ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2017թ. հուլիսի 3-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների նստավայրում «Սասնա ծռեր» խմբի անդամներին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործով որեւէ տեղաշարժ չկա: NEWS.am-ի հետ զրույցում այդ օրը դատարանի նկուղում ծեծի ենթարկված Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ դեպքից 8 ամիս անց այդպես էլ կասկածյալ չկա, որեւիցե տեղաշարժ չկա: Պաշտպանի խոսքով, այս գործելաոճին ծանոթ է, որի վերջնական նպատակը գործը կարճելն է:
«Ոչ կասկածյալ կա, ոչ էլ՝ մեղադրյալ: Գործում որեւիցե տեղաշարժ չկա, ձեռագիրը պարզ է, մի քանի ամիս կմնա այսպես, հետո կկարճեն՝ ասելով, որ չեն կարողացել գտնել մեղավոր անձանց»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործով դատական նիստին հունիսի 28-ին, բախում էր տեղի ունեցել ամբաստանյալների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները բռնի ուժով հեռացրել էին ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին եւ Սմբատ Բարսեղյանին: Այս ամենը տեսնելով՝ դահլիճում գտնվող հարազատները սկսել էին գոռգոռալ եւ հարվածել ապակիներին: Կարգադրիչները հեռացրել էին հարազատներից մի մասին: Պաշտպանները ավելի ուշ ահազանգել էին, որ իրենց պաշտպանյալներին դատարանի նկուղում ծեծի են ենթարկել:
Գործով տուժողներ են ճանաչվել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը, Սմբատ Բարսեղյանը, Գագիկ Եղիազարյանը եւ Մխիթար Ավետիսյանը: