211652_close_icon
views-count2439 դիտում article-date 22:53 07-03-2019

Արմեն Բաբախանյան. «Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նորովի վերածնում է շատ հետաքրքիր գործեր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի՝ Տերտերյան ֆեստի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ դաշնակահար Արմեն Բաբախանյանը։ Համերգային ծրագրում հնչեցին Էդգար Հովհաննիսյանի Պասակալիան «Անտունի» բալետից, Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը և Հարո Ստեփանյանի Դաշնամուրի կոնցերտը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ տեղի էր ունեցել նաև Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նախորդ սիմֆոնիկ համերգը. դիրիժորը նկատում է, որ հանդիսատեսը մեծ սիրով ու ոգևորությամբ է ընդունում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նա նաև ընդգծում է, որ այս հարցում մեծ դեր ունեն ստեղծագործությունների կատարումները։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակներից մեկը մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները թվայնացնելն ու սերունդների համար պահպանելն է։ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը պեղել-գտել է Հարո Ստեփանյանի Դաշնամուրի կոնցերտի նոտաները, խմբագրել, հասցրել այսօրվա ելույթին։ Բավականին գեղեցիկ ստեղծագործություն է։ Այս կոնցերտը մի քանի տասնամյակ չի հնչել։ Համերգի ընթացքում կներկայացվի Էդվարդ Միրզոյանի վաղ շրջանի գործերից մեկը՝ «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը։ Մենք գիտեինք այս ստեղծագործության մասին մասին, սակայն այն չէր հնչում։ Կկատարենք նաև Էդգար Հովհաննիսյանի հանճարեղ «Անտունի» բալետի Պասակալիան։ «Անտունին» 1970-ական թվականներին ներկայացվում էր մեր թատրոնում»,- ասաց Ռուբեն Ասատրյանը՝ ընդգծելով, որ մենք շատ հարուստ կոմպոզիտորական դպրոց ունենք՝ բարձրարժեք ստեղծագործություններով։ Նա, անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, նշեց, որ նվագախմբի ստեղծման օրից հետևում է կոլեկտիվի զարգացմանը, որտեղ իր նախկին սաներն են նվագում, բոլորը պրոֆեսիոնալներ են և առաջատար երաժիշտներ: Դաշնակահար Արմեն Բաբախանյանը նկատում է, որ ինքը գիտեր Հարո Ստեփանյանի դաշնամուրային կոնցերտի մասին, բայց նոտաները չկային։ «Ընդամենը մի անգամ կատարվել է շատ վաղուց՝ խորհրդային տարիներին։ Ուղղակի ապշած եմ. բացի այն, որ կոնցերտը բավականին բարդ ստեղծագործություն է, այն նաև շատ արժեքավոր է։ Եվ ես ուրախ եմ, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս փառատոնի միջոցով ներկայացնում է ստեղծագործություններ, որոնք ցավոք այս կամ այն պատճառներով մոռացված են։ Մենք հայ կոմպոզիտորական դպրոցում ունենք հսկայական թվով մոռացված ստեղծագործություններ, և նման նախագծերը նորովի վերածնում են շատ հետաքրքիր գործեր։ Վստահ եմ, որ Հարո Ստեփանյանի դաշնամուրային կոնցերտը կգտնի իր տեղը ցանկացած դաշնակահարի երկացանկում»,- նշեց Արմեն Բաբախանյանը։ Մարտի 12-ին տեղի կունենա Տերտերյան ֆեստի փակման համերգը։ Երեկոյի ընթացքում կներկայացվեն մեր կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից Ավետ Տերտերյանի թիվ 7 և թիվ 8 սիմֆոնիաները։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ [b]Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր