Կաթնաշոռ արտադրող ընկերություններն արձագանքել են խախտումների մասին հրապարակմանը

Կաթնաշոռ արտադրող ընկերություններն արձագանքել են խախտումների մասին հրապարակմանը

PanARMENIAN.Net - Մարտի 15 ին «Հետքը» հրապարակել էր հոդված, ըստ որի՝ մարտի 2-ին փորձաքննության ներկայացված շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում չեն հայտնաբերվել խախտումներ։ Կաթնաշոռ արտադրող որոշ ընկերություններ, որոնց արտադրանքը ևս ներկայացվել էր փորձաքննության, արձագանքել են խախտումների մասին հրապարակմանը։

Մասնավորապես «Երեմյան Փրոդաքթսը» նշել է, որ ունի սեփական լաբորատորիա, որտեղ կաթը ֆերմաներից հասնում է հատուկ սառնարանային մեքենաներով, կաթի ընդունման պահին կատարվում է նմուշառում, նմուշն անցնում է ֆիզիկաքիմիական, օրգանոլեկտիկ և մանրէաբանական հետազոտություններ։

«Այս հետազոտությունները պարտադիր կերպով իրականացվում են արտադրության յուրաքանչյուր փուլից առաջ և հետո։ Անպայմանորեն հետազոտվում է նաև արդեն պատրաստի արտադրանքը, որը սպառման կետեր ուղարկվում է միմիայն համապատասխան ցուցանիշներ ունենալուց հետո։ Պատրաստի արտադրանքում անգամ մեկ խախտում հայտնաբերելու դեպքում՝ տվյալ խմբաքանակը պարզապես դուրս չի գալիս գործարանից և ամբողջությամբ ոչնչացվում է։ Բացի մեր սեփական լաբորատորիան՝ մենք համագործակցում ենք Հայաստանում պետական հավատարմագրում ունեցող այլ լաբորատորիաների հետ, որոնց պարբերական ստուգումների միջոցով ևս խստագույնս վերահսկում ենք արտադրանքի բարձր որակը։ Հետևաբար, շուկայում այս պահին առկա կաթնամթերքի ամբողջ խմբաքանակը համապատասխանում է սննդի անվտանգության բոլոր չափանիշներին և պահանջներին»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Նշվում է, որ հայտանբերված խախտումները կարող են լինել երկրորդային և անգամ երրորդային շղթայում թույլ տված սխալների, կաթնամթերքի պահպանման հետ կապված թերացումների արդյունք։

Ընկերությունից նշել են, որ պատրաստ են հրապարակային ստուգումների, ցանկացած տեսակի հետազոտությունների՝ սպառողներին արժանահավատ արդյունքներով ներկայանալու համար։

Արձագանքել է նաև «Դուստր Մարիաննա» ընկերությունը, որի «Մարիաննա» կաթնաշոռը նույնպես չէր համապատասխանել սահմանված նորմերին։

Նշվում է, որ գործող օրենսդրությամբ կաթնաշոռի մեջ թույլատրվում է բորբոսասնկերի և խմորասնկերի որոշակի քանակ, «ոչ թե իսպառ բացակայություն»:

«Գործարանից թողարկվող արտադրանքը միանշանակ իր բոլոր ցուցանիշներով համապատասխանում է ստանդարտի պահանջներին։ Այլ է, երբ չպահպանվեն ջերմային ռեժիմները, այդ դեպքում նշված մանրէները շատ արագ զարգանում են։ Բոլորս հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես է կաթնամթերքը, նախքան սառնարանում տեղադրվելը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով երկար ժամանակ մնում վաճառակետի սրահում կամ ինչպես են սպառողները վերցնում շուտ փչացող մթերքը, ապա ինչ-ինչ պատճառներով չցանկանալով գնել այն, թողնում են որտեղ որ պատահի` այդ պահին մոտակա հարմար դարակաշարին։

Պատճառը միանշանակ է պահման ջերմային ռեժիմի խախտում, իսկ թե որ փուլում է դա տեղի ունեցել, մենք անպայման կպարզենք նմանատիպ դեպքերը բացառելու համար»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---