Մեկնարկել է Աննա Հակոբյանի այցն ԱՄՆ

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը:

ՀՀ վարչապետի տիկինն ԱՄՆ կոնգրեսում մասնակցել է իրեն նվիրված երեկոյի, հանդիպում է ունեցել կոնգրեսականների հետ: Երեկոյի ընթացքում Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել, որում ներկայացրել է Հայաստանի ձեռքբերումներն ու ընդգծել, որ երկիրը լիարժեք ժողովրդավարության եւ իրական տնտեսական աճի ապահովման ճանապարհին է, եւ այդ ճանապարհին ողջունելի է յուրաքանչյուր աջակցություն Հայաստանի բարեկամների կողմից:

Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրն ընդգծել է, որ Կոնգրեսն իր կողմից ամեն ջանք կգործադրի, որպեսզի Միացյալ Նահանգները Հայաստանին արժանի աջակցություն ցուցաբերի թե տնտեսական, թե քաղաքական առումով: «Մենք ուզում ենք համոզված լինել, որ Հայաստանում ժողովրդավարությունը ոչ թե կպահպանվի, այլ որ այն կբարգավաճի եւ երկիրը լիարժեք զարգանա», -ասել է Սփիրը:

Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: «Մեզ անհրաժեշտ է մեր երկրների գործընկերությունը նոր մակարդակի բարձրացնել, որպեսզի օգնենք ձեր հրաշալի կառավարությանը հաջողության հասնել», – նշել է Շիֆը:

Աննա Հակոբյանը կոնգրեսականներին ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, որի շրջանակներում հայ կանայք կոչ են անում աշխարհի բոլոր, այդ թվում՝ Ադրբեջանի կանանց, իրենց ձայնը բարձրացնել հանուն խաղաղության, որպեսզի սահմանում չզոհվեն երիտասարդներ եւ ոչ մի կողմից:

«Ով, եթե ոչ կանայք, մայրերը առավել սուր են ապրում երեխա կորցնելու վիշտը եւ ով, եթե ոչ կանայք, մայրերը, պետք է իրենց ձայնը բարձրացնեն հանուն խաղաղության», – ասել է ՀՀ վարչապետի տիկինը:

Աննա Հակոբյանի այցն ԱՄՆ սկսվել ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի այցելությամբ, որտեղ նրան ներկայացրել են գրադարանում գտնվող հայկական գրականության նմուշները:

Այնուհետև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը ՀՀ վարչապետի տիկինը հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Աննա Հակոբյանն ընդգծել է, որ Հայաստանում հեղափոխությունից հետո ամեն ինչ սպասվածից նույնիսկ ավելի լավ է ընթանում: Նրա խոսքով՝ Հայաստանը Սփյուռքի կարիքն ունի, սակայն, նոր իրավիճակում Սփյուռքից այլ օգնություն է ակնկալվում:

Երկու շաբաթից ավելի տեւողությամբ Միացյալ Նահանգներ իր այցի ընթացքում Հայաստանի վարչապետի տիկինը փորձելու է գումարներ հանգանակել «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների համար, որոնք զբաղվում են կրթաթոշակների եւ անապահով ընտանիքներին օգնությամբ, ինչպես նաեւ՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժօգնության ֆինանսավորմամբ: Բոստոնում, Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում Աննա Հակոբյանը հանդիպելու է նաեւ հայ համայնքի հետ:

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի խոսքով, այցի հիմնական նպատակներից մեկն է ներգրավել ԱՄՆ-ի հայ համայնքը բարեգործական հիմնադրամի գործունեության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս