Փաշինյան. Ամուլսարի հարցով այս պահին անառարկելի փաստեր չկան

Փաշինյան. Ամուլսարի հարցով այս պահին անառարկելի փաստեր չկան

PanARMENIAN.Net - Ամուլսարի շահագործման վնասների վերաբերյալ այս պահինանառարկելի փաստեր չկան՝ կան խախտումներ, մտահոգություններ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին:

Նա նշել է, որ Բնապահպանական տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել Ամուլսարի հանքավայրում, որի արդյունքները հնարավորություն են տալիս գալ միջանկյալ եզրակացության, սակայն վերջնական եզրակացության համար անհրաժեշտ է միջազգային փորձաքննություն իրականացնել։

Արդեն տևական ժամանակ է՝ Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական և բնապահպանական խմբերը փակ են պահում դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինաշախատանքներին:

Խոսելով հանքավայրի շահագործման հեռանկարների մասին՝ Փաշինյանն կարևորել է, որ կառավարության որոշումները հիմնված լինեն անառարկելի փաստերի վրա։ «Քրեական գործ կա հարուցված։ Քննչական կոմիտեն պետք է փորձաքննություն նշանակի: Կարևոր է, որ փորձաքննությունն անցկացվի միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից, որի արդյունքները ընդունելի կլինեն և Հայաստանի, և միջազգային հանրության կողմից», - ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ հարկավոր է փարատել բոլոր կասկածները՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական։

«Որոշումները պետք է կայացվեն միայն փորձաքննության հիման։ Այս պահին անառարկելի փաստեր չկան, կան որոշակի խախտումներ, մտահոգություններ, բայց մեզ հարկավոր են փաստեր, և այդ փաստերի հավաքագրումը շարունակվում է», - նշել է Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ամուլսարից օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման փաստով քրգործ է հարուցվել: Ուսումնասիրության արդյունքում պարզվել են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ամուլսարի ոսկեբեր երկրորդային քվարցիտների հանքավայրի լեռնահատկացման ԼՎ-245 ակտի սահմաններում ընկերության կողմից ընդերքի ապօրինի օգտագործման փաստեր:

Մինչ այդ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն առաջարկվել էր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---