի կեսի չափով: Ընդ որում, աջակցության 70 տոկոսը կտրվի առձեռն, իսկ 30 տոկոսը կփոխանցվի էլեկտրական էներգիայի նրանց բաժանորդային հաշիվներին: Այս ծրագրից կօգտվի շուրջ 85 հազար ընտանիք, աջակցության համախառն չափը կկազմի շուրջ 1.2 միլիարդ դրամ: Այս ընտանիքների աջակցությունը նրանց կտրվի ապրիլ ամսվա նպաստի հետ»,-ծրագրերն ու դրանցով բաշխված միջոցները ներկայացրեց ՀՀ վարչապետը:

Նա կարեւոր համարեց արձանագրել նաեւ, որ կորոնավիրուսի համաճարակի մեկնարկից ի վեր, այսօրվա դրությամբ Հայաստանի բանկերն ու վարկային կազմակերպությունները շուրջ 11 հազար իրավաբանական անձանց վարկային արձակուրդ են տվել 35 միլիարդ դրամի չափով: Շուրջ 15 միլիարդ դրամի վարկային արձակուրդ է տրվել 380 հազար ֆիզիկական անձանց:

Վարչապետը խոսեց նաև այն դեպքերի մասին, երբ բազմաթիվ ահազանգեր են ստացվում, քանի որ մարդիկ դե ֆակտո ծրագրի շահառու են, բայց էլեկտրոնային ծրագրերը մերժում են նրանց դիմումը: Բոլոր այս դեպքերը մենք կրկին կդիտարկենք, բայց հիմա արդեն պարզ է, որ բազմաթիվ դեպքեր կան, որ քաղաքացիները ծրագրի շահառու չեն դառնում իրենց գործատուների անպարտաճանաչության եւ նույնիսկ ապօրինի գործունեության պատճառով: «Մենք բոլոր նման դեպքերը, իհարկե, կուսումնասիրենք եւ կանենք համապատասխան հետեւություններ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում ապրիլի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1201 է, արձանագրվել է մահվան 19 դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 10 հազար 793 թեստ։ Ապաքինվածների գումարային թիվը դարձել է 402։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 780 պացիենտ

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]