19:25  ,  3 սեպտեմբերի, 2017

Արթուր Պետրոսյան. Պետք է այնքան ուժեղ լինենք, որ վերջին րոպեներին գոլ բաց չթողնենք

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նախախաղային ասուլիսում անդրադարձավ դանիացիների դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանն ու Ռումինիայի թիմից 3 օր առաջ կրած պարտությանը:

«Վաղը դաշտ ենք դուրս գալու հաղթելու համար: Ռումինիայի դեմ խաղում մինչեւ կարմիր քարտը կարողանում էինք ինչպես լավ պաշտպանվել, այնպես էլ գրոհել: Հեռացումից հետո փոխեցինք մարտավարությունը եւ դարձյալ սկսեցինք խաղալ 4 պաշտպանով: Կարծում եմ՝ 5 պաշտպաններով դասավորությունը հաջող էր ստացվում:

Ռումինիայի դեմ խաղում մոտ 40 րոպե մրցակիցն ուներ թվային առավելություն եւ այդ ընթացքում մեծ ճնշում էր գործադրում: Ես չցանկացա դաշտ դուրս բերել պաշտպանի, քանի որ պետք է պայքարեինք միավորի համար: Վերջնամասում բաց թողած գոլը հոգնածության պատճառով էր: Դա ոչ թե ֆիզիկական պատրաստվածության խնդիր էր, այլ հոգեբանական ու 10 հոգով խաղալու: Վերջնամասում ճնշումը շատ մեծ էր:

Գրիգոր Մելիքսեթյանը շատ բարձր մակարդակի խաղ անցկացրեց, եւ ուրախ եմ նրա համար: Հուսով եմ՝ նա կշարունակի նույն կերպ:

Տիգրան Բարսեղյանը մեծ աշխատանք կատարեց: Եթե լիներ եւս մեկ փոխարինման հնարավորություն, կփոխարինեինք նրան, սակայն Գոռ Մալաքյանը առողջական խնդիրներ ուներ: Գոռը մկանային վնասվածք էր ստացել, այդ պատճառով փոխարինեցինք: Կարծում եմ՝ նա չի հասցնի վերականգնվել մինչեւ վաղվա խաղը: 

Սարգիս Ադամյանը կարող է օգտակար լինել թիմին: Դաշտում անցկացրած 20 րոպեների ընթացքում նա ցուցաբերեց մեծ նվիրվածություն: Կամո Հովհաննիսյանի հետ ամեն բան նորմալ է, նա վնասվածք չի ստացել:

Գաել Անդոյանը չխաղաց, քանի որ երկար ժամանակ հանդես չէր եկել: Արտակ Գրիգորյանը մեծ ուժ է մեզ համար իր աշխատանքի ու նվիրվածության շնորհիվ:

Կարծում եմ՝ Հենրիխ Մխիթարյանը շատ լավ խաղ ցուցադրեց եւ ահռելի աշխատանք կատարեց թիմի համար: Եթե նայեք վիճակագրությունը, կտեսնեք, որ ամենաշատը Հենրիխն է աշխատել եւ վազել դաշտում: Դրա համար մենք ամեն խաղում նրանից սպասում ենք 3 գոլային փոխանցում եւ ամենաքիչը 2 գոլ. սա թիմային խաղ է: Հենրիխը պետք է օգնի թիմին, իսկ թիմը՝ նրան: Հասկանալի է, երկրպագուների սպասելիքները շատ մեծ են, մերը՝ նույնպես, բայց նորից կկրկնեմ, նա ահռելի աշխատանք կատարեց թիմի համար:

Հիմա չեմ կարող ասել, թե վաղն ինչ տակտիկա ենք ընտրելու: Ֆուտբոլիստները պետք է լիովին վերականգնվեն, դրանից հետո որոշում կկայացնենք:

Ինչպես բոլոր խաղերում, այնպես էլ վաղը հանդես ենք գալու միայն հաղթանակի համար: Մեզ մոտ մի քիչ հիասթափություն կա, իսկ մրցակիցը լավ տրամադրություն ունի Լեհաստանի նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակից հետո: Պետք չէ մոռանալ, որ Դանիայի համար միշտ բարդ է եղել Հայաստանում խաղալը:

Համաձայն եմ, որ ունենք կենտրոնական պաշտպանի դիրքի խնդիր: Այդ դիրքում չկան շատ խաղացողներ եւ մրցակցությունը: Իրոք, այս պահին լուծում չունեմ, որ ձեզ պատասխանեմ: Մրցակցությունը դա ֆուտբոլի հիմքն է: Եթե թիմում չկա մրցակցություն, ուրեմն առաջընթաց չի լինի: Պետք է այնքան ուժեղ լինենք, որ վերջին րոպեներին գոլ բաց չթողնենք: Այսինքն՝ մեր խաղը պետք է բալանսավորված լինի բոլոր օղակներում:

Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա ինչպես գիտեք, իմ պայմանագիրը մինչեւ հոկտեմբերի 15-ն է: Դա իմ ցանկությունն էր, քանի որ պարոն Հայրապետյանը ցանկանում էր 3 տարվա պայմանագիր առաջարկել ինձ: Սակայն ես չգիտեի, թե ինչպես է ստացվելու իմ աշխատանքը հավաքականում, դրա համար ավելի զգուշորեն մոտեցա այդ հարցին: Մենք դեռ ժամանակ ունենք ֆեդերացիայի նախագահի հետ այդ թեմայով խոսելու: Եթե ստացվի, մեր ծրագրերը կապված են նաեւ առաջիկա 2 տարիների եւ հաջորդ ընտրական փուլի հետ:

Երկրպագուներին կոչ եմ անում, որ գան ստադիոն եւ աջակցեն մեզ: Շատ հաճելի էր Ռումինիայում տեսնել հայ երկրպագուների:

Անատոլի Այվազովի առջեւ հավաքականի դռները փակված չեն: Ես մարզիչ եմ եւ աշխատելու եմ  բոլոր այն խաղացողների հետ, որոնք պետք են հավաքականին: Ես մարզիչ եմ եւ ինձ թույլ չեմ տա անել այդպիսի արտահայություն»,- ասաց Արթուր Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Դանիա խաղը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Սեպտեմբերի 1-ին Հայաստանի հավաքականը Բուխարեստի «Արենա Նացիոնալա» ստադիոնում նվազագույն հաշվով պարտվել էր Ռումինիայի թիմին, որի հաղթական գոլը խփել էր ավելացված ժամանակում: Պետրոսյանի թիմը 54-րդ րոպեից խաղում էր 10 խաղացողներով:

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով