Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Գնացքը գնում է, ժամանակ չունենք». Հաց բերողը շտապում էր (տեսանյութ)

Հասարակություն
hac-berox

Հաց բերողի՝  Արթուր Սարգսյանի  մահից հետո նրա նկարը հատուկ տեղ է զբաղեցնում  Հիմնադիր խորհրդարանի  անդամ Սյուզան Սիմոնյանի տանը:  «Այս նկարը ես նկարել եմ, երբ նա հացադուլից հետո հիվանդանոցում էր, չէր ուզում,  որ նկարեի»,- «Ա1+»-ին ասաց Սյուզան Սիմոնյանը:   Նա իր տան իրերից առանձնացնում է այս բազկաթոռը՝ նրա վրա եւս Արթուր Սարգսյանն է նստել. «Այս անկյունը ինձ համար սրբության սրբոց է»: Այսօր հաց բերող Արթուր Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 49 տարեկան: Նա հանրությանը հայտնի դարձավ հուլիսի 26-ի  առավոտյան, երբ իր անձնական մեքենայով ճեղքեց Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրեց 10 օր այնտեղ գտնվող «Սասնա Ծռերին»:   «Արթուրը կատարեց հենց այն արժեքների հեղափոխությունը, որի մասին մենք քանի տարի է խոսում ենք եւ ձգտում ենք դրան: Արժեքային համակարգում շատ մեծ բան փոխվեց: Նրա անձնազոհությունը մերձավորի նկատմամբ սթափեցրեց, ցնցեց բոլորին: Միայն  նա չէր, որ հաց տարավ տղաներին, նա հացը տարավ եւ դարձավ Սասնա ծուռ, նա ծռից էլ ծուռ էր»,- ասում է Սյուզան Սիմոնյանը:     Հուլիսի 31-ին Արթուր Սարգսյանը   «Սասնա ծռեր»-ի հետ հանձնվեց, կալանավորվեց։ Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեկտեմբերի 30-ին նրա  խափանման միջոցը փոխվեց: Երկրորդ անգամ  նա կալանավորվեց փետրվարի 9-ին ՝քննչական մարմին չներակայանալու համար: Նա անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչն ավելի խորացրեց նրա առանց այդ էլ ծանր առողջական վիճակը: Մարտի 6-ին Գլխավոր դատախազի որոշմամբ փոխվեց Արթուր Սարգսյանի խափանման միջոցը, որից 10 օր հետո հիվանդանոցում մահացավ:  «Արթուր Սարգսյանը չէր վախենում մահից», -ասում է  Սյուզան Սիմոնյանը՝  նշելով, թե նույնիսկ չէր լսում հորդորները՝ հետեւելու իր առողջական վիճակին. «Նա ձեռքը թափ էր տալիս եւ ասում, դու չես հասկանում, գնացքը գնում է եւ մենք ժամանակ չունենք, նա շտապում էր, անընդհատ շտապում էր»: Արթուր Սարգսյանը չկարողացավ նաեւ ավարտին հասցել իր ցանկությունը՝ ՊՊԾ գնդում գտնվելու ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների եւ դեպքերի վերաբերյալ գիրք գրել: Սյուզան Սիմոնյանը հստակ գիտի ո՞վ է մեղավոր Հաց բերողի մահվան մեջ. « Սերժ Սարգսյանը երբեք չի ներում այն մարդկանց, որոնք իրենց ողջ հզորությամբ կանգնում են իր առջեւ եւ կոտրում են այն փշալարերը եւ այն կեղծ ամրոցը, որը նա փորձում է կառուցել՝ մեր հանրության աչքերին թոզ փչելով:  Նա չի ներում այդ մարդկանց: Այդպիսի մարդ է նաեւ Ժիրայր Սեֆիլյանը եւ շատ-շատերը»:     Առաջարկ է ներկայացվել  Արթուր Սարգսյանի ծննդյան օրը նշել  որպես Հաց բերողի օր եւ  օգոստոսի  9-ին  սնունդ նվիրել դրա կարիքը ունեցողներին